Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ Է ԱՄԵՆ ՀԱՅ, ՄԱՐԴԻԿ ԲԱՐԵԿԻՐԹ ԵՆ

Հուլիս 04,1998 00:00
stver

Ամառը արեւահարվելու, ասել է թե՝ սեւանալու շրջան է։ Ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ բժիշկների կարծիքը միանշանակ չէ։ Մի մասը պնդում է, թե «զագար» կոչվածը լավ է մաշկի ու առողջության համար։ Մյուսները մասնագիտական սովորության համաձայն պնդում են, թե «զագարը» վտանգավոր է ձեր… Այնուամենայնիվ, ինչպես միշտ, այս ամառ էլ բոլորս մի փոքր սեւանալու նպատակ ունենք։ Եվ ինչպես միշտ՝ տարվա եղանակին ու մեր նպատակներին տրամագծորեն հակառակ հոգսեր ունեն մեր իշխանավորները։ Նրանք ե՛ւ իրենց, ե՛ւ հանրապետության տնտեսությունը սպիտակեցնելու խնդիր ունեն։ «Պաբելկայի» գործընթացը սկսեցին Ազգային ժողովի պատգամավորները։ Ընդամենը երկու ամիս առաջ համարյա մերժեցին պատերազմի ու աշխատանքի վետերանների նպաստները բարձրացնելու նախագիծը։ Իսկ երկու շաբաթ առաջ փորձեցին բարձրացնել սեփական աշխատավարձերը։

Հանրապետության նախկին վարչապետներից մեկին ուղղված «որտեղից Ձեզ ծխախոտի փող» հարցն այնքան անհեթեթ պատասխանի արժանացավ, որ այլեւս այդ մասին գերադասում են չհարցնել։ Այն, որ այսօր ոչ մի իշխանավորի այդ հարցը չի տրվում, դեռ ոչինչ չի նշանակում։ Հարցի հեղինակ պատգամավորը սկսել է մասնակցել խորհրդարանի նիստերին եւ ցանկացած պահի կարող է վերհիշել ու վերաձեւակերպել նույն հարցը։ Մեր պատգամավորների մի մասը սեփական 50-150 դոլարանոց փողկապներն ու թանկարժեք կոստյումները լեգիտիմացնելու խնդիր ունի։ Սեփական աշխատավարձը 450 դոլար դարձնելու փորձը հանդիպեց կառավարության լուրջ դիմադրությանը եւ տապալվեց։ Կառավարության հիմնավորումը շատ պարզ էր՝ բյուջեում նման փողեր չկան։ Պաբելկայի գործընթացը խորհրդարանում տապալելուց հետո կառավարությունը ձեռնամուխ եղավ տնտեսության պաբելկայի գործին։ Վարչապետն ու տնտեսական ղեկավարությունը անցած շաբաթ հանդիպեցին գործարարների հետ։ Հանդիպեցին ու խոսեցին ստվերային տնտեսության կործանարար չափերի մասին։ Միանգամից պարզվեց, որ սպիտակեցման կարիքը համընդհանուր է։ Ցանկացած մեկը կարող է վերցնել ու այդ խնդիրը համապետական հայտարարել։

Մեր հասարակությունը համարյա ամբողջությամբ լեգիտիմության խնդիր ունի։ Իշխանավորները կարիք ունեն լեգիտիմացնելու իրենց հագուկապը, ունեցվածքը։ Իսկ շարքային քաղաքացիները՝ մուծումները։ Հասարակությունն ամբողջությամբ հայտնվել է անհեթեթ վիճակում։ Այնտեղ, որտեղ ծնվել է յուրաքանչյուր հայ, մարդիկ ծայրաստիճան բարեկիրթ են։ Մեզանից ամենաբարեկիրթը հարկային տեսուչներն են։ Նրանք մեզ երբեք չեն անհանգստացնում անհարմար հարցերով։ Պատկերացնում եք, ինչ վիճակ կստեղծվեր, եթե հարկային տեսուչները բախեին ցանկացած քաղաքացու տան դուռը եւ հարցնեին. «Բացատրեք խնդրեմ, որտեղից ձեզ հոսանքի, կոմունալ ծախսերի, հարկերի դիմաց վճարած փողը»։ Հասարակությունն անմիջապես կհայտնվեր անելանելի վիճակում։ Այդ հարցին չէին կարողանա պատասխանել անգամ բարձր աշխատավարձ ստացող չինովնիկները։ Ամսական 60 դոլար աշխատավարձ ստացող պատգամավորը կարողանում է ընտանիք պահել, շքեղ հագնվել ու մուծել պետական հարկերն ու կոմունալ վարձերը։ Նախարարները նույն գործն անում են 80 դոլար աշխատավարձով։

Հենց այս պատճառով էլ վերջին տարիներին մեր քաղաքական գործիչների ու պետական այրերի բառապաշարից իսպառ բացակայում է բարոյականություն հասկացությունը։ Մեր բնածին բարեկիրթ բնույթը թույլ չի տալիս բարոյականությունից խոսել։ Ուստի եւ խոսում ենք բացառապես ազգային արժեքներից։ «Որտեղի՞ց ձեզ թանկարժեք ծխախոտի փող» հարցին չինովնիկները պատասխանում են՝ «ազգային արժանապատվության տեսանկյունից վայել չէ, որ հանրապետությունը ներկայացնող պաշտոնյան թշվառ տեսք ունենալ»։ «Ի՞նչ պայմաններով վաճառվեց կոնյակի գործարանը» հարցին պատասխանում են՝ «Ազգային շահերի ու արժանապատվության տեսանկյունից վաճառվեց»։ Բարոյական խնդիրները «ազգայնացնելն», իհարկե, ֆինանսական լեգիտիմության հարցը չի լուծում։ Հատկապես մեր պարագայում, երբ ֆինանսական լեգիտիմության խնդիր ունեն հոսանքի վարձը մուծած քաղաքացուց մինչեւ հանրապետության բյուջեն։ Բյուջեն էլ մեզ նման «օրինական» ստացածից ավելի է ծախսում։ Սա էլ ծնել է տնտեսությունը սպիտակեցնելու անհրաժեշտություն։ Գործարարները հրավիրվել էին կառավարություն։ Այնտեղ նրանց Գոգոլի «Ռեւիզորի» նման հայտնեցին «տհաճագույն» լուր։

Լուրը երկու մասից էր բաղկացած, նախ՝ կառավարությունը որոշել է պայքարել ստվերային տնտեսության դեմ, երկրորդ՝ կառավարությունը որոշել է ջենթլմեն չլինել։ Վարչապետ Ա. Դարբինյանն այդպես էլ հայտարարեց՝ հարկային օրենսդրության 22-րդ կետից չօգտվելը վերագրել ոչ թե անճարակությանը, այլ ջենթլմենությանը։ Ֆինանսների նախարարն ավելի առաջ գնաց՝ նշելով, որ 22-րդ հոդվածի «գործելակերպը» շուտով պիտի ուժեղացվի։ Գործարարները տարակուսած էին ու թեւաթափ։ Կարելի էր կարծել, թե կառավարության մասին նրանց պատկերացումները բոլորովին այլ էին։ Գործարարներն այնքան նայիվ չէին, որ մտածեին, թե կառավարությունը ստվերային տնտեսությանն օժանդակելու նպատակով է ձեւավորվել։ Նրանց կարծիքով, կառավարությունն արհեստավարժ էր, բայց պարզվեց, որ սկի ջենթլմեն չի ուզում լինել։ Կառավարությունը շատ վճռական էր։ «Պետության համար կործանարար է այդ չհարկվող շրջանառությունը»,- ասում էին նրանք։ Կառավարությունը ներկայացված էր երեք պաշտոնատար անձով՝ վարչապետ Ա. Դարբինյան, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդ. Սանդոյան, հարկային տեսչության պետ Ա. Թումանյան։

Այդ երեքից երկուսի համար խոսելը չափազանց հեշտ է։ Նրանք ֆինանսական լեգիտիմության կարիք չունեն։ Երկուսն էլ մի քանի տարի աշխատել են հանրապետության Կենտրոնական բանկում։ Բեղմնավոր են աշխատել եւ ամսական 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստացել։ Այդ բարձր աշխատավարձով գործը թողնելն ու 40 հազար դրամ աշխատավարձով նախարարական աշխատանքի անցնելը հնարավոր է հայրենասիրության նորօրյա ամենավառ դեպքերից մեկն է։ Այսօր նրանց համար շատ հեշտ է պայքարել ստվերային տնտեսության դեմ։ Նրանք կարող են եկամուտների հայտարարագրեր լրացնել ու ապացուցել, որ լույսի վարձը մուծել են օրինական աշխատավարձից։ Մի բան, որ ի վիճակի չեն անելու մեզանից շատ-շատերը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031