Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 04,1998 00:00
Armen Shekoyan

Մարդը ազատ է. նա ի՛նքն է հատուցում իր հավատի, անհավատության, սիրո, խելքի համար։

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Վերջին տասնամյակի մեր միտինգային ժամանակներում բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես եւ ինչ խոսքերով են մեր քաղաքական գործիչները Ազատության հրապարակից սահուն թռիչք կատարել դեպի բարձրագույն աթոռներ եւ ինչպիսի խոսքեր ու ելույթի տեքստեր են մեզ հրամցրել (դարձյալ վերոհիշյալ հրապարակում) պաշտոնանկ լինելուց հետո։

Իհարկե, ոչ բոլոր նախկին դարձած պաշտոնյաներն են համարձակվում վերադառնալ հին հարթակ. դա անելու համար ոչ միայն որոշակի համարձակություն է հարկավոր, այլեւ՝ պնդերեսություն։ Եվ քանի որ մեր գործիչների մեծ մասը համարձակության մշտական սինդրոմ ունի, մնում է միայն երեսի, ավելի ճիշտ՝ աներեսության խնդիրը։ Այստեղ, մեր կարծիքով, դժվարը առաջին օրն է։ Երբ պաշտոնանկ եղածը վերստին բարձրանում է հարթակ, առաջին րոպեներին նրա ձայնը մի թեթեւ դողում է, որովհետեւ ժողովրդի շարքերում տեղում ի հայտ են գալիս սուլողներ։ Բայց այն պահից ի վեր, երբ ժողովրդի միջից (տեղում) ի հայտ են գալիս նաեւ սուլողներին ակտիվ սաստողներ, ահա այդ պահից սկսած՝ հռետորի ձայնից իսպառ չքվում է դողը, եւ վերադառնում է ինքնավստահությունը, եւ իրականանում է «Անառակ որդու վերադարձը» հերթական սրտաճմլիկ էպոպեան։

Մի պահ ժողովրդին այնպիսի զգացում է համակում՝ կարծես ինքն ու իր գործիչն իրարից երբեւէ անջատ չեն եղել, եւ երբեւէ իր գործիչը որեւէ պաշտոնի չի եղել, եւ միշտ այսպես միասին են եղել՝ նույն հոգսերով ու նույն մտահոգությամբ։ Ահա թե ինչ բան է հիպնոսը. քաղաքական հիպնոսը՝ առանձնապես։ Եվ եթե մտածում եք, թե հատկապես մեր հռետորն է հիպնոսողը, առնվազն կիսով չափ սխալվում եք, որովհետեւ ժողովուրդն էլ ի՛ր հերթին է հիպնոսում հռետորին։ Այսինքն՝ սա փոխադարձ ու փոխկապակցված գործընթաց է, քանզի հանրահավաքների մեր ժողովուրդը երբեւէ կրավորական կամ պասիվ հայեցողի դերով չի բավարարվել եւ սահմանափակվել։ Եվ հաճախ պատահած բան է, երբ ժողովուրդը, դիրիժորական փայտիկը հռետորից խլելով, ինքն է որոշել հանրահավաքի ընթացքն ու ուղղությունը։

Եվ ահա նույն այդ ժողովուրդը, մեկ անգամ արդեն պաշտոնի ղրկած լինելով իր հռետոր լիդերին եւ արդեն խորապես հիասթափված լինելով նրանից, այնուամենայնիվ, վերստին մեծահոգություն ու ներողամտություն է հանդես բերում եւ արդեն իսկ պատրաստ է հերթական անգամ մի նոր պաշտոնով փորձել ճառասացին։ Հանուն այդ նպատակի ժողովուրդը գործի է դնում հիպնոսելու ի՛ր ունակությունը, որպեսզի ճարտասանին ներշնչի, թե վերջինս դեռեւս վերջնականապես չի փչացել եւ դեռեւս կարող է ծառայել իր ժողովրդին։ Պետք է նաեւ նկատել, որ ժողովուրդը երբեմն այս ամենն անում է ոչ թե մեծահոգությամբ ու հավատով՝ առ հարթակի անձնավորությունը, այլ՝ պարզապես ուրիշ ելք չի ունենում։

Այսինքն՝ եթե Կոնյակի գործարանի գործարքը Սադոյանի հետ միասին միտինգով կանխելու փորձեր են անում Եգորյանն ու Վահագն Խաչատրյանը, ժողովուրդն ի՞նչ պիտի անի. չպիտի՞ հավատա նրանց։ Ասենք թե՝ չհավատաց, հետո՞։ Հասկանալի է՝ Եգորյանից առավել ազնիվներին պիտի ապավինի։ Բայց նրանց տեսնո՞ւմ է, որ ապավինի։ Չէ՞ որ մեր բոլոր ազնիվները կամ արդեն պաշտոնների են, կամ էլ՝ համամիտ են սույն գործարանի հետ կապված գործարքին։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանություններն ու մեր ընդդիմադիրները մշտական ու մեծ մի օղակի մեջ տեղները փոխելով հերթագայում են. լուռ համաձայնությամբ հարթակից մեկը գնում է պաշտոնի, իսկ սրան հարթակում փոխարինելու է գալիս պաշտոնանկը։

Եվ երկու կողմերին էլ այս հերթագայությունը ձեռնտու է, եւ բացառվում է, որ խաղից դուրս գտնվող որեւէ մեկը հայտնվի խաղի մեջ, եւ բացառվում է, որ իշխանություն կամ ընդդիմություն թափանցի օղակից դուրս գտնվող որեւէ կողմնակի մեկը, ասենք՝ «Ուխտի» Ռաֆիկ Համբարձումյանը կամ այլ մի ժողգործիչ։ Մի կողմից ստացվում է, որ ժողովուրդն իսկապես որոշ չափով իշխանության տեր է եւ իշխանությունը հրամցնում է նրան, ում կամենում է։ Մյուս կողմից էլ՝ ժողովուրդը ընտրության շատ մեծ հնարավորություն չունի եւ իշխանություն է տալիս միայն նրանց, ում շատ թե քիչ ճանաչում կամ հավատում է, այսինքն՝ նրանց, ում սովորաբար լսել եւ լսում է Ազատության հրապարակում։ Ժողովրդի գործոնն իսկապես գոյություն ունի, բայց դա բնավ չի նշանակում, թե ժողովուրդն է անձամբ նշանակում բոլոր պաշտոնյաներին՝ ռեկտոր, ԲՇԳ-ի պետ եւ այլն։ Բնավ՝ ոչ. դրանք ցածր մակարդակներ են. ժողովուրդը հիմնականում երաշխավորում ու ապահովում է շատ ավելի բարձր պաշտոններ՝ ՀՀ նախագահ եւ այլն։

Այսինքն՝ ժողովուրդը երաշխավորում է մի քանիսին, եւ այս մի քանիսն իրենց շրջապատով դառնալով իշխանություն՝ անմիջապես սկսում են «պետություն կառուցել»։ Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ իր շահերն էլի անտեր ու անպաշտպան մնացին, նոր առաջնորդներ է փնտրում։ Եվ, որպես կանոն, այդ նորերը լավ մոռացված հներն են լինում։ Եվ ժողովուրդն ու լավ մոռացված հները, լուռ պայմանավորվելով, որ անցածն արդեն անցած է, եւ միմյանց սխալները երեսով չեն տալու, սկսում են բոլորովին նոր մի շարժում, քանզի երկուստեք հասկանում են, որ անշարժությունը պարզապես մահ է։ Այսպես ժողովուրդն իր հռետորներին է փորձության ենթարկում՝ նրանց ժամանակավոր իշխանություն տալով, եւ Աստված էլ, իր հերթին, ժողովրդին է փորձության ենթարկում՝ խելքի ու ողջամտության իմաստով։

Մի խոսքով՝ բոլորս ենք փորձության մեջ, նաեւ՝ լրագրողները։ Լրագրողները նույնպես իշխանությամբ են փորձվում՝ Չորրորդ իշխանությամբ։ Օրինակ՝ վերջերս մահկանացու (շարքային) մի լրագրող ԱԺ մահկանացու (շարքային) մի պատգամավորից հարցազրույց էր վերցրել՝ ահա նաեւ այս հարցը նրան տալով. «Դուք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած ավերածությունների համար»։ Եվ մահկանացու պատգամավորը սկսում է մեղավոր կմկմալ, քանզի հավանաբար գրաճանաչ էլ չէ եւ տեղյակ էլ չէ, որ իրեն քննող սույն լրագրողն ընդամենը մեկ տարի առաջ Լեւոնին համեմատում էր (գրավոր) Տիգրան Մեծի հետ՝ շտապելով առավելությունը տալ առաջինին։ Այսինքն՝ եթե ուրիշից ապաշխարություն ենք պահանջում, ապա չէր խանգարի, որ յուրաքանչյուրս էլ գոնե թեթեւակի այդ գործով զբաղվեինք, մանավանդ որ՝ պատրաստվում ենք ազգովի՛ նշել մեր քրիստոնեության 1700 տարիները։ Որովհետեւ վաղուց արդեն Սրբերը մեր շարքերում չեն, այլ՝ երկնքում։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031