Արգենտինայի նախագահի այցը լուսաբանելիս միամիտ մի ցանկություն էինք հայտնել, թե թող այսուհետ տարբեր երկրների նախագահներ գան ու գնան։ Դեռ երկու օր էլ չէր անցել մեր այս մաղթանքից, երբ երեկ, օրվա առաջին կեսին Հայաստան ժամանեց Ռումինիայի նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն։ Նախագահներին դիմավորելն ու ճանապարհելը դյուրին գործ չէ։ Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հոգնած էին թվում նախագահի աշխատակազմը, պահապանները, եւ այդ այցը լուսաբանելու լծված լրագրողները։ Հոգնությունը՝ հոգնություն, գործը՝ գործ։ Ռումինիայի նախագահը Բաքու եւ Թբիլիսի կատարած իր այցերից հետո, Թբիլիսիից ժամանեց Երեւան։
Երեւանում նրան դիմավորում էին ոչ այնքան ստվարաթիվ հայ պաշտոնյաները, սակայն, ինչպես միշտ՝ ստվարաթիվ լրագրողական խումբը։ Պարոն Կոնստանտինեսկուն իր հետ պտտում էր ըստ իս անհաջող թարգմանչի։ Վերջինս թարգմանության ընթացքում դժվարանում էր գտնել համապատասխան բառերը, կար նաեւ մեկ այլ թերություն՝ թարգմանությունը կատարվում էր նախագահների խոսքին զուգահեռ, եւ այսպիսով ռուսերենն ու ռումիներենը հնչում էին մի տեսակ սերտաճած։ Օդակայանում լրագրողներին հստակ ցուցում տվեցին, թե չլինի անենք այն, ինչ արեցինք նախորդ այցի ժամանակ։ Իսկ նախորդ այցի ժամանակ արգելաձողերը գրեթե շուռ էինք տվել։ Այս անգամ խոստացանք «չարություն չանել»։
Նախագահի նստավայրում
Մինչ կսկսվեր երկու երկրների նախագահների առանձնազրույցը, լրագրողներին պահում էին դրսում։ Արմենպրեսի լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն էլ պարապ չմնալու համար ծաղիկների մեջ երկու թիթեռ էր տեսել եւ իր լուսանկարչական ապարատով թիթեռների ինտիմ կյանքի տեսարաններն էր լուսաբանում։ … Ի վերջո, ներս մտանք։ Ռոմպրեսի տարիքով թղթակիցը համառորեն Արմենպրեսի իր գործընկերոջն էր փնտրում։ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներից երկուսն էլ, չգիտես ինչու, փորձում էին միահամուռ ուժերով հիշել Ժողովուրդների բարեկամությանը նվիրված որեւէ հայ հեղինակի բանաստեղծություն։ Ոչ մեկս ոչինչ չհիշեցինք, սակայն շատերի շուրթերին Խ. Աբովյանի «Օրհնվի էն սհաթը» արտահայտությունն էր։
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի եւ Նորին գերազանցություն Ռումինիայի նախագահի առանձնազրույցը նախատեսվածից երկար տեւեց։ Կամ խնդիրներն էին թեժ, կամ էլ թարգմանիչն էր ամեն ինչ խճճում։ Թեպետ հանդիպման վերջում Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե իր կոլեգան շատ հետաքրքիր զրուցակից է։ Այդ կարծիքի մասին պրն Կոնստանտինեսկուն իր հերթին ասաց. «Իհարկե, ես չեմ կարող իմ մասին ասել, թե ինչպիսի զրուցակից եմ, բայց առանձնազրույցը ձգվեց ավելի, քան նախատեսված էր։ Երբ երկար բանավեճին հետեւում է կարճ հայտարարություն համագործակցության մասին, դա լավ նշան է։ Ես եկել եմ մի երկիր, որը շատ հաճախ իր ճակատագրով եւ պատմական անցյալով կապված է Ռումինիային։ Մենք կապող կամուրջ ունենք։ Դա հայկական գաղութն է Ռումինիայում, որը շատ հարգված է եւ բարձր դիրք է գրավում երկրում»։
Ստորագրվեց երկու փաստաթուղթ
Ռումինիայի տրանսպորտի նախարար պրն Տրայան Բասեսկուն եւ Հայաստանի տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը ստորագրեցին ՀՀ եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին համաձայնագիր։ Այս առիթով Էմիլ Կոնստանտինեսկուն ասաց, որ մինչեւ տարեվերջ ապրանքափոխանակման ծավալները զգալի չափով կավելանան։ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքը հայտնեց, թե տարածաշրջանն ամբողջությամբ կարիք ունի զարգացման, տրանսպորտի հաղորդակցման եւ այդ ամենը պետք է համահունչ լինի երկու երկրների շահերին։
Արցախի հարցի կարգավորման եւ այլ հարցեր
Երեւան ժամանելուց առաջ Էմիլ Կոնստանտինեսկուն պաշտոնական այցով եղել էր Բաքվում եւ Թբիլիսիում։ Բաքվում Հեյդար Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում Ռումինիայի նախագահն համաձայնագիր է ստորագրել այն մասին, թե ճիշտ կլինի, որ Հայաստանն ընդունի 1996 թ. Լիսաբոնում ընդունված վճիռը։ Օդակայանում այս մասին պրն նախագահին տրված մեր հարցում խնդրեցինք որոշ բացատրություններ տալ։ Էմիլ Կոնստանտինեսկուն մասնավորապես ասաց, թե երկրի նախագահը պարտավոր է դիվանագիտական պատասխան տալ, իսկ թե դա ինչպես կմեկնաբանվի, լրագրողների խնդիրն է։ Ասվեց նաեւ, թե ինքը ծնվել է մի տարածքում, որն այսօր Մոլդովայի մասն է։ Այնուամենայնիվ, ինքը կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման։ Ավելի ուշ Էմիլ Կոնստանտինեսկուն ճեպազրույցում, երբ դարձյալ հնչեց վերոհիշյալ հարցը, ասաց. «Այս ծայրահեղ բարդ հարցում եզրակացությունը կարող է լինել մեկը։ Ի դեպ, ինձ հաջողվեց հենց հիմա շատ լավ հասկանալ հարցը։ Ես վստահ եմ, որ կգտնվի այդ հարցի խաղաղ լուծման մեխանիզմը»։ Նույն հարցին պատասխանելով, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե իրենք՝ պրն Կոնստանտինեսկուի հետ առաջին անգամն են քննարկում այս հարցը, եւ այդ քննարկման ընթացքում փորձ արվեց հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը։
Վերջում՝ զինվորական նորաձեւության մասին
Պաշտոնական պատվիրակությունների ընդունման կարգն այնպիսին է, որ նրանց դիմավորում է զինվորական նվագախումբը եւ հատուկ շարասյունը։ Մեր տղաներն իրենց գործը վատ չէին կատարում, սակայն նրանց հագած հագուստը, մեղմ ասած՝ մի բան չի։ Մի տեսակ գույնը գցած է եւ անորոշ զարդանախշեր ունի։ Կարծում ենք, արժե այս մասին մտածել եւ տղաների համար գեղեցիկ զինվորական համազգեստ ստեղծել։ Ժամանակն է նաեւ զինվորական նորաձեւության տուն ունենալ։ Իսկ ռումինական պատվիրակության կազմում հետաքրքիր աղջիկներ այս անգամ չկային՝ ափսոսանքով նկատեց մերոնցից մեկը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ