Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՆՅԱԿԻՑ ՈՒ ՋՐԻՑ ԱՌԱՎԵԼ՝ ՖՈՒՏԲՈԼԸ

Հուլիս 04,1998 00:00
Arshak Sadoyan

Երեկ Ազատության հրապարակում, ինչպես նախօրոք հայտարարել էր ԱԺՄ-ն, պետք է տեղի ունենար միտինգ՝ նվիրված ավանդական «կոնյակի հարցին»։ Ժամն արդեն լրացել էր (19.30), բայց հրապարակում սովորականի պես վազվզում ու չմուշկներով արձանների շուրջ պտտվում էին երեխաները։ Իսկ լրագրողները (եթե մի քիչ չափազանցնենք) միտինգավորներից շատ էին։ Տեսախցիկներն էլ անհույս սպասում էին… եւ ահա «կադրը». դատարկ հրապարակով դեպի մարդկանց մի փոքրիկ խումբն է գալիս Արշակ Սադոյանը։ Կարճատեւ օվացիա։ «Մենք միայն քեզ ենք հավատում։ Դու էիր, որ ջրի հարցը բարձրացրիր…»։

Եվ «ազգիս հերոսը» կորավ ամբոխիկի մեջ։ Մոռացվեց կոնյակն էլ, ֆրանսիացին էլ։ Ով ինչ դարդ ուներ՝ պատմեց, ով հասցրեց՝ սեղմեց Սադոյանի ձեռքը, ով էլ՝ մեծ հույսով ժպտաց։ Մի քիչ այս կողմ մի կին «բռնացրել» էր Էդուարդ Եգորյանին. «Մեզ կարո՞ղ եք ասել՝ մեր վերջն ի՞նչ է լինելու…»։ Եգորյանը նրան կարծես չգոհացրեց. «Դե՛, պայքար է, ձեզ թվում է՝ ես վերջը գիտեմ ու չե՞մ ասում։ Վերջ չկա։ Ամեն ինչի համար պետք է պայքարել…»։ Եվ կինը հայտարարեց. «Մեզ տղամարդիկ պետք չեն, հազար կանանցով կգնանք դեսպանատները (վերջին հույսը դեսպանատներն են մնացել- Հ. Բ.), հացադուլ կանենք, մեկ ա, տասը տարի է՝ հացադուլի մեջ ենք»։

Եգորյանը մի ուրիշ քաղաքացու (որն ինչ-որ դատական գործով էր դիմել նրան) փորձում էր երկուշաբթի օրը ժամադրել՝ օգնելու համար։ Հետո քաղաքացին նրան խնդրեց առանձնանալ։ Որոշվեց միտինգը հետաձգել. «գրեթե մարդ չկա»։ Եվ Եգորյանը եզրակացրեց, որ հրապարակի դատարկության պատճառը ֆուտբոլն է (այդ ժամին Ֆրանսիա-Իտալիա խաղարկությունն էր)։ … Մի կորեացի ֆիզիկոս մոտեցավ խմբված լրագրողներին ու պատմեց իր կյանքը՝ անգլերեն լեզվով։ Հետո լուսանկարեց սիրունատես լրագրողներիս, աշխարհից ու կյանքից գոհ՝ հեռացավ։ Հա՛, մի ծերուկ էլ մոտեցավ՝ ձեռքին վիճակախաղի տարբեր տոմսեր. «միգուցե ծախվի, ի՞նչ իմանաս…»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031