Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Հուլիս 04,1998 00:00
tertik

8-10 տարվա ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել: Սակայն կան կայուն, մնայուն արժեքներ, որոնք մոտ են ու հարազատ խորհրդահայ ժողովրդի դեռեւս անփոփոխ մնացած մենթալությանը: Այդպիսի հավերժական արժեքներից է կադրերի հաշվառման անձնական թերթիկը, որն այսօր /շեշտում եմ՝ այսօր/ պարտավոր է լրացնել անկախ Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ ցանկացած աշխատանքի անցնելուց առաջ: Զննենք այդ փաստաթղթի որոշ կետերը:

Կետ 6-րդ՝ «Սոց. ծագումը»: Եթե ձեր պապը փալանչի էր, տատը՝ կթվորուհի, իսկ հայրը՝ ինժեներ, կարող եք առանց վարանելու գրել՝ «լյումպեն-պրոլետարիատ»:

Կետ 7-րդ՝ «Կուսակցականությունը»: Եթե լավ գործի եք ուզում անցնել, պետք է գրեք «երկրապահ» կամ ծայրահեղ դեպքում «դաշնակցական»: Եթե ուզում եք, որ կադրերի բաժնի վարիչը անձնական թերթիկը ձեր գլխով տա ու դուրս վռնդի, գրեք «ՀՀՇ-ական»: Ազնիվ լինելու դեպքում, այդ կետը լրացնելիս, ոմանք պիտի գրեն. «ԽՄԿԿ անդամ – ռամկավար – ՀՀՇ-ական – երկրապահ»: Սակայն նման պարագայում կետի շարունակությունն է երկիմաստ դառնում՝ «կուս. ստաժը»: Ո՞ր «կուս. ստաժը»՝ վերջի՞ն կուսակցության, թե՞ բոլորինը միասին վերցրած: Նույն կետում կա մի գրություն, որն ընդհանրապես դժվար է հասկանալ. «ընդունվելու ամիսը եւ տարին թեկ. քարտի»: Ընդունվելու՞ ամիսը եւ տարին, թե՞ «թեկ. քարտի» /ի դեպ, դա ի՞նչ է/: Գուցե ընդունվելու ամի՞սը, բայց տարին՝ «թեկ. քարտի՞»:

17-րդ կետը մտերմիկ եղանակով հարցնում է. «Ունե՞ք արդյոք կուսակցական տույժ… ե՞րբ, ո՞ւմ կողմից, ինչի՞ համար եւ ի՞նչ տույժ է տրված»: Հայտնի է, օրինակ, որ դաշնակցական նախարարների անդամությունը սառեցված է /կամ, ըստ որոշ աղբյուրների, կախակայված/: Դա տո՞ւյժ է, թե՞ ոչ: Եվ հետո. կարելի՞ է արդյոք ԻՄ կուսակցական տույժ համարել Արամազդ Զաքարյանի ստացած հայրական ապտակը:

Կետ 8-րդ՝ «Լկեմ-ի անդամ է որ ժամանակից եւ տոմսի N»: Հայկազունները, հայորդիները, սկաուտները եւ երիտասարդական կուսակցության անդամները հաշի՞վ են:

Կետ 13-րդ՝ «Կատարված աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից /ներառյալ… մասնակցությունը պարտիզանական ջոկատներում/»: Քանի որ, ըստ Արշակ Սադոյանի, նախորդ իշխանությունները «օտարից էլ վատ էին», ապա նա, ինչպես եւ, հավանաբար, ԱԺՄ բոլոր անդամները, պարտիզանական ջոկատներում էին: Կետ 14՝ «Եղել է արդյոք արտասահմանում /աշխատանք, աշխատանքային գործուղում, ուղեւորություն դելեգացիայի հետ/»:

Ուշադրություն դարձրեք. 17-րդ կետի հարցը ջերմ եւ ինտիմ 2-րդ դեմքով է տրված՝ «ունե՞ք արդյոք…»: Այստեղ ձեզ հարցնում են ավելի կոշտ, ԿԳԲ-ական երրորդ դեմքով՝ «եղել է արդյոք», առանց հարցական նշանի: Եվ դա բնական է. երբ խոսքը պետական անվտանգության մասին է, ինտիմը կիրառելի չէ:

Վերջապես, կետ 15՝ «Մասնակցությունը կենտրոնական, հանրապետական, երկրամասային, մարզային, օկրուգային, քաղաքային, շրջանային կուսակցական, սովետական եւ այլ օրգաններում»: Չափազանց արդիական հարց է. նշված օրգաններում մարդիկ շարունակում են «մասնակցել», ոչ թե ընտրվել եւ աշխատել: Եվ ընդհանրապես, եկեք ոչ միայն պահպանենք, այլեւ վերականգնենք այն, ինչ կիրառելի է եւ արդիական: Օրինակ, վերանվանենք Դավիթ Վարդանյանի ծառայությունը «Ռաբկրին»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

սոց. ծագումը՝ բանվորա-գյուղացիական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031