Երեւանից Ստեփանակերտ ժամանած բազմաթիվ լրագրողներ մասնակիցը կամ ականատեսը կլինեն մի շարք իրադարձությունների։ ԼՂՀ մայրաքաղաքում այսօր նշվում է «ԼՂ Հանրապետություն» թերթի 75-ամյակը եւ Ազգային հեռուստատեսության 10-ամյակը։ Հրավիրվել է Ղարաբաղի լրագրողների համագումար, որի որոշմամբ կստեղծվի ոչ պաշտոնական լրագրողների կազմակերպություն՝ Երեւանի մամուլի ակումբի հետ համագործակցության հեռանկարով։ Տեղի կունենա նաեւ հարսանիք, Մարտական խաչի շքանշանակիր, գնդապետ Սամվել Կարապետյանի երկրորդ ամուսնությունը 16-ամյա մի օրիորդի հետ, որին գնդապետը փախցրել էր։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահն ու վարչապետը գտնվում են Երեւանում։ Մոտ օրերս, ի դեպ, Արկադի Ղուկասյանի երկրորդ երեխան է ծնվելու (երկրորդ ամուսնությունից՝ առաջինը)։
ԴՎԻԺԵՆԻ
Հուլիսի 3-ին ՀՀ մաքսային վարչությունում պատրաստվում էր հրամանագիր, ըստ որի, աշխատանքից պետք է ազատվի կամ արդեն ազատվել է Արարատյան տարածաշրջանի մաքսատան փոխպետ Ռազմիկ Դավթյանը։ Այդ որոշման հիմքում այն իրողությունն է, որ հիմնականում Արարատյան տարածաշրջանն էր մաքսային գանձումների աղբյուրը եւ նրա կողմից էր կատարվում պլանը։ Մինչդեռ, ինչպես մայիս, այնպես էլ հունիս ամիսներին, մաքսային վարչությունը բյուջեի առաջ իր պարտավորությունները չի կատարել, եւ այդ հիմքով էլ «անհրաժեշտ» տեղաշարժ է կատարվում։