Լրահոս
Օրվա լրահոսը

Перед смертью Бетховен ему на ухо сказал: «Լեւոնյա՛ն, դու էդ դու չես, դու չկաս…»

Հուլիս 04,1998 02:05
Tigran Levonyan

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում տարիներ շարունակ տիրող այս միանձնյա բռնապետությունը, ոչ պրոֆեսիոնալ, ցածր մակարդակի ներկայացումները, լրագրողիս մղում են բոլորովին այլ խոսակցության, այլ մատուցման ձեւի։

Այսօր օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը, գլխավոր ռեժիսորը եւ գեղարվեստական ղեկավարը միեւնույն մարդն է՝ Տիգրան Լեւոնյանը, որը բացի այդ երեք պաշտոններից, նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերայի նախապատրաստման ամբիոնի վարիչն է եւ ինչ-որ մի ֆոնդի անդամ։

Թե ինչպե՞ս եւ ո՞ւմ շնորհիվ Տ. Լեւոնյանն ստեղծեց իր կարիերան՝ հայտնի է բոլորին։ «… Թատրոնի պատմության մեջ աննախադեպ կարիերան Լեւոնյանն ստեղծեց իր հռչակավոր տիկնոջ փառքի շնորհիվ» (1992 թ. «Գարուն», Ս. Սարգսյան), «…Թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Տ. Լեւոնյանը, որը ոչ միայն ռեժիսոր չէր, այլ ընդհանրապես որեւէ բարձրագույն կրթություն չունի» (1990 թ. «Արվեստ», Ա. Քաթանյան),- այսպես էին դիմավորում նրան մեծ երաժիշտները։ Լրագրողական պրպտումներիս ընթացքում զարմացրեցին Տ. Լեւոնյանի եւ նրա ներկայացումների մասին գրված տասնյակ հոդվածները, որոնց մեծամասնությունը դիֆերամբներ էին, ընդ որում՝ միեւնույն լրագրողների եւ «արվեստագետների» անուններով։ Հանդիպեցի նաեւ թատրոնից հեռացած մի շարք տաղանդավոր մարդկանց եւ մի քանիսին էլ, որոնք լեւոնյանական թատրոնից իրենց հեռու պահելու պատճառով, այնտեղից հեռանալու առիթը մինչ օրս չեն ունեցել։

Իսկ պրն Լեւոնյանի ներկայացմամբ, «թատրոնը ստեղծագործական փայլուն վիճակում է գտնվում, քանի որ, եթե ժամանակին ունեին օպերային 24 ներկայացում, որոնցից 3-4-ն էին (իր ասելով) բարձրագույն մակարդակի եւ մնացածը հերթապահ ներկայացումներ էին, որոնք, «կինոսեանսների պես, շաբաթը 6 անգամ գնում էին՝ դահլիճում ունենալով երբեմն 15-30 հոգի հանդիսատես, ապա այժմ մենք ունենք օպերային 6 ներկայացում, որոնք բոլորն էլ անցնում են բացառիկ լցվածությամբ, նույնիսկ դահլիճի միջանցքներում են նստում մարդիկ, որոնք ոչ միայն մեր, այլ միջազգային՝ ե՛ւ մամուլի, ե՛ւ բարձրագույն մասնագետների կարծիքով համապատասխանում են այսօրվա համաշխարհային բարձրարժեք մակարդակներին»։

Ներկայացման մակարդակը, փաստորեն, որոշվում է լիքը դահլիճներով։ Հայաստանում լիքը դահլիճ ստանալը բոլորովին էլ բարդ աշխատանք չէ, մանավանդ որ, մեր ավագ սերնդի «փորձառուները» դրանում մասնագիտացած են։ Դպրոցականներին, ուսանողներին, բարեկամ-ընկերներին բերելով են լցվում այդ դահլիճները։ Մի թեւում նստում են ազգականները, ծանոթները, մյուս թեւում՝ նրանք, ովքեր գալիս են լսած կարծիքները ճշտելու։ Երաժշտասերը որքա՞ն կարող է գալ «Պողիկտոս», «Անուշ», «Պայացներ», «Օթելլո» լսել՝ նույն դիրիժորի, նույն ռեժիսորի ձեռագրով եւ նույն երաժիշտների մատուցմամբ։

Ովքեր կարող են երգել օպերային թատրոնում

Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի ուսանողները եւ նրանք, ովքեր հաճոյաբար կատարում են նրանց բոլոր ցանկությունները, նրանք էլ այսօր տնօրինում են ամբողջ վոկալ ասպարեզը։ Չհասկանալ-չնկատելու ենք տալիս, թե ո՞նց է Գ. Գասպարյանը դասերը անցկացնում։ Պրն Լեւոնյանը ղեկավարում է այն ամբիոնը, որտեղ պատրաստվում-թրծվում են այն երգիչները, որոնք ավարտելուց հետո պետք է գնան երգելու օպերային թատրոնում։ «Լրիվ բացթողի վիճակում է, ալարում է անգամ կոնսերվատորիա գնալ։ Դասընթացները, քննական փորձերը իր աշխատասենյակում է անում։ Պետք է տեսնել, թե ինչ անճարակ վիճակում են իր ուսանողները։ Որոշակի ցուցումներ, որոշակի ուղղությամբ տարվող գործունեություն չկա։ Ամբողջ վոկալ ասպարեզը կործանվում է…»,և ասաց մեկը։ Ի դեպ, պրն Լեւոնյանը, որը տասնյակ տարիներ «ղեկավարում է» այդ ասպարեզը, այս տարի դեկտեմբերին որոշեց պրոֆեսորի կոչում ստանալ։ Կոնսերվատորիայում միակ ամբիոնի վարիչն է, որ չունի պրոֆեսորի կոչում, եւ Կոնսերվատորիայի պատմության մեջ առաջին դեպքն է, որ գիտխորհուրդը (16 հոգի դեմ էին) դեմ կանգնեց նրա առաջարկին։

Делаем вид, что поем 

Պարոն Լեւոնյանի ասելով՝ թատրոնում այսօրվա դրությամբ 500 մարդ է աշխատում։ Այս թիվն արտասանելիս, թատրոնի խոհանոցին լավատեղյակները ծիծաղեցին. «Գնացե՛ք, ստուգե՛ք ցուցակները, եւ հարցրեք, թե շատերին երբ են վերջին անգամ տեսել թատրոնում…»։ «Նա գեղարվեստորեն ոչնչացնում է դիմացինին, սովորեցնում է շողոքորթել՝ «ջանիկս…» եւ այլն, սողալ, գովաբանել, հիմներ երգել…»,և ասում է մեկ ուրիշը։ Բոլորը շատ լավ գիտակցում են, որ եթե հակառակվեն՝ ոչ մի դեր չեն ստանա կամ կհեռացվեն թատրոնից։ Շատերը ստիպված են լինում հանուն ընտանիքի, համակերպվելով աշխատել թատրոնում (առաջատար մեներգիչները՝ 25000, մնացածները՝ 13-15 հազար դրամ ստանալու համար)։

Եվ այսօր, բացի այն, որ թատրոնի խաղացանկից դուրս են եկել օպերային եւ բալետային արվեստի մեր նվաճումներից շատ բացառիկ նմուշներ՝ փոխարինվելով Տ. Լեւոնյանի ներկայացումներով, այժմ գրեթե բոլոր ներկայացումներում գլխավոր դերակատարը եւ ռեժիսորը միայն եւ միայն ինքն է։ Եվ չկան գլխավոր դերակատարին փոխարինողներ։ Կիրակի օրը պետք է ներկայացվեր «Պայացներ»-ը, որը հանվեց՝ պրն Լեւոնյանի հիվանդության պատճառով։ Այն ներկայացումներում, որտեղ Տ. Լեւոնյանը չի երգում եւ ռեժիսոր չէ, բացարձակապես շահագրգռվածություն չունի եւ հետեւաբար այդ ներկայացումների կամ համերգային կատարումների բախտը շատ որոշակի լուծված է։

Լավագույն դեպքում՝ մեկ անգամից ավելի, այն չի ներկայացվի։ Իսկ այսօրվա դրությամբ այդ թատրոնում 1-2 հոգի միայն կարող են առաջատար դերեր կատարել։ Հայաստանում շատ տաղանդավոր օպերային երգիչներ կան (նաեւ երիտասարդ ուժեր)։ Պետք է այնպիսի հարաբերություններ ու պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ցանկանան եւ կարողանան աշխատել։ «Մետրոպոլիտենի» թատրոնի 97-98 թթ. եւ 98-99 թթ. ծրագրերում համաշխարհային վարպետների ազգանունների կողքին տեսնում ենք Գ. Գրիգորյանի, Հ. Պապյանի եւ այլ հայ երգիչների անուններ, որոնցից, սակայն, այսօր զրկված է հայ երաժշտասեր հասարակությունը։ Եվ ո՞ւմ մեղավորությամբ…։ Ամենայն պատասխանատվությամբ շատ երաժիշտներ են հայտարարում բազմիցս, որ եթե Տ. Լեւոնյանի հարցը լուծվի, շատերը կվերադառնան թատրոն։ Նրանք, ում մասին այսօր խոսում է աշխարհը։

Делаем вид, что играем

Այսօրվա օպերային թատրոնում հիմնական ուշադրությունը կենտրոնանում է ներկայացման դեկորի, «ամենահաճոյակատար» երգչի, զգեստների վրա։ Ըստ պրն Լեւոնյանի, միջին հաշվով, լավ ներկայացումը պահանջում է 40-45 հազար դոլար, փոքրիկ ներկայացումը՝ 15-20 հազար դոլար։ Մինչդեռ ամբողջ աշխարհը գիտի, որ օպերայում կարեւորը երգը, երաժշտությունն է, կատարումը եւ դիրիժորի աշխատանքը։ Իհարկե, օպերան «սինթետիկ» արվեստ է, որն իր մեջ կրում է պարարվեստ, նկարչություն, դերասանի վարպետություն, դրամատիկ արվեստ, սակայն ոչ մի դեկոր չի կարող փրկել որեւէ ներկայացում։

Մեզանում, գոնե հիմա, այդպես չէ։ Օպերային թատրոնի դիրիժորը Յուրի Դավթյանն է, իսկ վերջին մեկ տարում նվագախմբի միջից նոր, երիտասարդ դիրիժորներ էլ են ի հայտ եկել, որոնց էլ մեկ-մեկ թույլատրվում է չափ տալ։ «Նրա փորձերը տեսնել է պետք,- ասաց մի դիրիժոր,- եթե տեսնում է, որ ինչ-որ բան ֆալշ է լինում, ասում է. «Перед смертью господин Верди мне на ухо сказал: если в каком то месте будет фальш, сними фагот»։ Այնքան է սովորել «խալտուրա» անելուն, որ այլեւս չի էլ ստացվում լավ լինել, թեեւ ընդունակ մարդ է»։

Утром-опера, вечером-кабаре

Մի քանի ամիս շարունակ թատրոնում գաղտնի, բայց մեծ շինարարություն էր ընթանում։ Պարզվեց, որ օպերայի եւ բալետի պետական թատրոնի ներսում (մուտքը՝ Սայաթ-Նովայից) ռեստորան է կառուցվում։ Ռեստորանը կառուցում է նախկինում շատ պաշտոններ զբաղեցրած Էդվարդ Սիմոնյանը՝ օպերային թատրոնի ղեկավարության հետ համատեղ։ Ըստ պրն Լեւոնյանի, ֆինանսական ծախսերը (հավաստի աղբյուրներն ասում են՝ մոտ 60000 դոլար), Է. Սիմոնյանն է հոգում։

-… Օպերայի պադվալային հարկում կառուցում ենք դասական ակումբ, որն ունի փոքրիկ բեմ, ռեստորանային բոլոր հարմարությունները։ … Սրանից հետո մեր օպերան, ինչպես աշխարհի բոլոր օպերաները, կունենա իր բուֆետը, ավելի ճիշտ՝ բարը, ակումբը, որտեղ մեր բալետի արտիստները, երգիչները դասական համարներով հանդես կգան։ … Դա կարող է իսկապես հասույթի աղբյուր լիներ մեր արտիստների եւ թատրոնի համար։ … Ձեւավորումը կատարում է Սարո Գալենցը, բարձրագույն մակարդակով՝ առանց մի մեխ մեխելու, – ասաց պրն Լեւոնյանը։
Հավատում ենք Տ. Լեւոնյանի՝ «Ծրագրում ենք, որ ամիսը գոնե 4-5 հազար դոլար ներս կմտնի թատրոն» խոսքին՝ ծանոթ լինելով նրա «արտաթատրոնային» գործունեությանը։

Պարզեցի շատերին արդեն հայտնի մի ճշմարտություն. Տ. Լեւոնյանը «Ձորագյուղ» ռեստորանի երկու փայատերերից մեկն է արդեն քանի տարի։ Այն հարցին, թե արդյոք ռեստորանի կառուցման գործընթացին տեղյա՞կ է մշակույթի նախարարը, եւ ունեի՞ն արդյոք դրա իրավունքը, ասաց. «Այդ իրավունքն ունեինք միշտ, որովհետեւ մենք ունեինք իրավունքը մեր օպերային թատրոնի բուֆետի։ Մեր բուֆետը ձեւափոխվում-դառնում է այդպիսին»։ Սակայն քիչ անց տեղեկացանք, որ պրն Լեւոնյանի կողմից ինչ-որ մարդիկ նախարարությունում կարգավորում են ռեստորանի հետ կապված փաստաթղթերը։ Ինչ խոսք, մեր օպերային թատրոնի դերասանների, երգիչների, եւ առհասարակ՝ մշակույթի գործիչների ֆինանսական վիճակը թույլ չի տա մտնել նման շքեղ ռեստորան։ Այդպիսով հաճախորդները լինելու են նրանք, ում ձեռքին է այսօր փողը։

Դրան պրն Լեւոնյանը պատասխանեց. «Թատրոնի արտիստները պիտի ստանան այդ կառույցից եկած գումարները։ Ես պայմանավորվել եմ թատրոնի աշխատակիցներին տալ հնարավորություն, օրը 60-70 հոգի անվարձահատույց օգտվեն այդտեղից։ Ցերեկը պիտի լինի թատրոնի ճաշարանը, իսկ երեկոյան կվերածվի ակումբի, որտեղ կաշխատեն հենց թատրոնի աշխատակիցները՝ նվագախումբը, բալետը, մեներգիչները եւ այդտեղից պիտի աշխատավարձ ստանան»։

– Այսինքն՝ կաբարե՞,- հարցնում եմ։

– Այո՛, կաբարեի պես, ավելի ճիշտ՝ վարիետեի պես, դասական վարիետե։

-Երեւան քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին գործող ցանկացած բար-ռեստորան հայտնի է, թե շատ կարճ ժամանակում ինչի է վերածվում՝ «բարդակ-բարդելի»։

– Շատ կոպիտ եւ գռեհիկ գնահատական տվեցիք… Դուք ուզում եք ասել, որ նույն Բրյուսելի կամ Գրանդ օպերայի թատրոնների նման բաները բարդակնե՞ր են։ Չէ՛, ջանիկ։ Եկամուտը պիտի պատկանի օպերային, եկամուտ պիտի ստանան արտիստները, արդեն ամեն ոք կկարողանա 3-4 օրը մեկ այնտեղ ցերեկը անվարձահատույց ճաշել, փող պիտի աշխատեն։ Ամեն ինչ, որը բարոյական է եւ կարող է վաստակ բերել՝ կնպաստի միայն թատրոնի գործին։ … Առաջին իսկ օրը, եթե դա կվերածվի անբարոյական մթնոլորտի, կփակվի մեր իսկ նախաձեռնությամբ,- ասաց նա։

Պատկերացնում եք, չէ՞, ցերեկվա Դեզդեմոնային՝ ռեստորանում, երեկոյան, ափսե-պատառաքաղների զրնգոցների տակ վարիետե պարելիս (չհաշված, որ վարիետեում պարելն այլ մասնագիտություն է)… Շատ երաժիշտներ թերեւս կհիշեն, որ անցյալ տարի, երբ ուրիշ հանրապետություններից հյուրեր էին եկել (Շեւարդնաձե, եւն), «Սերենադ» խմբի տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին առաջարկեցին ճաշկերույթի ժամանակ նվագել։ Նա հրաժարվեց, ասելով՝ «Եթե ես մտնեմ դահլիճ եւ պատառաքաղի ձայն լսեմ՝ չեմ հարգի ինձ»։

Թատրոնի խնդիրների մասին խոսելիս պրն Լեւոնյանն անմիջապես նշում է «անթիվ» բառը, մեկ էլ՝ առաստաղի վթարային վիճակը, թե անձրեւի կամ ձյան ժամանակ ինչպես են 100-110 հոգով նետվում տանիքը չորացնելու. «Իսկ մեր ճարտարապետական այս հրաշքը, որ համարժեք է Գեղարդին, Զվարթնոցին եւ Էջմիածնին, ուղղակի քանդման ենթակա է… Շենքը պահելու համար էլ են հարկավոր գումարներ»,- ասում է նա։ Հարց է ծագում. ո՞ւր են գնում դահլիճի վարձավճարները (ամիսը մի քանի անգամ՝ 500 եւ ավելի դոլարով), օպերայի շենքի շուրջ սփռված սրճարաններից, ներկայացումներից, շենքի ներսում տարածք վարձակալող պարի համույթից եւ այլ խմբերից ստացվող գումարները։

«Չար» լեզուներն ասում են, որ պրն Լեւոնյանը միայն շենքի շուրջ եղած սրճարաններից ստանում է ամսական 20000 դոլար։ Աղաղակում են, թե ներկայացումներ անելու համար գումար չունեն, բայց դեռ վերջերս «Օպերա-ստուդիայի» տնօրենի հետ գնաց Իսպանիա՝ հյուրախաղերի համար տարածք փնտրելու… Եվ ի՞նչ գումարներով։ Այս ընթացքում պարզվեց նաեւ, որ Տ. Լեւոնյանը երկու անձնական մեքենա ունի եւ բոլորին ասում է, թե «Մերսեդեսն» անցյալ տարի իրեն նվիրել են, ոչ թե գնել է… «Չար» լեզուները նաեւ ասում են, որ թատրոնում օպերային ծառայող արտադրական ցեխերում վերջին ժամանակներս պոնչիկ էր թխվում եւ պատուհաններ էին պատրաստվում։

Գեղարվեստական ճաշակը՝ «Վինեգրեդ»

Վերջերս էլ պարոն Լեւոնյանը Արամ Ասատրյանի, Արմինե Գրիգորյանի եւ այդ շարքից մի քանի երգիչների հետ «Սիրված երգեր» թեմայով օպերայի եւ բալետի պետական թատրոնում երգում էր (երեւի էլի «պատից կախված իր ջութակի» մասին)։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, հարցազրույցից առաջ պրն Լեւոնյանը հասցրել էր ծանոթանալ մեր թերթի մի քանի հրապարակումներին եւ ասաց, թե ինքը մտադիր չէր հարցազրույց տալ, այլ ուզում էր «գեղեցիկ զրույց ունենալ»։ Վերջին պահին, երբ պատրաստվում էի ձայնագրիչս վերցնել ու հեռանալ՝ համաձայնեց եւ անմիջապես միացրեց նաեւ իր ձայնագրիչը, որպեսզի չկեղծեմ։ Բառ անգամ չկեղծելով խոստանում ենք դեռ անդրադառնալ օպերային թատրոնի խնդիրներին։ Ակնհայտ է այն, որ օպերային թատրոնը կտրուկ փոփոխությունների, նոր մտածողության մարդկանց, տաղանդավոր ուժերի, նոր գաղափարների խիստ կարիք է զգում։ Միայն այդ դեպքում կունենանք բարձր մակարդակի օպերաներ, բալետներ, համերգային կատարումներ եւ… իսկապես երաժշտասեր հասարակություն։ Եվ ոչ թե ջութակի կոտրվելու մասին ողբեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031