Հարցազրույց «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Մատինյան, դուք նոր մարդ եք այս բնագավառում, ինչի՞ց եք սկսելու։
– Փոստը բոլորիս կյանքում անհրաժեշտություն է։ Փոստի միջոցով ենք հաղորդակցվում արտաքին աշխարհի հետ։ Հանրապետությունում միջմարզային հաղորդակցությունն ավելի կանոնակարգելու, աշխատանքներն ավելի ճկուն դարձնելու, կենսաթոշակների, նպաստների, հետագայում նաեւ ընտանեկան նպաստների վճարումներն ավելի կազմակերպված եւ ժամանակին կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել ենք կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել, ստեղծել մարզային փոստային վարչություններ։ Վերջիններս կհամակարգեն փոստային աշխատանքները եւ օպտիմալ հնարավորություն կտան լուծելու խնդիրները։
Այսօր կան շրջանային 43 դուստր ընկերություններ եւ յուրաքանչյուրն ինքն է տվյալ շրջանում (իսկ շրջանային բաժանումը կատարվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ) աշխատանք իրականացնում։ Այս աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար նպատակահարմար գտանք ստեղծել մարզային վարչություններ, որոնք կգտնվեն մարզերում, կունենան ներքին կապ, հեշտ կլինի աշխատելը ե՛ւ իրենց համար, ե՛ւ մեզ համար։ Մենք սպասարկման ոլորտի աշխատողներ ենք, մեր գործը ազգաբնակչությանը սպասարկելն է եւ պետք է այնպես անենք, որ այդ սպասարկումը լինի որակյալ, ամուր հիմքերի վրա։
Կարդացեք նաև
Ես համակարգում նոր մարդ եմ, սակայն մշտապես զգում եմ նախարարության ամենօրյա ուշադրությունը եւ աջակցությունը փոստային աշխատանքին եւ այդ աշխատանքներն առավել նպատակային եւ արդյունավետ դարձնելու ձգտումը։
-Պարոն Մատինյան, փաստորեն մարզային վարչությունները բոլորովին նոր իրողություն են լինելու փոստային աշխատանքում, այդ վարչության պետերի մրցութային ընտրությունը եւս նախադեպը չի ունեցել։
– Այս համակարգում դեռ մեկ ամիսը չի լրացել, ինչ աշխատում եմ, սակայն որքան հիշում եմ, համակարգում նման մրցույթներ չեն եղել։ Մինչ իմ գալը կային մրցույթի այլ պայմաններ, իմ գալուց հետո այդ պայմանները փոխվեցին։ Մրցույթի հիմնական նպատակը փոստային համակարգի կատարելագործումն է, այնպես անել, որ փոստերը աշխատեն շահույթով, փոստային ծառայությունները զարգանան։ Փոստային ավանդական եւ ոչ ավանդական ծառայություններ կան, նամակը ավանդական ծառայություն է, ծանրոցը նույնպես, սակայն այսօր մեր բնակչության մեծ մասը վստահ չէ, որ իր ուղարկած նամակը կամ ծանրոցը տեղ կհասնի։ Մենք նպատակ ունենք վերականգել մարդկանց վստահությունը, զարգացնել փոստային ծառայությունները, կոնկրետ՝ կոմերցիոն գործունեություն ծավալել փոստային բաժանմունքներում, որը կծառայի բնակչության շահերին։
Մտադրություն ունենք շատ արագ ներդնել էլեկտրոնային փոստը՝ մարզերի եւ Երեւանի միջեւ, կիրառել «ապրանքներ՝ փոստով» ծառայությունը սկզբից հանրապետության ներսում, հետո՝ մեր շուրջ։ Համաշխարհային փոստային աշխատանքներին քիչ թե շատ ծանոթ եմ, ասեմ, որ դրսում փոստային բաժանմունքները շատևշատ ծառայություններ են մատուցում բնակչությանը, ընդհուպ՝ տարաների եւ մակուլատուրայի հավաքումը, կոմերցիոն գործունեությամբ ապրանքներ վաճառել, փոստային պրոֆիլին հատուկ ապրանքների վաճառք եւ այլն։ Իսկ այս ամենը կատարելու համար պետք է կազմակերպիչ լինել, գործարար հատկանիշներ ունենալ։ Եվ բնավ էլ պարտադիր չէ, որ մարզային վարչության տնօրենը լինի փոստի մասնագետ՝ համապատասխան կրթությամբ, իմ կարծիքով, մարզային վարչության տնօրենը պետք է լինի գործարար հատկանիշներով մեկը, որը կարողանա իր աշխատանքով օգուտ բերել ե՛ւ մարզին, ե՛ւ, ինչու չէ՝ իրեն։ Փոստային ծառայությունների համար ես սահմանափակումներ չեմ տեսնում, կանոնադրությամբ էլ այդ բոլորը նախատեսված է։
– Դուք շեշտեցիք, որ փոստային ծառայության մասին կանոնադրությունը փոստային բաժանմունքներին այդպիսի բազմապրոֆիլ գործունեությամբ զբաղվել ու հնարավորություն է տալիս։ Սակայն, որքան ինձ է հայտնի, գրեթե ոչ մի փոստային բաժանմունք մինչեւ այսօր չի զբաղվել այդպիսի գործունեությամբ, սահմանափակվելով կենսաթոշակ եւ նպաստ վճարելու գործով։
– Մենք ունենք կանոնադրություն՝ հաստատված նախարարության կողմից եւ ըստ այդ կանոնադրության, կոմերցիոն գործունեությամբ զբաղվելը թույլ է տրված, ընդ որում, դա վաղուց է այդպես։ Պարզապես փոստային բաժանմունքները, ինչ-ինչ նկատառումներից ելնելով կամ վախենալով (չեմ քաշվում այդ բառն ասելուց), ձեռնպահ են մնացել այս հարցում։ Կարծում եմ, Երեւանում մոտ օրերս մի քանի կենտրոնական փոստերում համակարգիչներ կդնենք եւ բնակիչները կկարողանան միանգամից գալ փոստ, կապվել ինտերնետ համակարգին, ստանալ ցանկացած ինֆորմացիա, իհարկե, դրա դիմաց վճարելով։ Մտադիր ենք ամբողջ աշխարհում ընդունված արագացված փոստը ներդնել, որն այժմ շատ թույլ է, գործում է միայն Երեւանում, սակայն շուտով կգործի նաեւ մարզերում։ Պայմանագրեր ենք կապում աշխարհի շատ երկրների հետ։
– Մինչեւ ձեր գալը չկայի՞ն այդպիսի պայմանագրեր։
– Իհարկե, կային, սակայն գործում էր ավանդական կառույցը եւ ամենակարեւորը՝ մարդիկ կարծես թե փոստի ծառայությունների նկատմամբ անվստահություն ունեին, մանավանդ վերջին ժամանակներս փոստը միայն փոստատարի կերպարի հետ էր կապվում, նույնիսկ մոռացել էին, որ փոստի միջոցով կարելի էր բաժանորդագրվել, թերթեր, ամսագրեր ստանալ, դրամական փոխադրություններ կատարել, կարծում եմ, որ բնակչությանը պետք է տեղյակ պահենք, որ կա փոստ, որ կարող են վստահորեն դիմել փոստին, օգտվել նրա փոստային ծառայություններից։ Բանակցություններ ենք վարում արտասահմանյան մի քանի հանրահայտ ֆիրմաների հետ, որպեսզի ՀՀ ցանկացած կետում հնարավոր դառնա ապրանք պատվիրել եւ ստանալ։ Իհարկե, այս ամենն իրականացնելու համար ունենք բազմաթիվ կադրային եւ կառուցվածքային խնդիրներ, քանի որ կադրերն են որոշում ամեն ինչ (գուցե մի քիչ կոմունիստական հնչեց, բայց դա այդպես է)։
– Ձեր ասած կառուցվածքային եւ կադրային փոփոխությունները ի՞նչ կերպ եք իրականացնելու, սկսվելու է հների համատարած ազատում եւ նորերի նշանակո՞ւմ։
– Կառուցվածքային փոփոխությունները կլինեն հետեւյալը՝ հանրապետության բոլոր մարզերին համապատասխան ստեղծել մարզային կառույցներ, որոնք իրավաբանական անձի կարգավիճակով կկոորդինացնեն տվյալ մարզի փոստային աշխատանքները։ Մարզային կառույցների ղեկավարներ ընտրելու համար որոշեցինք հայտարարել մրցույթ՝ նախօրոք ստանալով փոստի եւ հեռուստահաղորդակցման նախարարության համաձայնությունը։ Մրցույթի հանձնաժողովի կազմում կլինեն նաեւ նախարարության ներկայացուցիչներ եւ մարզպետարանների աշխատակիցներ։ Արդեն բավականին դիմումներ ստացվել են, կարծում եմ՝ դեռ կլինեն։ Մրցույթը սկսվելու է հուլիսի 6-ից, ավարտվելու է հուլիսի 17-ին։ Ընդ որում, մարդիկ կարող են նույնիսկ մրցույթից մեկ օր առաջ ներկայացնել փաստաթղթեր եւ մասնակցել մրցույթի։ Պարտադիր պայմանն է բարձրագույն կրթությունը եւ հայերենի իմացությունը։ Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ, անկախ նրանից՝ աշխատում է համակարգում, թե ոչ, ծանո՞թ է համակարգին, թե՞ ոչ։ Ցանկալի է՝ համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու ունակությունը, օտար լեզվի իմացությունը, վարչական աշխատանքի եւ աշխատանքի փորձ, գործարար հատկանիշներ։
– Պարոն Մատինյան, գաղտնիք չէ, որ այս կարգի աշխատանքի համար հայտարարված մրցույթները հիմնականում ձեւական բնույթ են կրում եւ հայտարարությունները տրվում են տպավորության համար, իսկ իրականում հարցերը լուծվում են զանգերով եւ ծանոթևխնամիական կապերով։ «Հայփոստի» հայտարարած այս մրցո՞ւյթն էլ այդպիսին պետք է լինի։ Դուք ի՞նչ երաշխիք կարող եք տալ, որ այդպես չի լինի։
– Ուրեմն, որեւէ երաշխիք որեւէ մեկը չի կարող տալ, բայց ամենամեծ երաշխիքը լինելու է մրցույթի արդյունքը։ Բոլոր դեպքերում ժամանակը ցույց կտա, թե որքանով ենք մենք եղել իրավացի մեր ընտրության մեջ, թե որքանով ենք կարողացել որակով կազմակերպել եւ անցկացնել այդ մրցույթը։ Իհարկե, կլինեն ե՛ւ միջամտություններ, ե՛ւ զանգեր, չեմ բացառում։ Դա կա, բայց ի պատիվ ե՛ւ բոլոր զանգողների, ե՛ւ իմ շրջապատի, դեռ որեւէ մեկը մրցույթի պայմանների մասին հետաքրքրվելուց բացի, այլ բանով չի հետաքրքրվել, եւ կոնկրետ որեւէ մեկի թեկնածություն չի տրվել։ Որպես հանձնաժողովի նախագահ, կարող եմ երաշխավորել, որ օբյեկտիվ մրցույթ կանցկացվի։ Հանձնաժողովի անդամներ են ե՛ւ մեր բնագավառի աշխատողները, ե՛ւ մարզպետարանների, ե՛ւ նախարարության ներկայացուցիչները։ Մրցույթը կանցկացվի մարզերում, իսկ Երեւանում կանցկացվի Երեւանի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերի ընտրությունները։
Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ