Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ

Հուլիս 04,1998 01:14

Ասել է թե՝ արդարադատությունն է գալիս։ Ասել է թե՝ ճշմարտությունն ու արդարությունը հիվանդանում են, սակայն չեն մեռնում։

Երեւանի բնակչուհի Արմենուհի Խաչատրյանը 1995 թ. սեպտեմբերի 23-ին հարսանյաց հանդեսով ամուսնացել է Արտաշատի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ Գեղամ Պետրոսյանի հետ։ Նրանց ամուսնությունը չի գրանցվել զագսում՝ Գեղամ Պետրոսյանի մեղքով։ 1996 թ. հունիսի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Աշխենը։ Ամուսնության կապակցությամբ Արմենուհին տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում՝ ամուսնու ծնողների սեփական տանը, որտեղ նա բնակվել է ամուսնու, սկեսրոջ, սկեսրայրի եւ ամուսնու եղբոր հետ, նրանց հետ վարել ընդհանուր եւ համատեղ տնտեսություն։

Երեխայի ծնունդը շնորհավորելու համար Այգեստան գյուղ են եկել Արմենուհու հարազատները եւ խնդրել նրա ամուսնուն եւ վերջինիս ծնողներին՝ երեխային եւ Արմենուհուն որոշ ժամանակով «դարձ» տանել։ 1996 թ. օգոստոսի 15-ին դարձ են տարել եւ այլեւս Գեղամ Պետրոսյանը կնոջն ու երեխային տեր չի կանգնել։ Երբ փորձել են զանգահարել եւ իմանալ՝ բանն ինչ է, Գեղամ Պետրոսյանի քույրը հեռախոսով պատասխանել է, որ այլեւս չանհանգստացնեն իրենց, Արմենուհին պետք չէ իր եղբորը։ Քիչ ժամանակ անց պարզ դարձավ, որ Գեղամ Պետրոսյանը արդեն հասցրել է ամուսնանալ իրենց համագյուղացի մի անչափահաս աղջկա հետ։ Արմենուհին ստիպված էր դիմել դատական պաշտպանության՝ երեխայի հայրության որոշման եւ ալիմենտի պահանջով։

Երկար ու ձիգ ամիսներ քաշքշելուց հետո, Արտաշատի ժողդատարանը, Լ. Սրազյանի նախագահությամբ, լսեց եւ իր վճռով անհիմն կերպով մերժեց ներկայացված հայցապահանջը։ Արմենուհի Խաչատրյանի վճռաբեկ գանգատի հիման վրա ՀՀ Գերագույն դատարանի քաղգործերի դատական կոլեգիան, Կարինե Հակոբյանի զեկուցմամբ, օբյեկտիվորեն բեկանեց ժողդատարանի չհիմնավորված վճիռը եւ գործը հանձնեց նույն ժողդատարանին՝ նոր դատաքննության։ 1997 թ. ապրիլի 21-ին Արտաշատի ժողդատարանը, նախագահությամբ Արայիկ Մնացականյանի, կատարեց բազմակողմանի, մանրամասն դատաքննություն։

Լիարժեք ապացույցներ ձեռք բերվեցին, հիմնավորվեց, որ Արմենուհի Խաչատրյանը եւ Գեղամ Պետրոսյանը 1995 թ. սեպտեմբերի 23-ից մինչեւ 1996 թ. օգոստոսի 15-ը եղել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ։

Ամուսնությունից անմիջապես հետո Արմենուհին հղիացել է, հղիությունը գրանցվել է Այգեստան գյուղի բժշկական ամբուլատորիայում, Արմենուհու անվամբ հղիության քարտ է բացվել։ Արմենուհուն ծննդաբերելիս Արտաշատի հիվանդանոց են տարել սկեսուրը, ամուսինը, Արմենուհու մայրը եւ գյուղի բուժքույրը։

Երեխան ծնվել է Արտաշատի հիվանդանոցում եւ Գեղամ Պետրոսյանի միջնորդությամբ՝ առանց ծննդյան վկայականի դուրս գրվել հիվանդանոցից եւ տարվել իրենց տուն։ 1997 թ. հուլիս ամսին երեխան հիվանդացել է «Նորածնային սեպսիզով» եւ հուլիսի 2-15-ը բուժվել Արտաշատի շրջանի հիվանդանոցում, որտեղ Արմենուհուն եւ երեխային ամեն օր այցելել են ամուսինը եւ վերջինիս հարազատները։
Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ չի բացառվել երեխայի՝ Գեղամ Պետրոսյանից սերված լինելու հանգամանքը։

Երեխայի եւ հոր արյան խմբերը համընկնում են։ Չնայած վերը նշված անվիճելի փաստերին, դատաքննության ընթացքում Գեղամ Պետրոսյանը, նրա մայրը՝ Պասիոնարա Հակոբյանը, եւ հայրը՝ Հերոս Պետրոսյանը, ամեն ջանք թափեցին վարկաբեկելու իրենց հարսին՝ ոտնահարելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Նրանք բերում էին անհիմն պատճառաբանություններ, որ իբր Արմենուհին օրիորդ չի եղել, այդ պատճառով իրենց տանը նրան պահել են ընդամենը 3 օր եւ դուրս են հանել, մինչդեռ, առաջին դատաքննության ընթացքում նրանք ասել էին, որ 10 օր են «խղճալով» պահել։ Բացի այդ, Արմենուհուն մեղադրել են այն բանում, որ իբր նա հիվանդ է (հղիության շրջանում հիվանդացել է թոքաբորբով) եւ այլն, եւ այլն։

Ի վերջո, դատարանը, ձեռք բերված ակնհայտ ապացույցների առկայության պայմաններում, հայցը բավարարեց. Գեղամ Պետրոսյանին ճանաչեց 1996 թ. հունիսի 21-ին ծնված Աշխեն Պետրոսյանի հայր եւ որպես ալիմենտ բռնագանձեց նրա աշխատավարձի եւ բոլոր տեսակի եկամուտների 25 տոկոսը՝ հօգուտ երեխայի։ Գեղամ Պետրոսյանը համապատասխան եզրակացության հանգելու փոխարեն, վճռաբեկ գանգատով դիմեց ՀՀ Գերագույն դատարան։

1998 թ. հունիսի 11-ին ՀՀ Գերագույն դատարանի քաղգործերի դատական կոլեգիան, Գեղամ Պետրոսյանի միջնորդությամբ, վճռաբեկության կարգով հետաձգեց գործի վերանայումը (Գեղամ Պետրոսյանը դիմում էր ներկայացրել, որ իբր ցանկանում է փաստաբան ունենալ)։ Հաջորդ անգամ, 1998 թ. հունիսի 19-ին ՀՀ Գերագույն դատարանի քաղգործերի դատական կոլեգիան, կոլեգիայի անդամ Քնարիկ Պետրոսյանի զեկուցմամբ, հանրապետության դատախազության քաղաքացիական գործերով զբաղվող բաժնի դատախազ Սմբատ Մելիքջանյանի մասնակցությամբ բեկանեց ժողդատարանի օրինական եւ հիմնավորված վճիռը եւ գործն ուղարկեց Մասիսի շրջանի ժողդատարան՝ նոր դատաքննություն կատարելու համար։

Ընդսմին. կոլեգիայի նիստին չէր ներկայացել ո՛չ Գեղամ Պետրոսյանը, ո՛չ էլ նրա փաստաբանը, չնայած գանգատաբերը ինքն էր…
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305 հոդվածում նշված են այն հիմքերը որոնց առկայության պայմաններում վճռաբեկ ատյանը կարող է բեկանել ժողդատարանի վճիռը։

Համաձայն ՀՀ ամուսնության եւ ընտանեկան օրենսգրքի 54 հ. 2-րդ մասի եւ ՀՀ Գերագույն դատարանի «Հայրությունը որոշելու եւ երեխաների դաստիարակության ու պահելու վերաբերյալ վեճերը լուծելիս դատարանների կողմից օրենսդրության կիրառման մասին» դատական պրակտիկան ամփոփելիս պլենումի 1992 թ. հոկտեմբերի 2-ի որոշման 7-րդ կետի «Հայրությունը որոշելիս դատարանը նկատի է առնում երեխան ծնվելուց առաջ երեխայի մոր եւ պատասխանողի համատեղ բնակվելը եւ ընդհանուր տնտեսություն վարելը, կամ նրանց կողմից երեխայի համատեղ դաստիարակությունը կամ խնամքը, կամ այն ապացույցները, որոնք որոշակիորեն հաստատում են պատասխանողի կողմից հայրության ընդունումը»։

Կոլեգիայի նիստում դատախազ Սմբատ Մելիքջանյանը, միջնորդելով բեկանել ժողդատարանի վճիռը, ինչպես միշտ, իր միջնորդությունը հիմնավորող որեւէ հիմք չնշեց, արվեց միայն մեկ պատճառաբանություն, որ երեխայի ծննդյան վկայականը գործին կցված չէ։ Պարոն Սմբատ Մելիքջանյանը, եթե ծանոթացել էր գործին, ապա կնկատեր, որ երեխան դուրս է գրվել առանց ծննդյան վկայականի եւ երեխայի ծնունդը ֆիքսվել է Արտաշատի հիվանդանոցի տված տեղեկանքով, որը կցված է գործին։

Ճիշտ է, ՀՀ Գերագույն դատարանի վերը նշված պլենումի որոշման 5-րդ կետում նշված է, որ նման կատեգորիայի գործերը քննվում են երեխայի ծնունդը քաղկացության մարմիններում գրանցվելուց հետո, սակայն Արմենուհի Խաչատրյանը ծննդյան վկայական հանելիս եւս մեծ քաշքշուկների եւ պատմությունների մեջ է ընկել եւ նրան հաջողվել է միայն այն հանել 1998 թ. ապրիլի 21-ին, որը կոլեգիայի նիստում ներկայացվեց դատախազ Սմբատ Մելիքջանյանին եւ զեկուցող Քնարիկ Պետրոսյանին, որպիսին ուսումնասիրվեց եւ վերադարձվեց։ Համոզված եմ, որ ծննդյան վկայականը պատրվակ էր ժողդատարանի նման օրինական վճիռը բեկանելու համար, եթե պետք է բեկանեին, ապա ինչո՞ւ ձեւականորեն այն պահանջվեց եւ ուսումնասիրվեց։ Ակնհայտ է, որ կոլեգիայի որոշումը անարդարացի է։ Օգտվելով առիթից՝ դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին.

-Խնդրում եմ ՀՀ Գերագույն դատարանից պահանջել Արմենուհի Խաչատրյանի՝ ընդդեմ Գեղամ Պետրոսյանի հայրության որոշման եւ ալիմենտի պահանջի մասին քաղաքացիական գործը անձամբ վերանայել եւ հսկողության կարգով բողոք բերել ՀՀ Գերագույն դատարանի նախագահությանը՝ կոլեգիայի որոշումը բեկանելու եւ ժողդատարանի 21 ապրիլի 1998 թ. վճիռը անփոփոխ թողնելու միջնորդությամբ։
Մի խնդրանք եւս. Ձեր զբաղված լինելու դեպքում գործի վերանայումը չհանձնարարել դատախազ Սմբատ Մելիքջանյանին։

ԱԼՎԱՐԴ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031