Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ 63-ամյա թոշակառու Լաուրա Բարսեղյանին

Հուլիս 04,1998 00:34

Մեծարգո տիկին Բարսեղյան,

Ես «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի նախկին աշխատակից եմ: Մոտ հինգ տարի եղել եմ Հիմնադրամի գործադիր վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատուն: Բաց նամակով Ձեզ դիմելու առիթը այն կեղծ տեղեկությունն է, որը տարածվել է «Իրավունքի» եւ նմանատիպ թերթերի միջոցով եւ զայրացրել Ձեզ: Ես անկեղծ ասած, ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ պարզ քաղաքացին, թոշակառու վաթսուներեքամյա կինն ակամա մասնակից է դառնում շատ որոշակի նպատակներով հրահրված քաղաքական խաղի, եւ հանկարծ կարող է հայտնվել անհեթեթ վիճակում:

Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված Ձեր հարցերը մնալու են անպատասխան, ինչպես անպատասխան մնացին «Իրավունքի» նախորդ համարի հարցերը: Բացատրեմ՝ ինչո՞ւ:

Նախ՝ հնարավոր է, որ այդ ստահոդ ինֆորմացիան Կալիֆոռնիայի «Վ նովոմ սվետե» թերթի միջոցով շրջանառության մեջ դրված լինի տնօրենի պաշտոնակատարի արդեն ակներեւ ձախողումները պատճառաբանելու համար: (Ինֆորմացիան ստահոդ եմ համարում, որովհետեւ սփյուռքն՝ ամբողջությամբ, եւ ամեն մի մեծահարուստ հայ՝ առանձին, գիտեն, որ վեց տարիների ընթացքում Համահայկական Հիմնադրամին չեն հատկացրել 153 միլիոն դոլար, եւ բնականաբար չհատկացվածը չի կարող հոսել որեւէ մեկի գրպանը: Սա ես ասում եմ ամենայն իրազեկությամբ:

Իսկ թե որքան է հատկացվել եւ ինչ նպատակներով է ծախսվել, կարող եք կարդալ Հիմնադրամի տարեկան հաշվետու հանդեսներում, որոնցից վերջինի տպաքանակի մի ստվար մասը տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի կամքով հանվել է գործածությունից):

Երկրորդ՝ եթե առաջին ենթադրությունս ճիշտ չէ, ապա Ձեր հարցերն անպատասխան կմնան, որովհետեւ տնօրենի պաշտոնակատարն՝ իմանալով ճշմարտությունը, թեկուզեւ ակամա չի ստանձնի Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանի դերը, քանի որ դա չի բխում նրա շահերից: Երրորդ՝ Հանրապետության ղեկավարները, որ նաեւ Հիմնադրամի բարձրագույն ատյանի ղեկավարներն են, նույնպես գիտեն, որ դա սուտ է, բայց չեն պատասխանի Ձեր հարցերին, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձեռի հետ պարզերես չանելու համար, կամ էլ պարզապես արհամարհելով «Իրավունքի» մաքրաձեռն հրապարակումը:

Եւ չորրորդ՝ հասարակական մթնոլորտի անհաշվետու աղտոտումը կատարվում է Ձեր եւ Ձեզ նման ազնիվ քաղաքացիների նյարդերի զգայնության հաշվարկով: Հասարակական մթնոլորտի աղտոտվածության պահանջը դեռ երկար է զգացվելու. ինչ իմանաս ում մեղքը ում վզին բարդելու կարիք կլինի:

Այսուհանդերձ, խնդրանքս է նախ ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը: Հետո միայն, երբ Ձեզ անարժանահավատ թվա աղետի գոտում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի մարզերում կատարված ծրագրերի իսկությունը, հետաքրքրվել ծանոթներից ու անծանոթներից, եթե հնարավոր է լինել տեղերում եւ եթե դա էլ չհամոզի, առավել մեծ թափով ու նախանձախնդրությամբ ձեռնարկել ոսկին հետ պահանջելու գործը: Ի դեպ, Հիմնադրամին հատկացված բոլոր արժեքավոր իրերը ստացականի համարներով համարակալված պահվում են ՀՀ կենտրոնական բանկի պահուստում:

Հարգանքով՝

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

ՀՀ քաղաքացի

Հ.Գ. Հիմնադրամի տարեկան հաշվետու հանդեսներն ունենալու համար դիմեք Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031