Ասում է «Սիլ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը
– Իրոք Ձե՞ր «պատվերով» էր ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը մաքսային որոշ դրույքաչափեր վերանայելու նախաձեռնությամբ հանդես եկել։
– Այս տարվա հունվարի 20-ին «Սիլ» կոնցեռնը վարչապետ Ռոբերտ Քոչարյանին էր ուղղել մի նամակ, որտեղ արծարծված էին այն բոլոր խնդիրները, որոնք ունեն այսօր պլաստմասսայե իրեր արտադրող ձեռնարկությունները։ Նրանք այսօր չեն կարողանում աշխատել այն պարզ պատճառով, որ Հայաստան ներմուծվող մի քանի ապրանքների վրա համապատասխան մաքսավճարներ չեն սահմանված։ Նամակում նաեւ համապատասխան օրինակներ էինք բերել, որ եվրոպական լավագույն պլաստմասսայե արտադրություն ունեցող հզոր երկրներն անգամ համապատասխան մաքսային դրույքաչափեր են սահմանել, որոնց միջոցով պաշտպանում են իրենց տեղական արտադրանքը։
«Պոլիպլաստ» գործարանը մի քանի տարի չաշխատելուց եւ սնանկանալուց հետո անցել էր «Հայագրոբանկին»։ Մենք արտասահմանի որոշ գործընկերների հետ միասին գնեցինք այդ գործարանը, համապատասխան սարքավորումներ բերեցինք, որակյալ արտադրանք ապահովեցինք։ Բայց արտադրողն այսօր ավելի վատ ռեժիմում է հայտնվել, քան ներմուծողը։ Եվ այդ պատճառով, այսօր այդ արտադրությունն առաջընթացի, ծավալները մեծացնելու հնարավորություն չունի։ Ի դեպ, այսօր Հայաստանում շուրջ 15 համանման ձեռնարկություն կա։ Ասենք, անգլիացիները գնել են Էջմիածնի «Պլաստիկ» գործարանը, որի հետ ես կապ չունեմ։ Հնդկաստանի հայկական համայնքն էլ (Սեֆերյանի մասնակցությամբ) Էջմիածնում մեկ այլ «Պլաստիկ» գործարան է ձեռք բերել եւ այդտեղ էլ Սուքիասյաններն իրոք կապ չունեն։ Դուք արտաքին առեւտրի մաքսային վիճակագրության տվյալներն ուսումնասիրեք եւ կտեսնեք, թե տարեկան քանի միլիոնի են հասնում ներմուծված այսպիսի ապրանքները։
Կարդացեք նաև
Ավելի լա՞վ չէր լինի, եթե դրա փոխարեն Հայաստանի արտադրական հզորություններն աշխատեին՝ բոլոր սարքավորումները կան, ինժեներատեխնիկական աշխատակազմը, բանվորությունն առկա է, հումքային ռեսուրսները ձեռք են բերվում։ Ուղղակի պետք է այդ օրենքն ընդունել, որ գործարաններն աշխատեն։ Եվ եթե այսպես անձնավորված են դիտում խնդիրները՝ կարող էի պլաստմասսայե իրերի մեր գործարանը փակել, թող իրենք մտածեն։Բայց քանի որ ես արտադրող եմ, այդ քայլին չեմ դիմի, կպայքարեմ, որ գործարանն աշխատի։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, հնարավոր է արտադրական ծավալները 3,5-4 անգամ մեծացնել։
– Ուրեմն, այս նախաձեռնությունը կառավարությանը Ձեր դիմումների՞ հետեւանքն է եւ ոչ թե Արմեն Եղիազարյանի հետ անմիջական շփումների՞։
– Այո, այո։ Փետրվարի 18-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մուրադյանից պատասխան էինք ստացել, որ մեր առաջարկներն ընդունվել են։ Միգուցե հետո կառավարությունն ԱԺ-ի հետ պայմանավորվածություննե՞ր է ձեռք բերել։
– Այնուամենայնիվ, ԱԺ-ում հայտարարություն հնչեց, որ Արմեն Եղիազարյանը «Սիլ» կոնցեռնում խորհրդական է աշխատում, այդպե՞ս է։
– Միգուցե նրանք կատակե՞լ են։ Անհեթեթություն է, նման բան չկա։ Արմեն Եղիազարյանը ժամանակին «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահն է եղել, բայց հիմա այլեւս այդ պաշտոնում չէ։ Մեր բանակցությունների եւ նամակների մասին Արմեն Եղիազարյանն ամենավերջինն է իմացել։ Կրկնեմ, որ նախ Ռոբերտ Քոչարյանին էի դիմել եւ համաձայնություն ստացել մեր առաջարկներին։ Ի դեպ, դրանք վերաբերել են ոչ միայն մաքսատուրքերին, այլ նաեւ՝ որ որակի սերտիֆիկացիա կիրառվի այս ապրանքների նկատմամբ։
– Իսկ ընդհանրապես, Ձեր տնտեսական ձեռնարկների համար օրենսդրական կարգավորում ապահովելու միջոցին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Տնտեսական լոբբինգն ամբողջ աշխարհում ընդունված է։ Եվ եթե այդ որակին հասնենք, որ գործարարները եւ այլք նման մեթոդների անհրաժեշտություն զգան՝ բոլորս էլ կհամաձայնենք չէ՞, որ օրենքներն այնպես փոխվեն, որ օգտավետ լինեն Հայաստանի տնտեսական զարգացման համար։
– Խորհրդարանում նաեւ քաղաքական գնահատականներ եղան նախկին իշխանությունների կողմից Սուքիասյանների ընտանիքի հովանավորչության մասին, որն այժմ իրագործվում է նաեւ ներկա իշխանությունների կողմից։
– Նման մեկնաբանություններում որոշակի խանդ կա։ Նախ, Սուքիասյանների ընտանիքը քաղաքական որեւէ կառույցի մաս չի կազմել։ Ես իմ բնույթով արտադրող գործարար եմ։ Այսօր այս տնտեսական բարեփոխման դեմ (որը նոր աշխատատեղեր է ստեղծելու, տեղական արտադրության զարգացման համար շատ դրական է լինելու) ելույթ ունեցողները երեկ այդ իշխանությո՞ւնը չէին։ Ուրեմն, նրա՞նք էին իմ հովանավորները։ Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ ժամանակին պայմանական 10 հզոր գործիչները փոխադարձ վերահսկողություն էլ էին իրականացնում։ Եվ եթե համոզված են, որ Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, մեզ հովանավորում էր՝ ինչպե՞ս են դա պատկերացնում, ասենք, վարչապետի հետ նրա շատ վատ փոխհարաբերությունների պայմաններում։ Չգիտեմ ինչ քաղաքական շահերից ելնելով՝ այլեւայլ պաշտոնյաներ միշտ էլ մեզ խանգարել են աշխատել, ուղղակի դրա մասին ասելու առիթ չի եղել։ Բայց շնորհակալ եմ ե՛ւ նրանց, ե՛ւ այսօրվա խանգարողներին։ Ինչքան մեզ խանգարել են՝ այնքան օրենքներն ուշադիր ուսումնասիրել եւ այդ սահմաններում ենք գործել, որ չկարողանան մեզ համար խնդիրներ ստեղծել։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ