Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Հուլիս 03,1998 00:00
kusakcutyunner

«Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը, որը հանպատրաստից գոյացավ նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչ-որ իմաստով անբնական բնույթ ունի, եւ այդ պատճառով էլ հասարակական ու քաղաքական գիտակցության մեջ չի ընկալվում իբրեւ հեռանկարային դաշինք։ Ավելին՝ կատարելով իրենց նախընտրական դերը, այն է՝ ամենայն ջանքով նպաստել Ռոբերտ Քոչարյանի ընտրությանը, արդարության եւ միասնության կողմնակիցներն ընտրություններից տառացիորեն օրեր անց քողազերծեցին միջդաշինքային հակասությունները։

Հետաքրքիր մի դրսեւորում է առկա. մի կողմից ընդհանուր համաձայնություն կա գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ թե պետք է իրավական պետություն կառուցել, ամրապնդել ժողովրդավարության հիմքերը, Հայաստանը դարձնել բարգավաճ երկիր եւ այլն, իսկ մյուս կողմից էլ պատկերացումների տարբերություն է դրսեւորվում հենց նույն հռչակված գաղափարների առարկայական արտահայտաձեւերի հարցում։ Կարգախոսային համաձայնության առաջին փլուզումը, որը չթաքցվեց հասարակությունից, առարկայացավ ընտրական օրենսգրքի արտախորհրդարանական քննարկումների ընթացքում։

Մի կողմում «Արդարություն եւ միասնություն» համագործակցության համարյա բոլոր կուսակցություններն էին, իսկ մյուս կողմում առանձնացավ «Երկրապահը»։ Արդար ընտրությունների եւ շեն հայրենիքի մարտավարությունը դրսեւորվեց տարբեր պատկերացումներով։ Սակայն այս էական հակասությունը դե ֆակտո եւ դե յուրե չփլուզեց ԱՄՀ-ն։ Կուսակցությունները մնացին քով-քովի, որովհետեւ դեռեւս միասնության իմիտացիան գոնե անհրաժեշտ է։ Սխալ են բոլոր նրանք, ովքեր այդ հարցում նվազագույն հետաքրքրվածությունը «Երկրապահի» մեջ են տեսնում։

Գործնականում իր դաշնակիցներից առանձնացած «Երկրապահը» դեռեւս ձգտելու է գտնվել ԱՄՀ-ի մյուս անդամների կողքին՝ մի կողմից փորձելով անցկացնել սեփական մոտեցումները, ինչը կարծես լավ էլ հաջողվում է, մյուս կողմից էլ՝ ցանկանալու է ունենալ անհրաժեշտ քող՝ կոշտ ուժ լինելու մեղադրանքից խուսափելու համար։ Ուստի՝ թեկուզեւ իմիտացիոն «Արդարություն եւ միասնություն» համագործակցության գոյությունը դեռեւս դուրեկան է «Երկրապահի» քիմքին։ Հետաքրքիր է, որ Հանրապետական կուսակցության հետ միավորվելու հայտարարված մտադրության պարագայում էլ «Երկրապահը» մնում է ի չարս ԱՄՀ-ի կուսակցությունների։

Անշուշտ, այս իրողությունը գիտակցում են նաեւ արդարության եւ միասնության ջատագով մյուս կուսակցությունները։ Բնական է, որ հաշվի են նստում «Երկրապահի» տեսակետի հետ, քանզի իբրեւ քաղաքական ուժ, ի բացառյալ ՀՅ դաշնակցության, մյուսներն առանցքային դեր չունեն։ Այդ է պատճառը, որ, ասենք, ոչ ազդեցիկ կուսակցությունները, մանավանդ իրենց դիրքորոշումը ԱՄՀ-ի ապագայի հանդեպ արդեն որոշակիացրել են։ Ռամկավարների շարքերում, զորօրինակ, հնչում են տեսակետներ, թե «Արդարություն եւ միասնությունը» պետք է մնա, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հանրապետությունը փրկի Կարեն Դեմիրճյանի կուսակցության հաղթանակի վերահաս վտանգից։

Փաստարկն, իհարկե, լրջություն չի բովանդակում, մանավանդ այն կանխատեսման կողքին, որ ՀՌԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին առանձին կուսակցական ցուցակներով մասնակցելու դեպքում չի հաղթահարելու 5 տոկոսի պատնեշը։ Այլ է ԱՄՀ-ի անդամ մյուս փոքրաթիվ կուսակցությունների պարագան, որոնց մի մասը բոլորվել է ՀՅ դաշնակցության, մյուս մասը Աշոտ Մանուչարյան քաղաքական գործչի շուրջ։ Այդքանով էլ արձանագրենք, որ «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը, ըստ էության եւ ըստ իրական պատկերի, եռաբեւեռ է, ուստի կանխատեսելի է, որ նրա հետագա գոյությունը կամ փլուզումը կարող է իրականանալ առնվազն երկու բեւեռների համաձայնությամբ։ Կարելի է ենթադրել, որ գոնե մինչեւ հուլիսի վերջ կտրուկ շարժեր չեն դիտարկվի։ Անգամ արմատական տեսակետներ ունեցող երկրապահները՝ թե պետք է հրաժարվել Դաշնակցության հետ կեղծ ընկերություն անելուց, հակված են, որ դա տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվանից հետո։

Իսկ առջեւում ՀՅ դաշնակցությանը եւս սեփական դիրքորոշումը հստակեցնելու հրամայականն է սպասվում։ Մանավանդ որ, նույնիսկ ՀՅԴ հայաստանյան կառույցի ԳՄ-ի անդամները չեն թաքցնում, որ հուլիս 10-ին սկսվելիք գերագույն ժողովում հնարավոր չի լինի թեժ բանավեճերից խուսափել։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031