Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ եւ ՀՀՇ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 03,1998 23:44
shavarsh qocharyan

Մեկնաբանում է ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը

-Հաշվի առնելով փոխադարձ որակումները՝ մի քանի ամիս առաջ ուղղակի անպատկերացնելի կլիներ այն, ինչի ականատեսն ենք այսօր, որ ՀՀՇ-ականներն ու ԱԺՄ-ականները ոչ միայն բավական ջերմ փոխհարաբերություններ կունենան, այլեւ անգամ համատեղ որեւէ ձեռնարկ կիրականացնեն։

-Իրոք, եթե նախկինում բացառվում էր, որ ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի անդամներն իրար հետ նստեին, մտքեր փոխանակեին, հիմա այդպիսի երեւույթներ կան։ Չնայած բացառություններ կային։ ՀՀՇ- ում առանձին անհատների հետ միշտ էլ բավական անկեղծ խոսել ենք։ Արտաքուստ գրեթե համագործակցության նմանվող երեւույթներ էլ կան։ Բայց եթե կոնյակի հարցով ելույթներ են ունենում Արշակ Սադոյանը, Վահագն Խաչատրյանը, ՀՀՇ-ի նախկին կարկառուն դեմքերից՝ Էդվարդ Եգորյանը՝ դա ամենեւին համագործակցություն չէ։ Բնական է, որ եթե նրանք ասում են «մածունը սպիտակ է»՝ մենք չպիտի ասենք, թե այն սեւ է։

Եվ հետո, համագործակցություն հանուն ինչի՞, ի՞նչ նպատակներ հետապնդելու համար։ Վերջիվերջո, այն ավտորիտար համակարգը, ռեժիմը, որն այժմ ձեւավորվել է՝ ՀՀՇ-ի ստեղծածն է եւ շատ բնական է, որ այն չի կարող ընդդիմադիր լինել մի համակարգի, որն ինքն է ստեղծել։ Այդ տեսակետից, իմ գնահատականով, ուղղակի բացառվում է համագործակցությունը, որովհետեւ այն որեւէ գաղափարական հիմք չի կարող ունենալ։

Ավելին ասեմ. վերջիվերջո, ո՞րն է ՀՀՇ-ի դերն այս իրականության մեջ։ Իմ գնահատականով, ՀՀՇ-ն ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի հենարանն է։ Կամա թե ակամա դա այդպես է։ Հիշենք, որ ընտրությունների ժամանակ ՀՀՇ անդամները կամ հանձնաժողովներում ՀՀՇ-ի կողմից ներկայացված անձինք հօգուտ Քոչարյանի էին աշխատում։ Սա՝ մեկ։

Երկրորդը, հիմա էլ, ըստ էության, ստորին եւ միջին օղակներում նույն մարդիկ են գործում։ Այդ տեսակետից կարող եմ հետեւյալ հարցադրումն անել. ինչ իմաստ ունի համագործակցել հենարանի հետ։ Եթե պետք լինի՝ մենք կհամագործակցենք անմիջապես Ռոբերտ Քոչարյանի հետ։

-Այնուամենայնիվ, անգամ ԱԺՄ-ի կողմից ամենախիստ քննադատությանն արժանացած մարդու՝ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությունը «Արարատ» գինու գործարանի վերաբերյալ, ԱԺՄ վարչության անդամի պաշտպանությանը եւ աջակցությանն արժանացավ։

-Այստեղ համընկնում են ուղղակի տեսակետները եւ քայլերը։ Կարող են համընկնել։ Բայց եթե մենք մի բան ճիշտ ենք համարում, եւ նույնն իրականացնում է վարկաբեկված կամ հանցագործ մարդը՝ չի նշանակում, որ մենք այդ քայլերը չպիտի անենք։

-Ճշգրի՞տ է այս ձեւակերպումը, թե հանուն որեւէ նպատակի՝ ԱԺՄ-ն կարող է եւ խտրականություն չդնել այն մարդկանց միջեւ, որոնք կկանգնեն իր կողքին։

-Այդպես չէի ասի։ Մանավանդ որ, կրկնեմ՝ համագործակցություն չկա. մենք ուղղակի համընթաց ենք շարժվում, նույն գործողություններն ենք իրականացնում։ Հիմնարար հարցերի շուրջ, իմ պատկերացմամբ, կարելի է համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ասենք, նորմալ Սահմանադրության, ընտրությունների մասին օրենքի եւ նման խնդիրների։ Վերջիվերջո, քաղաքականությունը նաեւ բոլորի շահերը հաշվի առնելն է, որովհետեւ եթե այնպիսի կեցվածք ընդունես, որ ես մաքուր եմ եւ ոչ մեկի հետ հաշվի չեմ նստի՝ առաջընթաց չի ստացվի։

Շատ անգամ, անկեղծ ասած, ներքին խորը արգելք ունեմ այս կամ այն անձի հետ ոչ միայն խոսելու, այլ դեմքին նայելու կամ բարեւելու։ Բայց եթե ինչևոր նպատակ կա, որ ի շահ պետության եւ ժողովրդի է՝ պարտավորված ես նստել ու բանակցել։ Վերջիվերջո, նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ պետության ներկայացուցիչներն իրար հետ նաեւ բանակցելու ձեւեր են գտնում։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031