«Ցավոք, մենք աշխարհում քիչ բարեկամներ ունենք, եւ դրանց թվում են, առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Ուստի այդ երկու պետությունների հետ հարաբերություններում յուրաքանչյուր հայ պետք է առավելագույն նրբանկատություն դրսեւորի»։
ՍԵՐԳԵՅ ԲԱԴԱԼՅԱՆ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր, «Հայոց աշխարհ», 2 հուլիսի
Հայերը որքան էլ ջանում են՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում մասնակի վրիպումներ են թույլ տալիս։ Ֆայլաբազարի Սաքոն, օրինակ, Սաքո-Ֆրանսիա հարաբերություններում թեեւ նրբանկատ է, բայց Սաքո-Ռուսաստան հարաբերություններում որդեգրել է կարծր դիրքորոշում։ Սիսիանցի Վաղոն, հակառակը, Ռուսաստանի հետ է նրբանկատ, մինչդեռ Ֆրանսիայի հանդեպ մի տեսակ սառն է։ Ապարանցի Գուգոն էլ երկու երկրների հետ հարաբերություններում այդպես էլ չջոկեց, թե ինչու պիտի ինքը նրբանկատ լինի, իսկ Ֆրանսիան եւ Ռուսաստանն իրեն բանի տեղ չդնեն…
Հայերից փաստորեն միայն Սերգեյ Բադալյանն է, որ պարզերես է անում մեզ… Շնորհիվ Բադալյան-Ռուսաստան եւ Բադալյան-Ֆրանսիա պայմանագրերի, համաձայն որոնց կողմերը ստանձնել են ոչ միայն միմյանց վրա չհարձակվելու, այլեւ տնտեսական ու մշակութային համագործակցությունը խորացնելու, միմյանց հանդեպ առավելագույն նրբանկատություն ցուցաբերելու պարտավորություններ։
Կարդացեք նաև
«ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴԵՑ ՍՈՐԱՆ»
«-Երբեւէ մտածե՞լ եք թողնել քաղաքականությունը, եւ եթե այո, ի՞նչ ասպարեզում կցանկանայիք աշխատել այդ դեպքում։
-Որպես բիզնեսմեն՝ վատը չեմ»։
ՀՀ նախագահի խորհրդական, ԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ հարցազրույցից, «Առավոտ», 2 հուլիսի
Որպես բիզնեսմեն՝ Հայրիկյանը ոչ միայն վատը չէ, այլեւ շատ ավելի լավն է, քան ինքն է կարծում։ Ուստի, հանուն Հայաստանի բարգավաճման՝ ճիշտ կլիներ, եթե նա իրոք թողներ քաղաքականությունն ու խորանար հենց այդ ասպարեզում։
ՆՎԱՃՈՒՄՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
«Մալադեց» նախագա՞հ…
«Անցած 80 օրվա ընթացքում նախագահին հաջողվեց կազմավորել կառավարություն, վերջինս էլ ԱԺ-ին ներկայացրեց իր ծրագիրը»։
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբակցության նախագահ, «ՀՀ», 2 հուլիսի
Ուսումնասիրելով մնացած երկրների փորձը, երկրապահները հանգել են այն եզրակացությանը, որ 70 կամ պակաս եւ 90 կամ ավելի օրերի ընթացքում կազմավորված կառավարությունները վկայում են տվյալ երկրի նախագահի ապաշնորհության մասին։ Նման կառավարություններն, ի դեպ, ոչ էլ արհեստավարժ են լինում։ Ուր մնաց՝ ընդունակ լինեին խելքը գլխին ծրագիր ներկայացնել իրենց պառլամենտներին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ