Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ՉԼԻՆԻ

Հուլիս 02,1998 00:00
amusnutyun

Շարունակելով սեռական կյանքին վերաբերող թեման՝ Սեքսապոթոլոգիայի վերականգնողական կենտրոնի սեքսապոթոլոգ Գ. Վարդանյանն այս անգամ անդրադառնում է կանանց արտաամուսնական կապերի խնդրին։

Արտաամուսնական կապերը կարող են կրել դրվագային կամ կանոնավոր բնույթ։ Բացատրությունները տարբեր են՝ ամուսնու երկարատեւ բացակայություն, սեռական չբավարարված ցանկություն, բնավորության առանձնահատկություններ, ինչ-ինչ շահերի հետապնդում, ամուսնուց վրեժ լուծելու ցանկություն, ընտանիքում չգտած հոգեկան բավարարվածություն։ Սակայն բոլոր ժամանակներում հասարակության վերաբերմունքը արտաամուսնական կապերին, հատկապես կանանց, խիստ բացասական է։ Դա ունի մի քանի պատճառ։

Նախ, ֆիզիոլոգիապես, շատ քիչ են դեպքերը, երբ կնոջ սեռական պահանջը այնքան բարձր է, որ հնարավոր չէ բավարարվել ընտանիքում։ Երկրորդ, որ առավել կարեւոր է, հասարակությունը հնուց ի վեր կնոջը վերապահել է ընտանիքի հիմքի, «ներսի պատի», օջախը վառ պահողի, երեխաներին մեծացնողի եւ դաստիարակողի դերը։ Իսկ երբ այդ «ներսի պատը» թուլանում է, ամբողջ տունն է փուլ գալիս։ Այդ իսկ պատճառով շատ երկրներում անհավատարմությունը համարվում է (կամ համարվում էր մինչեւ վերջերս) հանցագործություն, արժանի ամենախիստ պատժի։

Մեր մակերեսային հարցումները հանգեցնում են հետեւյալ եզրակացության. հիմնականում կանանց անհավատարմությունը բացատրվում է կամ ամուսինների միջեւ հոգեբանական, զգացմունքային կապի բացակայությամբ, մեկմեկու օտար լինելու հանգամանքով (սա կամ «ստիպված», կամ «հաշվարկով կատարված» ընտանիքներն են), կամ կինը արտաամուսնական կապի է համաձայնում որեւէ շահի համար (կամ փող, կամ աշխատանքային առաջխաղացում)։ Արտաամուսնական կապերը վաղ թե ուշ տանում են ընտանիքի լուծարման։ Չկա կին կամ տղամարդ, որ կյանքի ընթացքում չհանդիպի գայթակղության, սակայն միշտ պետք է համադրել մի քանի րոպեների հաճույքը եւ դրա հնարավոր անդրադարձները ընտանիքի, երեխաների վրա։

Ներել, թե բաժանվել՝ դա յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Բայց ցանկալի է ընտանիքում պահպանել բարյացակամ, փոխվստահող մթնոլորտ, ձգտել ներդաշնակության (նաեւ սեռական), այդպիսով խուսափել «աչքը դուրս» լինելուց։ Այն դեպքերում, երբ անհավատարմությանը նպաստում կամ պատճառ են հանդիսանում ամուսինների սեռական աններդաշնակությունը կամ սեռական խախտումները, կարելի է դիմել մասնագիտական օգնության եւ կանխել հետագա բարդացումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031