Եթե հայ աղջիկների 70 տոկոսին դիտենք իբրեւ տղամարդու, ոչինչ չի փոխվի։ Մեր աղջիկների դեմքերն այնպիսին են, որ նույն հաջողությամբ կարող են լինել տղամարդու դեմք։ Եւ բնավ ոչ այն պատճառով, որ հայ աղջիկները կանացի չեն։ Հնարավոր է, շատ ավելի կանացի են, քան պետք է, բայց կանացի դեմք չունեն։Այդպես էլ Ռուսաստանում՝ ռուս տղամարդկանց 70 տոկոսի դեմքը նույն հաջողությամբ կարող է լինել կնոջ դեմք։ Այս դեպքում կա մի բացառություն՝ ռուսական էությունն ինքնին կանացի էություն է, հայկական էությունը՝ ընդհակառակը, հակականացի է։ Այդպես էլ մեր գրողների մոտ 90 տոկոսը. նույն հաջողությամբ նրանք կարող են ոչինչ չլինել, ինչպես գրող են։ Եվ հակառակը, Հայաստանում ամենքը կարող են գրող լինել, ինչպես ոչինչ են։ Սա է պատճառը, որ հայկական էությունը հագեցած է հավակնություններով, ամենքն էլ հավակնություն ունեն լինելու ամեն ինչ։ Դիցուք, մեր գրողները նույն հաջողությամբ կարող են լինել քաղաքական գործիչ, քանի որ քաղաքական գործիչ որպես այդպիսին չկա։ Չկա մեկը, որ մեր գրողներին կարողանա հասկացնել, թե ինչու չի կարելի լինել քաղաքական գործիչ, ինչու ժողովրդին արհամարհելը եւ ժողովրդից արհամարհված լինելը տարբեր բաներ են։
Այսօր նույն հաջողությամբ մեր քաղաքական գործիչները կարող են գրող լինել, քանի որ չեն ճանաչում մի գրողի, որը կարողանար ասել, թե ինչպես չի կարելի գրել։ Եվ խնդիրն այն չէ, որ մենք չունենք կարդացող քաղաքական գործիչ, ինչպես կարդացող գրող չունենք։ Ես չեմ կարող ասել, թե չգրող քաղաքական գործիչներին ինչպես կարելի է կտրել գրականությունից, քանզի նրանք միշտ էլ դրանով են զբաղված, բայց գերազանց գիտեմ, թե չկարդացող գրողներին ինչպես կարելի է կտրել քաղաքականությունից։
Դիցուք, իշխանությունները գրչի մի հարվածով բացում են գրական լիքը հեռուստահաղորդումներ, գրական թերթերի եւ ամսագրերի տպագրությունը դարձնում են պատվի եւ քամահրանքի հարց ու քաշվում են մի կողմ։ Եվ օրերից մի օր, դիցուք, Հենրիկ Էդոյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության մեջ մեծ դինամիզմ կա, մոռանալով այդ նույնը ասել Արամայիս Սահակյանի կամ գրողների միության մոտ 400 անդամների գրականության մասին։ Հաջորդ օրը, ասենք, Անահիտ Սահինյանը Հենրիկին մեղադրում է դիլետանտիզմի մեջ, որում նա անկասկած ճշմարիտ կլինի, բայց ոչ ավելին եւ փորձում բազմահազար հեռուստադիտողներին համոզել, որ իր արձակն այս էլ 50 տարի ամեն օր քնում ու վեր է կենում դինամիզմի հետ, սա էլ իր հերթին մոռանում է Արամայիս Սահակյանին եւ գրողների միության մոտ 400 անդամներին, մեր ժամանակակից բանաստեղծներն ու արձակագիրներն էլ ձեզ փեշքեշ։
Հաջորդ օրը գրական ամեն թերթ ու ամսագիր գրաքննադատների ողջ բանակը ոտքի հանած լծվում է մի քանի գրողների դինամիզմի մատնանշմանը՝ մոռանալով գրողների միության ծերակույտին, Արամայիս Սահակյանն էլ ձեզ փեշքեշ։ Այ, մյուս օրը բացում եք «Ոզնին» եւ կարդում դինամիզմի մասին ինչ-որ պարոդիա։ Այդ ժամանակ, երբ մեր սեփականաշնորհման հայրերն ու տատմայրերը կփորձեն «Արմենիա» հյուրանոցը ծախել, ասենք՝ թուրքերին, եւ այն էլ երկու անգամ 15 դրամով, Ռոբերտ Քոչարյանը հաստատ մտավորականության ոտքը գնալու կարիք չի ունենա իմանալու համար, թե հատկապես այդ մասին ինչ չեն մտածում մեր մտավորականները։ Փոխարենը նա կիմանա, որ ժամանակակից ինչ-որ արձակագիր, որի դինամիզմն իսկական դինամիտ է (բառախաղի համար, սիրելի ընթերցող, դու գիտես, թե ում ողորմած հոգու գովքն ես կարդալու) հայ գրականության բացակայության անդաստանում, շատ դինամիկ լուծում է գտել երկքաղաքացիության համար։
Կարդացեք նաև
Մինչ ՀՀ նախագահը լեզուն կկծի, նրան կհասկացնեն, որ «այ ախպեր, սիրտներս կպայթի, որ չխոսենք», «Էդ նրանք չպիտի դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, էդ մենք պետք է դառնանք Սփյուռքի քաղաքացի»։ «Այ քեզ բան,- կթնդա ՀՀ նախագահի ոգին,- բա ես ի՞նչ եմ ասում»։ Եվ երբ քաղաքականությունը հիմնովին մոռացած մեր գրողները, որ մոռացած կլինեն նաեւ փողի գույնը, բայց ոչ իմաստը, դինամիկ անզգայությամբ եւ որդիական կամ ամուսնու հույսին մնացած կնոջ թոթովախոսությամբ ՀՀ նախագահից փող կխնդրեն, կլսեն դեռեւս դասական չդարձած այս «ֆրազը». «Չկա, էլի, այ մարդ, նետու, նոու, կա ոչ, յոխ»։ Եվ մեր գրողները, բացի նրանից, որ կհասկանան, թե ում մասին են գրելու, կհասկանան նաեւ, թե ինչ լեզվով են գրելու։
ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ