Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են բառաչում կովերն ու մայում ոչխարները

Հուլիս 02,1998 00:00
amaranoc

Օրերս զրուցում էի մի հայտնի գործարարի հետ, եւ նա՝ ի թիվս իրեն վայել «ատրիբուտների» (տուն, մեքենա, սիրուհի)՝ նշեց նաեւ ամառանոցը։

«Էնպես՝ ոչի՜նչ» ամառանոց

Ու եթե մեքենայի արտասահմանյան մակնիշովն է լավը, տան՝ քաղաքի կենտրոնինը, սիրուհու՝ երկարասրունքը, ապա ժամանակակից գործարարի ամառանոցը պետք է լինի մի քանի հարկանի, ավտոտնակ(ներ)ով, լողավազանով, որի մեջ իր «ուրույն» տեղը պետք է ունենա «ֆանտանչիկը», «պուլտով» դարպասներով եւ «կոմունալ մյուս հարմարություններով»։ Նման ամառանոցի կտուրին ափսե-անտենան պարտադիր է, բակում վազվզող ազնվացեղ շունը՝ ցանկալի։ «Բաղուբախչա», ծաղիկներ, կանաչ, անպայման պտղատու ծառեր (թե չէ՝ օգուտները ո՞րն է), բրաբիոնի «պալմաներ»։ Նման ամառանոցները էլ չեն ժառանգում։ Կառուցում են, նաեւ՝ վաճառում։ Վերոշարադրյալ հարմարություններով ամառանոցը, եթե գտնվում է հանրապետության հով աշխարհագրական կետում (Ծաղկաձոր, Վանաձոր (անտառների մեջ), Ջերմուկ, հատկապես՝ Սեւան լճի մատույցներում) եւ այլն, 50-100 հազար դոլար է։ Գնի մեջ մտնում են նաեւ ժամանակակից կահույքը, բուխարիկը։ Գինը կարող է գցել կամ բարձրացնել նյութը, որով կառուցված է շինությունը։

Ի դեպ, Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր շրջաններում (Տավուշ, Նոյեմբերյան եւ այլն) նման շինությունները բարձր գին չունեն։ Նախ՝ հեռու են, ապա՝ մոդայիկ չեն, հետո՝ «ոչ սեյսմակայուն» են։ Եթե հազարավոր դոլարներ չունեք, բայց ցանկանում եք մի կարճ ժամանակով ձեզ «մարդ զգալ», կարող եք վարձել նման ամառանոցները Արա լեռան ստորոտին, Ձորաղբյուրում, Պտղնիում (եթե տերերը նախընտրել են հանգստանալ արտասահմանում)։ Մեկ օրը 30-100 դոլար է։

Դե՜, ամառանոց է, էլի՛…

Ամառանոցների մի այլ տիպ ժառանգություն ենք ստանում մեր պապերից։ Դրանք երկհարկանի քարե շինություններ են՝ առանց ճարտարապետական բարդ լուծումների։ Ներսում կա ամեն անհրաժեշտը, բայց ամեն ինչ պարզ է, մի քիչ հնաոճ։ Բակում այգի կա, ծաղկանոց, գուցեեւ՝ ավտոտնակ։ Նման կառույցները նախեւառաջ գնահատվում են իրենց աշխարհագրական դիրքով, առավելություն է համարվում նաեւ Երեւանին մոտ լինելը եւ ծառերի բերքատվությունը։ Հաճախ՝ նաեւ մայրուղուն հնարավորինս մոտ լինելը։ Սրանք առանձնապես թանկ չեն։ Ասենք՝ էժան էլ չեն։ Նման ամառանոցները (եթե ամեն ինչ կարգին է. առաստաղը չի կաթում, սանհանգույցը նորմալ է աշխատում) արժեն 15-20-30 հազար դոլար։ Վաճառողների մի մասը պատրաստ է փոխանակելու ամառանոցը մայրաքաղաքի (կամ լավագույն դեպքում՝ Երեւանին հարող տարածքների) պետական երկսենյականոց բնակարանների հետ։

Կիսատուն-կիսաքողտիկ

Սա ամառանոց համարվող մի շինություն է, որ լինում է հանրապետության երեւի բոլոր գյուղերում։ Դրանք ամառանոց են համարում երեւանաբնակ, բայց ծագումով, արմատներով գյուղացիները։ Ասենք՝ «այս ամառ ամառանոց պիտի գնանք» ասելով՝ նկատի ունեն հայրական օջախը։ Սա մի սովորական գյուղի տուն է. կոմունալ հարմարությունները տախտակապատ են եւ բուն տնից բավական հեռու (ինչպես, ասենք, Կողբ գյուղի իմ պապիս տունը- Լ. Ա.)։ Տնամերձ հողամասում աճեցվում է ամենաանհրաժեշտը։ Նման շինությունները որպես ամառանոց ոչ մեկը չի կարող «սաղացնել»։ Այն, ըստ էության, անարժեք է։ Թերեւս տարիներ անց որպես «էկզոտիկա» ցույց կտանք մեր երեխաներին ու թոռներին։ Բայց գյուղացիներն իրենց հայրենի տունը գնահատելիս սիրում են խոսել հազարավոր դոլարներից։

Ինչեւէ

Այսօր շատ քչերը կարող են իրենց թույլ տալ ամառանոց գնել։ Նյութի վերջում ցանկանում էի նշել նաեւ մի քանի պատգամավորների եւ արդեն կառավարության անդամների անուններ, որոնք «իրենց աշխատավարձով» մի երկու կոպեկ հետ գցելով են թերեւս կառուցել իրենց ամառանոցները, սակայն չխախտելով անմեղության կանխավարկածը՝ այդ գործը թողնում եմ նորընծա վերահսկող Դավիթ Վարդանյանի քաջությանն ու հիշողության թարմությանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031