«Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը փորձում է հոգ տանել իր աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանգստի կազմակերպման համար։ Այդ ազնիվ նպատակի համար ընկերությունը Ծաղկաձորում ունի հանգստյան տուն, մանկական ճամբար, իսկ դրանցից բացի վարձակալել է Սեւանի մոթելի մի ամբողջ հարկ։ Ստեղծված պայմաններից ու սպասարկումից մինչ օրս դեռ ոչ ոք չի դժգոհել, եւ նախորդ տարիների պես այս ամառ էլ շատերը նախատեսել էին իրենց հանգիստն անցկացնել հատկապես այդ վայրերում։ Միայն թե, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Ավիաընկերության գործադիր տնօրեն Տիգրան Աչոյանը մի քանի օր առաջ որոշեց անակնկալ մատուցել անձնակազմին՝ ստորագրելով որոշում ուղեգրերի սակագների վերանայման մասին։ Այն մասին, որ նման փոփոխություն է կատարվելու, աշխատակիցները գիտեին մոտ 1 ամիս առաջ։ Հնարավորության դեպքում արտահայտել էին իրենց բացասական վերաբերմունքը եւ հուսով էին, թե գործադիր տնօրենն, այնուամենայնիվ, հաշվի կառնի իրենց կարծիքը։ Նրանցից ոմանք նաեւ պնդում են, թե այսպիսի նախաձեռնության համահեղինակներից մեկն էլ (եթե ոչ հիմնական ներշնչողը) վերգետնյա ծառայության տնօրեն Ռաֆայել Արեւշատյանն է։
Հանգստավայրերը գործում են հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբեր, մի քանի հերթափոխերով, որոնցից յուրաքանչյուրը տեւում է 18 օր։ Նրանք, ովքեր բախտ ունեցան հանգստանալու մեկնել հենց ամռան սկզբից, շահեցին, քանի որ հուլիսի 1-ից հետո մեկնողները ստիպված կլինեն նույն հաճույքի համար ավելի թանկ վճարել։ Սակագների տատանումը այսպիսի պատկեր է ներկայացնում.
Ծաղկաձորի հանգստյան տան «լյուքս» համարի 1 օրվա համար ավիաընկերության աշխատակիցը նախկինում վճարում էր 12 դոլար, որից 7-ը՝ սենյակի, իսկ 5-ը՝ սննդի համար։ Այժմ կգանձվի 25 դոլար, ընդ որում սնունդը մնացել է նույնը (5 դոլար), թանկացել է սենյակը։ Առաջին կարգի համարներում բնակվողները նախկինում մուծել են 9, այժմ՝ 13 դոլար (այս եւ հետագա թվարկումներում գները հանգստի 1 օրվա համար են եւ միշտ սնունդն արժե 5 դոլար)։ Սովորական համարներում եղել է 8, այժմ՝ 9։ Ինչ վերաբերում է դրսի քաղաքացիներին, նրանց բանն ավելի բարդ է։ «Լյուքսի» համար վճարում էին 25, այժմ կտան 35 դոլար։ Առաջին կարգի սենյակն արժեր 20, այսօր՝ 25, սովորականը 13 էր, հիմա՝ 17 դոլար։ Նույնանման աճ է 3 եւ 4 տեղանոց սենյակների համար։ Սեւանի մոթելում գլխավոր նորամուծությունը ոչ միայն գներն են, այլեւ այն, որ այսուհետ քաղաքացիներն իրենք պիտի հոգան սննդի հարցը։ Այնպես որ, բերված հին գներում 5 դոլարը դարձյալ նշանակում է ուտելիք, իսկ նորերից այլեւս 5 հանելու անհրաժեշտություն չկա։ Սեւանի «լյուքսը» սննդով 21 էր, այսօր առանց սննդի՝ 20։ Առաջին կարգը 12 էր, այսօր՝ մի ուրիշ 12։ Սովորական քաղաքացիների համար «լյուքսը» 28+5 էր, այսօր՝ կլոր 40, առաջին կարգը՝ 23+5, այսօր՝ 30, եւ այսպես շարունակ։ Գների անսպասելի թռիչքից չազատվեցին նույնիսկ երեխաները։ Անցյալ տարի 18 օր տեւած 1 հերթափոխի համար նրանք վճարում էին 15 հազար դրամ։ Այս տարի հերթափոխը կրճատվել է 3 օրով, բայց 15 օրվա համար կվճարեն 25 հազար դրամ։
Կարդացեք նաև
«Հայկական ավիաուղիների» վրդովված աշխատակիցներն ուղղակի տարակուսում են, թե ինչու է տնօրինությունը դիմում այդ քայլին այն դեպքում, երբ նա, փառք Աստծո, ամենավերջին աղքատը չէ եւ ստիպված չէ այս գնով կոմպենսացնել ինչ-ինչ ծախսեր։ Նրանցից մեկն ավելի բաց արտահայտվեց. «Թող 3-4 ավելորդ գործուղում քիչ գրեն, փոխարենը երեխաները ստիպված չեն լինի այդքան թանկ վճարել»։ Իսկ նա, ում երեւակայությունը մյուսներից շատ առաջ էր ընկել, պատճառաբանությունը ձեւակերպեց այսպես. «Դիտմամբ են անում, որ եթե հանգստյան տներն իրենց չարդարացնեն, վերցնեն ու վաճառեն դրանք»։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը մոտ 1700 աշխատակից ունի։ Ամբողջ օդային ծառայություններում մոտ 5-6 հազար մարդ է հաշվվում, եւ 2-3 հանգստավայրը նրանց համար այնքան էլ շատ չէ։ Ճամբարի 1 հերթափոխը կարող է ապահովել ընդամենը 100-120 երեխայի հանգիստ։
Եվ նման պայմաններում պիտի որ ահռելի զոհողություն չդիտվեր նախկին գների պահպանումը մի կազմակերպության համար, որը ռեկլամային գործակալությունների սիրելին է եւ միայն գովազդի համար տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ