Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐՋ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԿԻԶԲ

Հուլիս 02,1998 00:00

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐՋ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԿԻԶԲ Թեպետ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի բրիֆինգի մասին տեղեկացվել էր բավականին շուտ, սակայն այն, ինչպես հետագայում պարզվեց, հրավիրվել էր հրատապ թեմայով։ Ըստ էության, խորհրդարանում տեղի ունեցած վերջին քվեարկություններն էին այն ենթահողը, որ հրապարակավ հայտարարություններ անելու հիմք էին տվել։ Ավարտվել են դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում։ Համենայնդեպս, օրենսդրական մասով այդպես է, թեպետ գործընթացը վախճանակետի հասցվեց մի կերպ։ Այս բովանդակության մի հայտարարությամբ հրավիրված ասուլիսում իր խոսքն սկսեց պետաիրավական հանձնաժողովի նախագահը։ Այժմ ընթացքի մեջ է անցումային վեցամսյա ժամանակաշրջանը, որը կհանգուցալուծվի հունվարի 12-ին, երբ ամբողջապես կհամալրվի նոր դատավորների կազմը։ Իսկ առաջին նշանակումները կլինեն արդեն հուլիսի 12-ին։ Վճռաբեկ ատյանի 13 դատավոր, ինչպես նաեւ հետագայում նշանակվելիքները, աշխատանքային գործունեությունն իրականացնելու են ցմահ։ Նրանց սոցիալական վիճակի խնդրով եւս լինելու են վճիռներ։ Արթուր Բաղդասարյանն այն տեսակետին էր, թե պետք են նոր մոտեցումներ, որպեսզի նշանակվելիք դատավորները բարձր աշխատավարձ ստանան։ Այլապես՝ հնարավոր չի լինի ձերբազատվել դատարանական ներկայիս կոռումպացված համակարգից։ Իր խոսքում պետաիրավական հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց նաեւ առ դատաիրավական բարեփոխումների խորհրդարանական քննարկումները։ Նախորդ օրը, երբ խնդրո առարկային վերաբերող հարցեր էին քննարկվում, դահլիճում ընդամենը 5-6 պատգամավոր էր ներկա։ Իսկ երբ քննարկումներն ավարտվեցին, լուրջ փորձեր եղան տապալելու կատարված աշխատանքը, սակայն՝ անհաջող։ Սա Արթուր Բաղդասարյանը համարում է արդարության հաղթանակ։ Դրանից հետո նա թվարկեց մարդկանց մի քանի խումբ, որոնց նկատմամբ արդարությունը հաղթանակ է տարել։ Դրանք էին՝ մարդիկ, ովքեր հանձնաժողովում կողմ են քվեարկում այս կամ այն օրինագծին, սակայն խոսափողից այլ բան են ասում։ Դրանք են՝ մարդիկ, ովքեր պնդում են, թե նախագծերում «սենց կամ ընենց» բան է գրված, սակայն օրինագծում չի լինում նման որեւէ հիշատակում։ Այս ամենն Արթուր Բաղդասարյանը համարում էր սոսկ վերոնշյալ տիպերի մարդկանց անձնական ամբիցիաների դրսեւորում։ Նրանց հականե-հանվանե ի ցույց դնելու լրագրողական առաջարկը պրն Բաղդասարյանը պարզապես «ցրեց»։ Ասաց, որ կարող էր ենթադրել, թե նման հարց կտրվի։ Ու վերջ։ Այն էլ ասենք, որ պրն Բաղդասարյանի խոսքի ավարտը շատ ավելի հետաքրքիր էր։ Հունիսի 30-ին Հայաստանի խորհրդարանի մի խումբ ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել ֆրանսիական Սենատի անդամների հետ՝ քննարկել ցեղասպանության ճանաչման խնդիրները։ Հայտարարությամբ հանդես է եկել հայ-ֆրանսիական հանձնախումբը, որի տեքստը երկու օրվա ընթացքում խորհրդարանում չեն հասցրել թարգմանել։ Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ լուրջ ճնշումներ կան թուրքական իշխանությունների կողմից (Նիկարագուային չխնդրե՞նք, որ օգնի Ֆրանսիային- Ա. Զ.), սակայն թե՛ Ժակ Շիրակը, եւ թե՛ խորհրդարանի ներկայացուցիչները կշարունակեն ջանքերը, որպեսզի Ֆրանսիայի պառլամենտի Վերին պալատը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Կա եւս մի ուրախալի լուր։ Ֆրանսիայի խորհրդարանի ֆրանս-հայկական բարեկամության հանձնախումբը համալրել է շարքերը եւ հիմա բաղկացած է 52 հոգուց։ Մոտ ժամանակներս կստեղծվի հայ-ֆրանսիական խորհրդարանականների մշտական հանձնաժողով։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել