Հարցազրույց ԱԺ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ դատախազությունն ընթացք չի տալիս Ձեր դիմումին՝ ԱԺ-ն անվանարկելու համար պատասխանատվության ենթարկել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրին։
– Ես ստացել եմ դատախազության պատասխանը, որ այսօր գործող օրենսգիրքն այնպիսի հոդված չունի, որով պետությանը վիրավորող, հեղինակազրկող կամ արժանապատվությանը հարվածող արարքը որպես զանցանք որակվի։ Այս նկատառումից ելնելով, դատախազությունը գտել է, որ իմ դիմումին չի կարող ընթացք տալ։
– Այսինքն, այս հարցն այլեւս փակվա՞ծ է։
Կարդացեք նաև
– Ես ենթադրում եմ՝ այո։ Դատախազություն դիմելիս հիմնականում որեւէ մեկին պատժելու նպատակ չէի հետապնդել։ Ավելի շատ մտահոգ էի, որ այդուհանդերձ ընդգծվեր, թե պետական կառավարման մարմնին վարկաբեկելը պիտի հասարակության կողմից անընդունելի համարվի։
– Սակայն հակառակ արձագանքը եղավ։
– «Իրավունք» թերթը բավական փորձեց օգտագործել այս միջադեպը՝ գովազդային նպատակներով եւ իրենց քաղաքական վարկը բարձրացնելու համար։ Բայց այո, նաեւ շատ անառողջ մթնոլորտ ձեւավորվեց այս միջադեպի շուրջ։ Փորձեցին այն առավելագույնս օգտագործել ԱԺ-ն վարկաբեկելու համար, ցավոք սրտի։ Գուցե ես չլինեմ հաջորդ խորհրդարանում՝ իրենք կգան եւ լիովին համոզված եմ, որ բումերանգի հարվածով վաղ թե ուշ հետ են ստանալու վարկաբեկման այդ միտումը։
– Ենթադրելի է, որ այս խնդրի մասին զրուցած պիտի լինեք հանրապետության նախագահի հետ։ Ինչպիսի՞ն էր նրա դիրքորոշումը դատական այդ հնարավոր գործընթացի նկատմամբ։
– Դատախազությանը դիմելուց հետո առաջին-երկրորդ օրը, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ որոշ խնդիրներ էինք քննարկում, ես ԱԺ-ին ուղղված այս բոլոր հարվածներն ու հարձակումները որակեցի իբրեւ պետությանը վարկաբեկելու եւ պետության հիմքերը խարխլելու փորձեր։ Եվ ներկայացրի, թե ինչու եմ դիմել դատախազությանը։
– Ռոբերտ Քոչարյանը Ձեզ համամի՞տ էր։
– Նախագահն ասաց. «Ճիշտ եք արել, որ դիմել եք դատախազություն»։ Այսինքն, այո՛, եթե այդպիսի միտումնավոր փորձեր կան, ապա դրանք պիտի օրենքի սահմաններում կանխվեն։ Հիմա մեր օրենսդրությունը թույլ չի տալիս։ Ինչ արած, այստեղ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում, բայց ես հույս ունեմ, որ գոնե նույն Հայկ Բաբուխանյանը, ՍԻՄ-ը կամ որեւէ քաղաքական պատասխանատու գործիչ պիտի իմաստավորեն իրենց համար այս խնդիրները։ Կրկնեմ, ԱԺ-ն միայն այսօրվա կազմը չէ։ Եկող տարի նոր խորհրդարան է ձեւավորվելու։ Փառք Աստծո, եթե նորմալ ԱԺ լինի, եւ նրանք, ովքեր ապագա ԱԺ-ում կլինեն՝ վարկաբեկման այս խնդիրը իրենց կաշվի վրա կզգան, կհասկանան, որ դա ուղղակի խանգարում է աշխատանքներին։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ