Հուլիսի 3-4-ը խորհրդարանում անցկացվելու են մաքսային վարչության գործունեության շուրջ հրապարակային լսումներ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի այս ձեռնարկումը չի կարելի պայմանավորել սուբյեկտիվ մոտեցումներով, կապել ՄՎ պետի անձի հետ։ Այն միտված է բացահայտելու այս առանձնահատուկ պետական կառույցի շուրջ
կուտակված հասարակական դժգոհության պատճառները, նպաստելու մաքսային գործի բարեփոխմանը։ Ստորեւ ներկայացվող համայնապատկերը, կարծում եմ, կօգնի ընդհանուր առմամբ պատկերացնելու, թե ինչպես է գործել մաքսային համակարգը վերջին երեք տարիներին ՄՎ չորս պետերի պաշտոնավարության օրոք։
1992 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչություն ստեղծելու մասին հրամանի հետ մեկտեղ, նախագահ Տեր-Պետրոսյանը ստորագրեց մեկ այլ հրամանագիր արտաքին տնտեսական գործունեության բնագավառում առկա սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Այսպես սկիզբ դրվեց Հայաստանի համար նոր մաքսային գործին։ Իրավապահ եւ հետաքննության մարմին լինելով հանդերձ, մաքսային ծառայությունը տարեցտարի կայանում էր նաեւ որպես բյուջեի հիմնական աղբյուրներից մեկը։ Մաքսային վարչության պետի պաշտոնում միմյանց փոխարինած չորս պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր հնարավորությունների եւ կարողության չափով, ելնելով տնտեսական իրավիճակից, ընտրում էր մաքսային օրենսգրքով ամրագրված տասից ավելի խնդիրներից առավել կարեւորները եւ փորձում էր լուծել դրանք։
1. Առաջին քայլեր. «Չի կարելի գալ որեւէ պաշտոնի այն համոզմունքով, թե քո նախորդը ավազակախումբ է հավաքել»։
Երջանիկ Աբգարյան
Կարդացեք նաև
Մաքսային վարչության առաջին պետը՝ Երջանիկ Աբգարյանը քաղաքական գործիչ էր, անկախ պետականության հիմնադիրներից։ Որպես այդպիսին, նա սիրում էր հիշեցնել, որ մաքսային համակարգը, ի տարբերություն Հայաստանի բազում այլ պետական կառույցների, սկսել է ձեւավորվել զրոյից։ Երջանիկ Աբգարյանի ղեկավարման չորս տարիները համակարգի կայացման շրջանն էին, երբ վարչության մասնագետների ուժերով ստեղծվեց արտաքին տնտեսական գործունեությունը եւ մաքսային գործը կարգավորող օրենսդրական դաշտը, մաքսային մարմինները համալրվեցին կադրերով եւ զինվեցին տեխնիկապես, մաքսավճարից գոյացող արտաբյուջետային գումարներով կառուցվեցին Գյումրիի մաքսատան, Մարգարայի, Ախուրիկի մաքսակետերի շենքերը, հիմնադրվեցին Մեղրիի բեռնամաքսային համալիրը եւ Վանաձորի մաքսատունը, Հայաստանը ներգրավվեց մաքսային համագործակցության միջազգային մի շարք ծրագրերում։ Մաքսային ձեւակերպումների համակարգչավորման, վարչարարության պարզեցման, կադրերի ուսումնառության բնագավառում մեր պետությունը առաջատար դիրք գրավեց ԱՊՀ-ում։
Միաժամանակ կային չլուծված հարցեր։ Անհրաժեշտ էր դուրս բերել «ստվերից» ապրանքաշրջանառության մի որոշակի հատված, ավարտել իրավապահ ծառայությունների ամրապնդման ծրագրի մշակումը եւ սկսել աշխատանքներն այդ ծրագրով։ Մեղվափեթակի հետ հայտնի ընդհանրություն ունեցող մաքսավորի աշխատատեղը եւ «մեղր» ճաշակելու գայթակղությանն անհամաչափ մաքսավորի աշխատավարձի չափը չարաշահումների տեղիք էին տալիս եւ պայմանավորում հաճախակի կադրային փոփոխությունները համակարգում։
Կային նաեւ այլ, միջգերատեսչական խնդիրներ։ Հստակեցված չէր համագործակցությունը իրավապահ եւ սահմանամերձ այլ ծառայությունների հետ, ֆինանսների նախարարության ստորաբաժանում հանդիսացող մաքսային վարչության կարգավիճակը չէր համապատասխանում այդ կառույցի նշանակությանը երկրի տնտեսական զարգացման եւ տնտեսական անվտանգության համար։ Հավանաբար, սա նկատի ուներ ՄՎ առաջինը պետը, երբ իր պաշտոնաթողությունից հետո խոստովանեց. «Մեր հասարակության մեջ մաքսային գործը լավ չի հասկացվել։ Դժբախտաբար, դա ըստ էության չի ընկալվել նաեւ բարձր մակարդակներում ու հիմա էլ դեռ լավ չի գիտակցվում»։
2. Քայլ տեղում. «կադրային փոփոխություններ, անշուշտ, կլինեն»
Լեւոն Խանոյան
Արմեն Սարգսյանի վարչապետության օրոք ՄՎ պետի պաշտոնն ընդամենը երեք ամսով ստանձնեց դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ Լեւոն Խանոյանը։ Այդ կարճ ժամանակահատվածում երկու կարեւոր փոփոխություն կատարվեց մաքսային օրենսդրության մեջ. Ազգային ժողովն ընդունեց մաքսատուրքի դրույքաչափերի մասին օրենքը։ Մաքսային մարմինները մասամբ կորցրին իրենց իրավապահ գործառույթը՝ զրկվելով բռնագրավման իրավունքից։ Երկու իրադարձություններն էլ միանշանակ դրականորեն չեն գնահատվում մասնագետների կողմից։
Կարծիքներ են հայտնվում այն մասին, որ մաքսատուրքը տնտեսական քաղաքականության ազդեցիկ գործոն դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ ճկուն մաքսասակագնային մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի մի կողմից կիրառելու սեզոնային դրույքաչափեր, արձագանքել ներքին շուկայական իրավիճակի փոփոխություններին, ապահովելով պետության միջամտությունը գնագոյացման գործընթացին, մյուս կողմից՝ նպատակայնորեն ուղղորդելու արտաքին տնտեսական գործունեությունը՝ ելնելով ներքին արտադրողի շահերից։
Ինչեւէ. ՄՎ նոր ղեկավարությունից նոր մոտեցումներ էին պահանջվում. անավարտ մնացածի շարունակություն, մաքսավորի իմիջի բարձրացում եւ ծառայության արդիականացում։ Նոր պետն եկավ իր թիմով, սակայն հասցրեց իրականացնել միայն կադրային փոփոխություններ եւ վարչապետ Արմեն Սարգսյանի հրաժարականը կանխորոշեց գործի ընթացքը։
Շարունակելի
ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ