Ասում են, եթե հանկարծ Հայաստանում մարդիկ մի օր որոշեն չծխել, հանրապետության բյուջեն կխորտակվի։ Ասում են նաեւ, թե իբր արհեստավարժ կառավարության ցանկում Հրանուշ Հակոբյանի բացակայությունը կապված էր առաջին հերթին նրա՝ ծխելու դեմ չափազանց ակտիվորեն պայքարելու վճռականությամբ։ Այնտեղ, որտեղ ոտնահարվում են պետական շահերը՝ առողջապահությունը գործ չունի։
Իհարկե, ՀՀ մաքսային վարչությունը Հայաստան մտնող բոլոր ճանապարհները վերահսկում է այնպես, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չի կարող մեկ տուփ ծխախոտ անգամ բերել հանրապետություն՝ առանց ակցիզային հարկ վճարելու։ Վերահսկվում են նույնիսկ լեռնային դժվարանցանելի կածաններն ու արահետները։ Հայաստանում արտասահմանյան ծխախոտն անհամեմատ ավելի էժան է, քան այլ երկրներում, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, թե հարկերից խուսափել, այնուամենայնիվ, հաջողվում է։ Ինչպե՞ս։
Որոշ տեղեկությունների համաձայն, ամենատարածված ձեւը հետեւյալն է. ծխախոտը ներմուծվում է՝ իբր թե ԼՂՀ տանելու համար։ Այդ դեպքում, հասկանալի է, ակցիզային հարկ չի գանձվում։ Ներմուծողը Հայաստանի բյուջե է մուծում միայն տրանզիտի համար։ Իսկ Ղարաբաղի սահմանի վրա, ինքներդ էլ հասկանում եք, հարց չկա, այնտեղ բոլորը «մերոնքական» են։ Ավելորդ է ասել, որ այդ ծխախոտը վաճառվում է Հայաստանում (իրականում Ղարաբաղ ներմուծվող ծխախոտը հիմնականում գնվում է Երեւանի մեծածախ շուկաներից եւ տոնավաճառներից)։
Ասում են նաեւ, թե իբր (մենք, իհարկե, չենք հավատում այդ հերյուրանքներին) ծխախոտ է ներմուծվում նաեւ պաշտպանության նախարարության մեքենաներով, եւ ոչ ոքի իրավունք չի տրվում ստուգել այդ բեռները։ Ավելին՝ լուրեր են պտտվում, թե (ինչպիսի նողկալի զազրախոսություն) առանձին գործարարներ նույնպես կարող են ծխախոտ ներմուծել այդ ճանապարհով՝ համապատասխան անձանց վճարելով 10-20 հազար դոլար։
Կարդացեք նաև
Մենք, իհարկե, վստահ ենք, որ եթե, Աստված չանի, հանկարծ ռազմական գործողությունները վերսկսվեն, մեր զինվորները ոչ թե ծխախոտ կկրակեն, այլ փամփուշտ, իսկ մեր թնդանոթներից դուրս կթռչեն ոչ թե օղու շշեր, այլ իսկական արկեր։ Եվ դա կլինի նման հերյուրանքներ տարածողներին տրված լավագույն պատասխանը։
Ա. Բ.