Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ հեռանկարների սպասում Շենգավիթում

Հուլիս 02,1998 00:30
SHengavit

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Երեւանի Շենգավիթ թաղապետարանում։ Հուլիսի 6-ին կամ 7-ին համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ, ուր մեր տվյալներով, մամուլի համար բավականին հետաքրքիր, հասարակության եւ գործող անձանց համար բավականին սկանդալային բացահայտումներ են արվելու։

Թե դրանք ինչ բնույթ կունենան, առայժմ դժվար է նույնիսկ կանխատեսել, բայց որ որոշակիորեն կառնչվեն թաղապետարանի ֆինանսական գործունեությանը՝ առավել քան ակնհայտ է։ Այս եզրակացությունը հիմքեր ունի։ Այն այս մեկի կամ այն մեկի ցանկությամբ չէ, որ առարկայանում է։ Դրա ենթահողը աուդիտորական եզրակացությունն է, որն իրականացվել է «Հայաուդիտ» ՍՊԸ-ի կողմից եւ իբրեւ վերջնական հաստատում պատվիրատուին հանձնվել 98-ի սեպտեմբերի 20-ին։ Աուդիտորներն են Զ. Խանդիլյանը եւ Տ. Բագրազյանը։

Այսպես՝ համաձայն աուդիտորական եզրակացության մեջ նշված պնդման, Շենգավիթի թաղապետարանը «Հայաուդիտ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի ստուգվի թաղապետարանի 1997 թվականի ծախսերի եւ եկամուտների համապատասխանությունը համայնքապետարանի բյուջեին։ Վերջնարդյունքում մշակվել է 2 կոմպյուտերային էջ ծավալով մի փաստաթուղթ, ուր հետաքրքիր դիտարկումներ կան։ Ասենք. «Թաղապետարանի հաշվապահական հաշվառումը վարվել է մեմորիալևօրդերային եղանակով։ Չի տարվել սինթետիկ հաշվառում։ Հաշվեկշռում արտահայտված տվյալները գրանցվել են պատահական տետրում կատարված գրանցումներից։ Հաշվապահությունում չի պահվում դրամարկղի գիրք։ Դրամական միջոցների շարժը ձեւակերպվում է առհաշիվ անձի միջոցով, որի համար չկա համապատասխան կարգադրություն»։

Բնական է, որ աուդիտորները փաստի արձանագրության հիման վրա առաջարկություններ են մշակել եւ ներկայացրել պատվիրատուին։ Նպատակահարմար է դիտվել հաշվապահական հաշվառումը վարել ՀՀ հաշվապահական հաշվառման եւ հաշվետվության մասին կանոնադրությանը համապատասխան։ Խորհուրդ է տրվում նաեւ պահել դրամարկղի գիրք եւ կանխիկ դրամական միջոցների շարժը իրականացնել կարգադրությամբ նախատեսված գանձապահի միջոցով։

Մյուս պարբերությունը. «Հիմնական միջոցների համար չի տարվում անալիտիկ հաշվառում, չի տարվում մաշվածքի հաշվառում սահմանված նորմաների համաձայն»։ Բնական է, որ համապատասխան առաջարկությունները ներկայացվել են կցագրված։

Հիմա անցնենք թվերի ոլորտ. «1997 թ. կոմունալ ծախսերը, որոնք փաստացի կազմել են 72422,6 հազար դրամ նախատեսված 174420,1 հազար դրամի դիմաց, ներկայացվել են առանձին հաշվետվությամբ, առանց համապատասխան ձեւակերպումների եւ հաշվառումում արտահայտված չեն։ 1997 թ.-ին ձեռք է բերվել բենզին գումարով 350,0 հազար դրամ։ Բենզինը մուտքագրված էր առանց նյութական պատասխանատու անձի ներկայացված հաշվետվության եւ մինչեւ օրս այն ծախսագրված չէ։ Առաջարկում ենք բենզինի եւ այլ նյութական արժեքների մուտքագրումն ու ելքագրումը կատարել նյութական պատասխանատու անձի միջոցով, կոնկրետ բենզինի համար ծախսագրումը կատարել տրանսպորտային միջոցների ճանապարհային ուղեգրերի լրացման միջոցով»։

Կարծես թե այս ամենը հասկանալու համար առանձնակի տնտեսական գիտելիքներ հարկավոր չեն։ Կարծում ենք, իրավաբանության հետ էլ խոր առնչությունների հարց չկա։ Պարզապես հարկավոր է եղել 10-րդ դասարանի կրթություն։ Բայց անցնենք ավելի առաջ. «1997 թ. նոյեմբեր ամսին համաձայն էլեկտրացանցի հետ կազմված փոխադարձ ակտի թաղապետարանի հոսանքի գծով պարտքի դիմաց, քաղաքապետարանի կողմից վճարվել է 9468561 դրամ։ Այդ գումարի համար չկա նամակ կամ որեւէ այլ փաստաթուղթ։ Թաղապետարանի կողմից անհիմն ձեւով պակասեցվել են ծախսերը եւ ստորնոյով տրվել է ձեւակերպում՝ դտ 20/06 կտ 178 3922601 դրամ»։

Մեկ այլ պարբերության մեջ շարադրված է հետեւյալը. «Ծախսերի նախահաշվի եւ փաստացի ձեւակերպված ծախսերի համեմատությունից պարզվեց, որ պակաս ծախս է ձեւակերպվել 5215,9 հազար դրամ։ Կան զգալի տարբերություններ նախահաշվի հոդվածների տվյալների եւ փաստացի հոդվածների տվյալների միջեւ։ Քաղաքապետարանի թույլտվությամբ ձեռք է բերվել մեքենա գումարով 4500,0 հազար դրամ, որն իրականացվել է վարկի տեղաշարժի միջոցով։ Կատարվել է մանկապարտեզների նախահաշվի 13 հոդվածի (գույքի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսեր) նվազեցում եւ թաղապետարանի 13 հոդվածի ավելացում»։

Ասենք, որ ըստ գործող օրենսդրության, համայնքային բյուջեում տեղաշարժ կարելի է կատարել միայն ավագանու համաձայնությամբ, ինչը տվյալ դեպքում առկա չէ։ Ավելին, ավագանին նույնիսկ որեւէ որոշում չի ընդունել թաղապետարանի 1997 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ։ Այս եւ այլ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որ գալիք շաբաթվա սկզբին Շենգավիթի համայնքին թեժ իրադարձություններ են խոստանում։ Իսկ փաստաթղթից, առանց փոփոխությունների, ոճական եւ կետադրական սխալներով կատարված մեջբերումները եղածն ավելի կատարյալ ներկայացնելու նպատակ են հետապնդում միայն։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031