Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ԱԺ-ՈՒՄ

Հուլիս 02,1998 00:15
Azgayin joxov

Խաղատներն անձեռնմխելի մնացին

Խորհրդարանը երեկ տապալեց «Հաստատագրված վճարների մասին» օրինագծի ընդունումը։ Նախորդ օրը դրա քվեարկությունը չէր կայացել եւ հակառակ բազմաթիվ նախադեպերի, երբ նման դեպքերում վերաքվեարկման որոշում էր ընդունվում՝ այս անգամ բազմաթիվ պատգամավորներ ընդդիմացան նույն առաջարկին՝ իբր կանոնակարգը պաշտպանելու ազնիվ նկատառումով։ Այսպիսով շրջանառությունից հանվեց այն օրինագիծը, որի շնորհիվ շուրջ 25 տոկոսով բարձրանալու էին առեւտրի եւ սննդի «օբյեկտների», խաղատների եւ այլ հաստատությունների հարկերը։ Եվ եթե տնտեսական շահախնդրություններով չէր պայմանավորված սա, ուրեմն էլ ինչո՞վ։ Եվ առավել մտահոգիչ է, որ այս ձեռնարկն իրականացվեց ընդդիմադիրների գործուն միջամտությամբ։

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

Պատգամավորները «իմ եւ այն տղայի փոխարեն» միայն այնժամ չեն քվեարկում, երբ ուզում են տապալել տվյալ օրինագիծը։ Խորհրդարանի ընդունած բոլոր օրենքները կեղծված քվեարկություններով են ընդունվում։ Այս մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պատգամավորների որեւէ խումբ ցանկանում է (հիմնականում՝ ապարդյուն) անվավեր հայտարարել տվյալ օրենքի ընդունումը։ Երեկ մի ամբողջ օրենսդրական փաթեթի՝ դատաիրավական բարեփոխումներին վերաբերող 4 օրենքների վերաբերյալ Հովհաննես Թոքմաջյանը հայտարարեց, թե դրանք իրականում չեն ընդունվել։ Եվ անմիջապես էլ Ալբերտ Բազեյանը մեղադրանքներ հնչեցրեց, որ նրանք ուղղակի տրամադրված են ձախողել այդ օրենքների ընդունումը, որ հաստափոր գրքեր կազմող այդ օրենքների քննարկումը 3-4 պատգամավորի ներկայությամբ է ընթացել, ելույթներ չեն եղել եւ այլն։

Երբ լրագրողներս ենք նույնն արձանագրում՝ ԱԺ ղեկավարությունը մեզ մեղադրում է խորհրդարանը վարկաբեկելու մեջ եւ առաջարկում հանձնաժողովների նիստերին մասնակցել, որտեղ արդեն նախապես բուռն քննարկումներ են իբր եղած լինում։ Ստացվում է, որ իրե՞նք էլ այդ նիստերին չեն մասնակցում։ Ինչեւէ, նախանձախնդիր պատգամավորներն այժմ ցուցակների միջից դուրս են բերում նրանց անունները, ում «դիստանցիոն» քվեարկության շնորհիվ դատաիրավական բարեփոխումների այս մի փուլն էլ ավարտվեց։

Ոջիլի մասին զվարճապատումի կենսագործում

Հիշո՞ւմ եք, մի պատմություն կար ուսանողի մասին, որի՝ կենդանաբանությունից գիտելիքները միայն ոջիլի կառուցվածքով էին սահմանափակվում, եւ քննության ժամանակ ինչ հարց ընկնում էր, պատասխանում էր այսպես, թե շունը մի կենդանի է, որն ունի ոջիլներ, որի կառուցվածքը հետեւյալն է… ձուկը մի կենդանի է, որը չունի ոջիլներ, բայց եթե ունենար՝ նրա կառուցվածքն այսպիսին կլիներ եւ այլն։

Ահա այսպես էլ երեկ բոլոր քննարկումներն Արշակ Սադոյանը հարմարեցրեց կոնյակի խնդրով հուլիսի 3-ի հանրահավաքի հայտարարությունը հնչեցնելու եւ վարչապետին «տնտեսական ֆաշիզմ» որակման համար պախարակելու վեհ նպատակներին։ Ասենք, երեկ քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրինագիծը, որի իմաստն այն է, որ Հայաստանում կեցության հատուկ կարգավիճակ ստանալու համար այսուհետ պետք կլինի ոչ թե 1300 դոլար մուծել, այլ 300։ Տուրքի այս նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում էր նախագահի նախընտրական ծրագրով՝ որպես եւս մեկ քայլ դեպի երկքաղաքացիության ինստիտուտի ճանաչում։

Ենթադրվում է, որ այժմ կարգավիճակ ցանկացողների քանակը կավելանա։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի հրապարակածի համաձայն՝ այժմ նման կարգավիճակ ունեցողներն ընդամենը 180-ն են։ Ահա այս օրինագծի առնչությամբ ԱԺՄ-ի անունից ելույթ ունեցավ Արշակ Սադոյանը եւ ասաց. «Ի՜նչ երկքաղաքացիության, ի՜նչ անձնագրերի մասին կարող է խոսք լինել, երբ վարչապետը տնտեսական ֆաշիզմ, երբ կաթիլ առ կաթիլ հավաքված այդ հին սպիրտները եւ դրանից հետո երկքաղաքացիությո՞ւն»։ Նույն մեխանիզմը կիրառեց նաեւ այն հարցի շուրջ իր ելույթում, որին վիճակված էր օրվա «ռումբը» դառնալ։

Չդիմացավ առերեսմանը

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը նախաձեռնություն էր ներկայացրել մաքսատուրքերի դրույքաչափերը վերանայելու վերաբերյալ՝ որոշներն առաջարկում էր խստացնել, իսկ որոշներն էլ՝ վկայակոչելով հայրենական արտադրողների շահերը՝ մեղմացնել։ Պետրոս Մակեյանը դեռ միայն ակնարկեց, թե հաշվի առնելով այդ ցանկում պլաստմասսայե իրերի եւ ստվարաթղթի առկայությունը՝ պարզ է այս նախաձեռնության ծագումնաբանությունը եւ Արմեն Եղիազարյանն ինքը «ծակվեց» ու տվեց այդ հայրենական արտադրողի անունը. «Այո, որոշ մարդիկ արտադրում են պլաստմասսա, բայց հազար ուրիշ ձեւի մարդիկ էլ են արտադրում, հետո՞ ինչ։ Ցեմենտ արտադրողների հետ ես, ճիշտն ասած, մաֆիոզ կապեր չունեմ։ Այդ թվում նաեւ Սուքիասյանների ցեղի հետ նույնպես մաֆիոզ կապեր չունեմ։ Ունեմ զուտ մարդկային հարաբերություններ՝ ոչ միայն նրանց հետ»։

Ու սկսվեց։ Սադոյանը հարցնում էր, թե արդյոք պլաստմասսայե իրեր արտադրողների շահերը պաշտպանելը տնտեսական ֆաշի՞զմ չէ։ «Սա խայտառակություն է, որ պատվերով օրենքներ են բերում»,- իր ելույթում ասաց Հովհաննես Թոքմաջյանը։ «Ի՞նչ գին ունի, պրն Եղիազարյան, այս օրենքի ընդունումը Ձեզ համար։ Ի՞նչ գին ունի կառավարության համար եւ ի վերջո, ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գին կունենա այս օրենքի ընդունումը մեր ժողովրդի համար»,- հարցնում էր Արմեն Կիրակոսյանը: Ամենահետաքրքիր տեղում միշտ ընդհատում է լինում։ Բայց այսօր այս քննարկումը կշարունակվի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031