Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏԸ

Հուլիս 01,1998 00:00

ՄԵԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏԸ Հռոմեական իրավունքի մասնագետ չլինելով հանդերձ, կարող ենք պնդել, որ հին աշխարհի այդ երկրի օրենսդրության մեջ տող անգամ չկար պետական ունեցվածքի սեփականաշնորհման մասին։ Ավելի ստույգ լինելու համար կարելի է ասել՝ տող չկար Հայաստանի Հանրապետությունում ապապետականացում անցկացնելու մասին։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով էլ սեփականաշնորհման մասին մեր օրենքը, մեղմ ասած, թերի է։ Իսկ օրենքի թերությունների պատճառով սեփականաշնորհումը Հայաստանում պարբերաբար վերածվում է աղմկոտ պատմությունների։ Սեփականաշնորհման որոշ դեպքերի շուրջ բորբոքված կրքերն ու աղմուկը համեմատելի են միայն ֆուտբոլի բրիտանական երկրպագուների վարքի հետ։ Ընդ որում, աղմուկի ծավալը (եւ տեւողությունը) ամենեւին էլ կապ չունի սեփականաշնորհվող օբյեկտի ծավալի հետ։ Այս գործում երբեմն նույնիսկ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Անաղմուկ սեփականաշնորհվեց Երեւանի գինու գործարանը։ Իսկ այ «փոքր» օբյեկտ հանդիսացող Կասյան 12 հասցեում գտնվող «Նոր տարազ» ֆաբրիկայի թիվ 16 արտադրամասի սեփականաշնորհման շուրջ վեճերն առայժմ չեն դադարում։ Այս օբյեկտի սեփականաշնորհումն էլ մյուսների նման սկզբում ընթացել է օրենքով։ Խոսքը Պետական ունեցվածքի սեփականաշնորհման ու ապապետականացման ՀՀ օրենքի մասին է։ 1994 թ. աշնանից է սկսվել գործընթացը։ Հենց սկզբից մի քանի տարօրինակ նախանշաններ կային։ Արտադրամասի ղեկավարը հենց սկզբից համաձայն է եղել կոլեկտիվին թույլատրել «անցկացնել» սեփականաշնորհում, եթե վերջիններս համաձայնվեն կիսել օբյեկտը։ «Փոքր» օբյեկտ համարվող այս արտադրամասը հետաքրքիր կերպով միշտ էլ եղել է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում։ Օրենքի պահանջած առաջին ժողովից առաջ Կասյան 12-ի արտադրամաս են այցելել սեփականաշնորհման պետական հանձնաժողովի մի խումբ անդամներ (նախագահի պաշտոնակատարի գլխավորությամբ)։ Ամենեւին էլ հակված չենք ենթադրել, թե պաշտոնյաները որեւէ անձնական շահ ունեին եւ զուտ այդ շահից ելնելով հետագայում խճողել են գործը։ 1994 թ. նոյեմբերի 14-ին կայացել է առաջին ժողովը։ Ընդունվել են օրենքով պահանջված բոլոր որոշումները, լրացվել են բոլոր փաստաթղթերը։ Հետո կոլեկտիվը կատարել է կանխավճար՝ մուծելով 1100 դոլարին համարժեք դրամ։ Հետո կոլեկտիվի մի մասը տնօրենի ղեկավարությամբ սկսել է բողոքարկման գործընթացը։ 1995 թ. մարտին, սեփականաշնորհման գործընթացի ղեկավար օղակի որոշմամբ կասեցվել է օբյեկտի սեփականաշնորհումը։ Հետո այս որոշումը չեղյալ չի հայտարարվի, բայց սկսվել է նոր գործընթաց։ Հին ժողովի մասնակիցները ստիպված են եղել փորձել ապացուցել, որ առաջին ժողովը անհնար էր գաղտնի կազմակերպել, որ աշխատակիցների նոր հայտնված ցուցակը համալրված է օտարերկրյա քաղաքացիներով եւ աշխատանքային ստաժ չունեցող անձանցով։ Օբյեկտի սեփականաշնորհման պատմության մեջ գրանցվել է եւս մեկ աննախադեպ ու տարօրինակ դեպք։ Գործին խառնվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը։ Կրկնում եմ, հեռու եմ այստեղ եւս անձնական շահ փնտրելու գաղափարից, սակայն հանձնաժողովը եւս պարզություն չի մտցրել։ Մուլտֆիլմի «եկեք համերաշխ ապրենք» կոչին հավատարիմ առաջարկվում է ամեն ինչ ջնջել, սկսել նորից։ Հետո այս գործի մի քանի հարյուր էջ կազմող փաստաթղթերում հայտնվել են բազում հետաքրքիր թղթեր։ Դրանց մի մասը ամենասովորական թյուրիմացություն է։ Օրինակ, մարտի 29-ին նոր տնօրեն նշանակված Սահակյանը տեղեկանք է տվել մարտի 23-ի ամսաթվով։ Սեփականաշնորհման պետական հանձնաժողովը, որն, ինչպես հայտնի է, լուծարվել է 1995 թ. դեկտեմբերին, 1996 թ. մայիսին որոշումներ է ընդունում եւ փաստաթղթեր տալիս։ Օբյեկտը չգիտես ինչու մի քանի անգամ առաջարկվում է կոլեկտիվին, բայց ժողովներ չեն կայանում։ Հետո այս տրամաբանությունն էլ է թերի մնացել՝ չի կատարվել օրենքի պահանջը եւ օբյեկտը չի հանվել աճուրդի։ Այն պահին, երբ կար աճուրդ անցկացնելու որոշման նախագիծը, բանը հասնում է դիվանբաշուն։ Գործի մեջ ներքաշվում են դատարանները։ Սպանդարյանի ժողդատարանը չեղյալ է հայտարարում չեղած որոշումը։ Որոշման նախագծի չեղյալ հայտարարելը եւս տարօրինակ ու աննախադեպ երեւույթ է։ Այս եզակի դատավճիռը հետագայում հիմք է հանդիսացել, որ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան պնդի՝ «Արտադրամասի սեփականաշնորհումն օրինական լինելու մասին կա դատարանի 31.05.1996 թ. վճիռ»։ Կոլեկտիվի մի մասը մինչեւ այսօր փորձում է պարզել սեփականաշնորհման ընթացքում լրացված բազմաթիվ փաստաթղթային հակասությունների պատճառը։ Իրավիճակը երբեմն պարզապես զավեշտային է։ Մի դեպքում չի ընդունվում նրանց անցկացրած ժողովը, որի կայացման մասին կա պետական պաշտոնատար անձի գրավոր տեղեկանք։ Մեկ այլ դեպքում, կոլեկտիվի մի մասի առաջին ժողովը հիմք ընդունելով, երկրորդ մասին թույլատրվել է շարունակել սեփականաշնորհման գործընթացը։ Իրավական փաստաթղթերում տրամաբանություն փնտրող կոլեկտիվի մի մասը ի վերջո ստացել է իրեն չբավարարող պատասխան- որոշում Գերագույն դատարանից։ Մասնագիտությամբ իրավաբան չլինելու, ինչպես նաեւ ոչ հեռավոր վայրերում երբեք չլինելու պատճառով մենք դատական որոշումներ կարդալու փոքր փորձ ունենք։ Երեւի թե հենց այս պատճառով զարմացած ենք ԳԴ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումներից։ Որոշման մեջ մի քանի անգամ օգտագործված է «Շիրինյանի խումբ» արտահայտությունը։ Նման ձեւակերպումն առնվազն բացասական տպավորություն է թողնում։ Սա ասելով մենք ամենեւին էլ չենք պնդում, թե այն իրավաբանության տեսանկյունից անընդունելի է։ Կոլեկտիվի այդ մասը փորձում է շարունակել պնդել իր իրավունքը սեփականաշնորհված Կասյան 12 արհեստանոցի նկատմամբ։ Այն այսօր արդեն սեփականատեր մյուս մասի կողմից կիսվել է եւ վաճառվել երրորդ կողմի։ Սեփականաշնորհման այս դեպքը դարձել է մեր մամուլի մշտական թեմաներից մեկը։ Տպավորությունն այնպիսին է, թե միայն մամուլին է հետաքրքրում օրենքի տառի պահպանումը։ Կոլեկտիվի մի հատվածի հրավիրած ասուլիսին առայժմ միայն լրագրողներն են արձագանքել։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել