Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵ՛, ՍՊԱՍԵՔ, ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՅԴ

Հուլիս 01,1998 00:00
Sadoyan

Մոտավորապես այսպես կարելի է փոխանցել այն վճռական տրամադրվածությունը, որ ունեին այս երկուսի նկատմամբ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու նախանձախնդիր պատգամավորները։ Ավելի ստույգ, Արշակ Սադոյանն էր այդ կարգի արտահայտություններ անում, իսկ իր գործընկերները լռում էին, որն, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։

Սակայն նախ հայտարարություն կատարեց Էդվարդ Եգորյանը եւ իրավական առումով ոչ ճիշտ որակեց նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե այժմ միայն կոնյակի գործարանն ազգայնացնելու ծրագիր կարող է ներկայացվել, քանզի պայմանագիրն արդեն իսկ կնքված է։ Մինչեւ դեկտեմբերի 10-ը, քանի «Պեռնո Ռիկարը» մնացած 28 մլն դոլարն էլ չի վճարել՝ սեփականատեր չէ, եւ պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում Հայաստանը միայն արդեն իսկ մուծված 2 մլն դոլարը պիտի վերադարձնի։ Ուստի, ինչպես պրն Եգորյանը, այնպես էլ ճեպազրույցի այլ մասնակիցներ հորդորեցին չընկճվել գործարքի ավարտվածության փաստից։

«Անընդունելի եմ համարում հանրապետության նախագահի նաեւ այն հայտարարությունը, թե ինքը նստաշրջան չի հրավիրելու։ Չեմ կարծում, որ դա նրան դափնիներ է բերում,- նաեւ ասաց Էդվարդ Եգորյանը։ – Չեմ կարծում, որ եթե ժողովրդավարական ընթացակարգերը ակնհայտորեն խախտվում են՝ ուժեղ նախագահի կերպար է ստեղծվում, որը կարող է ԱԺ-ի պատգամավորների 1/3-ի կարծիքը հաշվի չառնել: Երեւի վտանգ են տեսնում, որ եթե այս նստաշրջանը կայանա՝ չեն կարողանա բանավիճել, ու որոշումը կանցնի։ Սա որեւէ կերպ չի կարելի ուժեղության նշան համարել։ Եվ այդ առումով, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի՝ ես նախագահին առաջարկում եմ հրավիրել այդ արտահերթ նստաշրջանը»։

Ի դեպ, Էդվարդ Եգորյանն էլ վկայեց, թե նախկին իշխանությունների օրոք պայմանավորվածություն կար 400-470 մլն-ից պակաս գնով այդ գործարանը չվաճառել։ Նույնի մասին վկայել էր նաեւ ԱԺևի նախկին նախագահը։ Եվ տարօրինակ է, որ այսօր այդ թվերին չեն ուզում հավատալ եւ նման որոշումների առկայությունը հերքում են մարդիկ, ովքեր այդ ժամանակ (լավագույն դեպքում) տեղակալներ եւ վարչության պետեր էին։

Ինչեւէ, Արշակ Սադոյանն այս ճեպազրույցում նաեւ «Պեռնո Ռիկարին» «փաղաքշեց»։ Դրանք առավել ինտենսիվ բնույթ ստացան «Առավոտի» այն հիշեցումից հետո, թե ֆրանսիական կողմի ներկայացուցիչները մամուլում հայտարարել էին, թե մտադիր չեն հաշվի առնել այս գործարքի շուրջ պոպուլիստական աղմուկը։ «Առնվազն 100 մլն դոլարի կաշառք են տվել,- նորից պնդեց պրն Սադոյանը,և խնդրում եմ հատուկ հրապարակել, որ ես մազաչափ կասկած չունեմ, որ այս հանցավոր գործարքով ֆինանսական բարդ դրության մեջ ընկած «Պեռնո Ռիկարը» որոշակի փորձեր է անում իր դրությունը շտկել։ Միայն անցյալ տարվա ընթացքում նա 100 կետով հետ է ընկել ձեռնարկությունների շարքում։ Նրա մասին հրապարակումներ կան կասկածելի գործարքների վերաբերյալ»։

Հուլիսի 3-ին հանրահավաքից հետո երթ է կազմակերպվելու դեպի ֆրանսիական դեսպանատուն։ «Հավանաբար մենք այնտեղ պիկետներ կանենք»,- պրն Սադոյանն ի լրումն խոստացավ փչացնել նաեւ հուլիսի 14-ին ֆրանսիացիների ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրն էլ դեսպանատան մոտ որոշ «ակցիաներով»։

«Պատահաբար թփերի մեջ դաշնամուր գտնվեց» սկզբունքով հանկարծ այս ճեպազրույցի հիմնական թեման Դաշնակցության դիրքորոշումները դարձան։ «Ոչ հա են ասում, ոչ՝ չէ»,- արձանագրեց Արշակ Սադոյանը։ Նա հատկապես դժգոհ էր, որ սոցիալիստական այս կուսակցությունը դեմ չի արտահայտվում խոշոր գործարանի սեփականաշնորհմանը, որ դաշնակցական նախարարները կառավարության նիստերում դեմ չեն արտահայտվել այս որոշմանը, որ կուսակցության պաշտոնական հայտարարությունը չկա, որ հայերին այս գործարանը վաճառելու առաջարկը վարչապետի կողմից «ֆաշիզմ» որակումից հետո ազգային այդ կուսակցության ներկայացուցիչները դուրս չեկան կառավարությունից եւ այլն։

Ի դեպ, «Առավոտը» հիշեցրեց, որ առայժմ ոչ միայն ՀՅԴ-ն է, որ «չի համարձակվում կոնյակի գործարանի մասին հայտարարություն անել» (Սադոյանի ձեւակերպմամբ), այլ որեւէ առանձին կուսակցություն պաշտոնապես եւ հրապարակավ իր դիրքորոշումը չի հայտնել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Մոռացա նշել, որ Արշակ Սադոյանը լրագրողներին խնդրեց եւս մեկ անգամ շեշտել իր այս խոսքերը. «Կամ մեր գործադիր իշխանության ներկայացուցիչները բացարձակ թուլամիտներ են կամ անձնապես շահագրգռված են եւ գրպանելով ահավոր մեծ գումարներ՝ ՀՀ ժողովրդի ունեցվածքը վաճառում են չնչին գներով։ Եվ քանի որ հանրապետության նախագահը, այսպես ասած, ջերմ կողմնակից է՝ կարծում եմ, արդեն այս կասկածը տարածվում է նրա վրա էլ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031