Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ…

Հուլիս 01,1998 00:23
emil grigoryan

Ցուցահանդեսի կազմակերպման նպատակը Ոսկերիչների եւ ակնագործների միության գոյության ամրագրումն էր

Հունիսի 23-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Ոսկեգործություն-98» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Հայ ոսկեգործների եւ ակնագործների միությունը, որի նախագահն է Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը (լուսանկարում)։

Հանրապետությունում առաջին անգամ ներկայացվում էր ոսկերչական, արծաթագործական արտադրանքի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակումների եւ դրանց հետ կապված գործիքների ու սարքավորումների ցուցահանդես-վաճառք։Ցուցանմուշների տաղավարները եւ ցուցահանդեսի ընդհանուր ձեւավորումը, կարելի է ասել, համապատասխանում էին միջազգային ստանդարտներին։ Ներկայացված էին ոչ միայն ոսկերչական ձեռնարկությունների աշխատանքներ։ Տաղավարներից եւ ընդհանուր ձեւավորումներից հետո, ցուցահանդեսի երկրորդ «շքեղությունը» իտալական «Ջանի Լազարո» ոսկերչական ֆիրմայի ներկայությունն էր։

Ներկայացված զարդերի մեծ մասը Երեւանի ոսկերչական գործարանի ոսկուց եւ ադամանդներից պատրաստած աշխատանքներն էին, որոնք անշուք իրերի տպավորություն էին ստեղծում եւ ավելի շուտ հիշեցնում ոչ թե արվեստ, այլ գումարի շահավետ ներդրման միջոց։ Երեւանի ոսկերչական գործարանի տաղավարում, որը չափերով ամենամեծն էր, ներկայացված էին նմուշներ, որոնք ունեին հինգ տարվա հնություն։ Հասկանալի չէր՝ ինչ է ցուցադրվում. ոսկերչական արվե՞ստ, թե՞ մետաղի մշակման եւ քարերի տեղադրման բարձրորակ տեխնիկա։ Հարկ եմ համարում նշել, որ գործարանի տաղավարում լիովին բացակայում էր նաեւ ժամանակակից ոճը եւ գործարանի ներկայացրած ցուցանմուշները ցուցահանդեսի ամենաթույլ աշխատանքներն էին։

Գործարանի տաղավարի դիմաց տեղադրված էր ԳԷՄ ՍՁ տաղավարը (տնօրեն Լյուդվիգ Գրիգորյան), որն անմիջապես աչքի էր ընկնում բարձր կատարողականությամբ եւ նրբաճաշակությամբ։ Այդ տաղավարի աշխատանքները ոչ միայն գեղեցիկ էին, այլեւ, ըստ մասնակիցների եւ ցուցահանդեսի հրավիրյալների կարծիքի, կարող են մրցել եւ իրենց ուրույն տեղը գտնել միջազգային շուկաներում։

Նախապես հայտարարված մրցանակաբաշխությանը անհամբեր սպասում էին հեղինակներ Արամ Պետրոսյանը եւ Արմեն Հովեյանը, որոնք ներկայացրել էին դասական ոճի մի կրծքազարդ («Букет пурпурная царица»)։ Այն զարմացրել էր շատերին եւ ցուցահանդեսի գրեթե բոլոր մասնակիցների եւ կազմակերպությունների ուշադրությանն արժանացել։ Կրծքազարդն աչքի էր ընկնում ոչ միայն գեղարվեստական բարդ լուծումներով, այլեւ կատարողական բարձր որակով։ Զարդն իրենից ներկայացնում էր ոսկե տերեւախառն ծաղիկ՝ զարդարված էմալով եւ ադամանդներով։

Մի քանի հեղինակներ էլ կային, որոնք ներկայացնում էին ժամանակակից եւ դասական ոճի անսպասելի լուծումներով աշխատանքներ, որոնք, թեեւ արժանացան բացման արարողությանը ներկա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտասահմանցի հյուրերի ուշադրությանը, այնուամենայնիվ, որեւէ մրցանակի չարժանացան։

Հունիսի 28։ Մրցանակաբաշխություն։

Ցուցահանդեսի կազմակերպման բարձր մակարդակը, մասնակիցների ոգեւորությունը եւ ընդհանուր լավ տպավորությունը պղտորվեց անհասկանալի եւ զարմացնող արցունքներով։ Մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացնելիս նրանց հասցեին հնչեց «բավական պատկառելի» ձեւակերպումը։ Ասենք, որ հանձնաժողովի անդամներից գրեթե բոլորը (որոնք էլ լայն հասարակությանը ոչ հայտնի, ոչ էլ առանձնապես աչքի ընկնող անձնավորություններ էին) միանգամից մի քանի ստեղծագործական միությունների անդամներ էին (նկարիչների, դիզայներների եւ այլն)։

Փաստորեն, այդ օրը ցուցահանդեսի օգնությամբ շատերը ծանոթացան այնպիսի անձանց, ինչպիսիք են լրագրող Վոլոդյա Կիրակոսյանը, նկարիչներ Կարեն Արամյանը, Ռուդոլֆ Սարգսյանը, Վիլմանգ Հարությունյանը եւ այլն։ Պատկերացրեք, ինչպես շատերին զարմացրեցին նրանց անունները եւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ լինելը, այնպես էլ նրանց էր զարմացրել, որ Հայաստանում կան նման վարպետներ։ «Մենք շատ դժվարություններ կրեցինք մրցանակներ բաշխելիս. մեկը մյուսից լավն էր ու արժանի, բայց գիտե՞ք ինչ, միշտ ինչ-որ մեկը պիտի շահի…,- ասաց մրցանակներ ընթերցողը, ավելացնելով,- երեկ շատ ծպտված այստեղ այցելեց Մոսկվայում՝ զարդերին նվիրված դրամատիկական թատրոնի ռեժիսորը։ Նրա մոտ միտք առաջացավ Հայաստանի զարդարվեստի մասին ստեղծել մի ստեղծագործություն։ Նրանք շատ հայտնի թատրոն են եւ շրջագայում են ամբողջ աշխարհում։ Այնպես որ, այս ցուցահանդեսի արձագանքը մեծ է լինելու»։

Այսինքն, ըստ մրցանակաբաշխության հանձնաժողովի, ցնցող ձեռքբերում է իրենց երկրի ոսկերիչների մասին հյուսած ներկայացումը եւ դրա՝ աշխարհով մեկ պտտելը։

Ոսկյա զարդերի առաջին մրցանակը (50 հազար դրամ) շահեց Երեւանի ոսկերչական գործարանի կողմից պատրաստված զարդերի մի հավաքածո (օղեր, մատանի, ապարանջան), որի միայն ապարանջանի քաշը 100 գրամից ավելի էր, ինչն արդեն հակասում է ոսկերչության կանոններին, քանզի, ի վերջո, զարդը կրողը կին է լինելու։ Տասնյակ ադամանդներով ողողված ոսկու զանգված էր՝ ընդամենը իրար վրա եկող երկու հարթ մակերեսով սալիկներով։ Տպավորություն էր թողնում, որ այն ոչ թե զարդ էր, այլ թանկարժեք ձեռնակապ (հանցագործ կանանց համար նախատեսված)։ Ցավոք, չենք կարող լուսանկարը ներկայացնել, քանզի կազմակերպիչներն արգելել էին ոչ միայն իրենց տաղավարների, այլեւ բոլոր մասնակիցների ցուցանմուշների նկարահանումներն՝ իրենց կամքով, առանց հեղինակների եւ ձեռնարկատերերի համաձայնության։

Երկրորդ մրցանակի՝ 35 հազար դրամ, արժանացավ «Ռոսլին» արվեստի ինստիտուտի հեղինակ Կարեն Գարանյանի ներկայացրած զարդերի հավաքածոն։

Ինչ խոսք, բոլորը վստահ գիտեին, եւ ընթերցողն էլ կարող էր արդեն կռահել, որ հնարավոր չէր, որ Իտալիայից Երեւան հասած «Ջանի Լազարոն» մրցանակ չստանար, որքան էլ ֆիրմայի ներկայացրածը պարզունակ «բիժուտերիա» լիներ, ոչ թե ոսկերչական արվեստ։ «Ջանի Լազարո» ֆիրմայի ոսկյա վզնոցների եւ մատանիների հավաքածոն արժանացավ երրորդ մրցանակին՝ 25 հազար դրամ, որն ավելի շուտ, բարեկամական ժեստ էր հիշեցնում (այդքան ճամփա էր կտրել-եկել)։ Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ֆիրմայի ներկայացուցիչը տաղավարից դուրս չէր գալիս, եւ մեր հայրենակից մրցանակաբաշխը այսպես կանչեց նրան կարմիր վարդը, 25 հազարը եւ պարգեւատրման թերթիկը տալու համար՝ էն ընկերոջն ասեք, թող մոտենա… ջանի լազա՜րո…։ Դահլիճն էլ միացավ նույն ճիչերով ու ծափերով։

Եվս մեկ՝ երրորդ մրցանակի (25 հազար դրամ) արժանացավ ԳԷՄ անհատական ձեռնարկությունը՝ ներկայացրած կրծքազարդի համար։ Հուշանվերների համար նախատեսված առաջին մրցանակը (40 հազար դրամ) տրվեց դարձյալ Երեւանի ոսկերչական գործարանում պատրաստված ջութակին, երկրորդ մրցանակը (25 հազար դրամ)՝ օպերատոր Գուրգեն Գադաչիկին՝ «Իշխանության ալեգորիա» անվանումով հուշանվերի համար։

Լավ ցուցափեղկի ձեւավորման համար 50 հազար դրամ պարգեւատրում տրվեց մի սեփական ձեռնարկության, որը, օգտվել էր մեր երկրի բարիքներից՝ չորացած ծառ ու ճյուղից։ Մրցանակ բաշխողները բոլորին տեղյակ պահեցին, որ մրցանակները բաշխելիս բավականին տարբեր «պարամետրեր» են նկատի ունեցել, «ինչպիսիք են կատարողական արվեստը, մտահղացումը, ինչևոր մի տեղ նաեւ՝ քաղաքական հարցեր, կազմակերպչական տեսակետից հարցեր…»։

Ցուցահանդեսը երկարաձգվել էր մեկ օրով, սպասում էին Արգենտինայից եկած հյուրերին։ Եկան, շրջեցին, լուրջ դեմքերով դիտեցին… Ընթացքում պարզվեց, որ հյուրերը բացարձակապես ոչ մի կապ չունեն ոսկեգործության հետ, այլ ընդամենը տեքստիլ արտադրության ոլորտի ներկայացուցիչներ եւ մասնագետներ էին, որոնք նաեւ հետաքրքրվում էին հին հայկական գորգերով։ Նույնիսկ ոսկեգործներից մեկը զարմացավ, թե ինչու են Կլարա Ցետկինի անվան ֆաբրիկա տանելու փոխարեն բերել ոսկեգործության ցուցահանդեսին։

Ցուցահանդեսն ավարտվեց։ Մրցանակաբաշխության վերջում հասկանալի դարձավ, որ այս ցուցահանդեսն այլ, կազմակերպիչների համար ավելի «կարեւոր» նպատակ ուներ՝ նախագահին, վարչապետին, արտասահմանցի եւ սփյուռքահայ մեր հյուրերին ցույց տալ, որ գոյություն ունի Ոսկերիչների եւ ակնագործների միություն. «…Որ միությունն իրագործելի է»,- ասաց Երեւանի ոսկերչական գործարանի եւ վերոհիշյալ միության տնօրեն Էմիլ Գրիգորյանը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031