Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ իշխանությունների փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել՝ կապված առաջին հերթին ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ դիրքորոշման կոշտացման հետ։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
-Տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունների վերաբաշխման փուլում որտե՞ղ եք տեսնում Հայաստանի ապագան։ Ո՞ր ճամբարում է Հայաստանի տեղը։
– Հայաստանի արտաքին քաղաքականությունը հենվում է այն գաղափարի վրա, որ այս տարածաշրջանում ճամբարներ չեն լինելու։ Ճիշտ է, այսօր գերտերությունների միջեւ կա որոշակի մրցակցություն տարածաշրջանում նավթային եւ քաղաքական ազդեցությունը մեծացնելու առումով, բայց մեր քաղաքականությունն ուղղված է նման բեւեռացումը բացառելուն։ Թերեւս Ադրբեջանն է իր քաղաքականությունը կառուցում նման բեւեռացման վրա եւ փորձում մտածել սառը պատերազմյան կատեգորիաներով (պրոարեւելյան, պրոարեւմտյան), բայց մեր քաղաքականությունը գալիս է հակակշռելու այդ միտքը։ Մենք այսօր այն միտքն ենք սերմանում, որ սառը պատերազմի ավարտի հետ վերացել է նաեւ այդ մտածելակերպը։ Հայաստանը փորձելու է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ տարածաշրջանում իրենց գործունեությունը ծավալելու առումով բոլորին հավասար հնարավորություններ տալ։
Սրա լավագույն օրինակն այն է, որ անվտանգության ոլորտում մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրեր, մասնակցում ենք ԱՊՀ շրջանակներում կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, փորձում ենք այս ամենը լրացնել եվրոպական անվտանգության երաշխիքներով՝ ԵԱՀԿ շրջանակներում Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի համաձայն, ինչպես նաեւ խորացնելով մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով։ Այս սկզբունքներով է առաջնորդվելու Հայաստանը՝ փորձելով նպաստել բեւեռացման վերացմանը։
Կարդացեք նաև
-Հնարավո՞ր է արդյոք Ցեղասպանության ճանաչման խնդիրը դնել արտաքին քաղաքականության հիմքում եւ միաժամանակ ճկուն արտաքին քաղաքականություն վարել։
– Սխալ կլինի ասել, թե մենք Ցեղասպանության ճանաչման խնդիրը դնում ենք արտաքին քաղաքականության հիմքում։ Այդ խնդիրը պարզապես ներառված է մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Ես որեւէ առնչություն չեմ տեսնում այդ հարցը հետապնդելու եւ արտաքին քաղաքականության ճկունության միջեւ։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը որեւէ անդրադարձ ունենալու է մեր վարած քաղաքականության վրա, ապա՝ միայն դրական։ Դա մեզ ավելի լայն հնարավորություն կտա ճկուն քաղաքականություն վարել ե՛ւ ղարաբաղյան հարցով, ե՛ւ առհասարակ տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։
– Տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման վտանգ տեսնո՞ւմ եք։
-Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանի քաղաքական մեկուսացման վտանգ չեմ տեսնում։ Պարզապես, քանի որ այսօր կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակում, այդ առումով տնտեսական մեկուսացման որոշ տարրեր ակնհայտորեն կան։ Դա առնչվում է ոչ թե Հայաստանի ճկուն կամ ոչ ճկուն քաղաքականության, այլ ղարաբաղյան խնդրի հետ։ Արդեն իսկ այն փաստը, որ այսօր արեւելքևարեւմուտք առանցքը չկա, մեզ կիսով չափ տնտեսական մեկուսացման մեջ է դնում։ Դա, անշուշտ, իր բացասական հետեւանքներն է թողնում մեր վարած քաղաքականության արդյունքների վրա։
– Ի՞նչ երաշխիքներ կան, որ ցանկացած պահի Ռուսաստանն իր շահերից ելնելով չի լքի Հայաստանը, ինչպես դա տեղի ունեցավ սերբերի դեպքում։
– Նախ, մեր կախվածությունը Ռուսաստանից այսօր այնպիսին չէ, որ լքվելու դեպքում միանգամից հայտնվենք վակուումի մեջ։ Օրինակ. Ղարաբաղի խնդիրը։ Ռուսաստանն այսօր մյուս համանախագահների հետ վարում է մի այնպիսի քաղաքականություն, որը թերեւս չի համապատասխանում մեր շահերին եւ ցանկություններին։ Փաստորեն, այն փաստաթուղթը, որն առաջարկվել է՝ փուլային կամ նույնիսկ փաթեթային կարգավորում, հիմնված լիսաբոնյան սկզբունքների վրա, մերժվել է եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի կողմից։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թե քաղաքական եւ տնտեսական առումով որքա՞ն է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Մենք Ռուսաստանի հետ ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, բայց ես չեմ կարծում, թե կտրուկ փոփոխությունների դեպքում Հայաստանը միանգամից վակուումի մեջ կհայտնվի։
– Հնարավո՞ր է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ երկրում ունենալով օտար պետության ռազմական բազաներ։
– Այո, եւ դրա ապացույցը վերջին 6-7 տարիներն են։ Ես բավականին ակտիվ մասնակցություն եմ ունեցել մեր արտաքին քաղաքական գործունեությանը եւ որեւէ կերպ չեմ զգացել, որ ռուսական ռազմական բազաների գոյությունը Հայաստանում որեւէ ձեւով սահմանափակում է մեր գործունեության ինքնուրույնությունը։
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով ժամանակը մեր օգտի՞ն է աշխատում, թե՞ մեր դեմ։
– Այս առումով, կարծում եմ, բավականին որոշակիություն է մտել, եւ այսօր բոլոր կողմերի դիրքորոշումները հստակ են։ Իհարկե, գործընթացը դեռեւս փակուղու մեջ է։ Դժվար է ասել, թե ժամանակն ում օգտին է աշխատում։ Նման գնահատական տալ չեմ կարող։ Այսօր մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելն է, եւ այդ առումով որոշ տեղաշարժեր կան։ Ադրբեջանն առայժմ կտրականապես մերժում է դա, բայց այն փաստը, որ համանախագահողներն ըմբռնումով են մոտեցել խնդրին եւ այսօր փորձում են որոշ փոփոխություններ մտցնել իրենց առաջարկների մեջ, ինքնին վկայում է, որ Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է, եւ Ադրբեջանի կողմից նույնիսկ մի փոքր ճկունություն ցուցաբերելու դեպքում կարող ենք վերսկսել բանակցությունները։
– Լիսաբոնյան գագաթնաժողովը մի՞շտ եք խայտառակություն համարել, թե՞ միայն վերջերս։
– Խայտառակություն բառը ես չէի օգտագործի։ Գագաթնաժողովը մեզ համար անընդունելի եղել էր (ժամանակին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին հայտարարել էր), եւ հիմա էլ անընդունելի է։ Սխալ էր, եւ հիմա էլ է սխալ։ Այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Փաստերն ակնհայտ են. լիսաբոնյան սկզբունքների ամրագրումից հետո բանակցությունները մտել են շատ խոր փակուղի։ Եվ այն, որ դրա պատճառը եղել են լիսաբոնյան սկզբունքները, այսօր գիտակցում են բոլորը՝ եւ համանախագահողները, եւ Ադրբեջանը։ Եթե այդ սկզբունքները հայտարարության ձեւով ամրագրված չլինեին, այսօր մենք բանակցությունները շարունակած կլինեինք եւ, ես չեմ բացառում, հնարավոր կլիներ նույնիսկ փուլային տարբերակի իրագործումը։
– Կարելի՞ է իրական ուժ համարել արտասահմանում հայկական լոբբին։
– Իրական ուժ պետք է համարել, բայց պետք է իրատես լինել նրանց հնարավորությունների առումով։ Պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ լոբբին արդյունավետ է (հատկապես ԱՄՆ-ում) այն դեպքում, երբ նրանց հետապնդած խնդիրները դուրս չեն գալիս տվյալ երկրի ազգային անվտանգության շահերի շրջանակներից։ Այդ շրջանակներում, ճիշտ արգումենտներ ներկայացնելու դեպքում, համայնքի առկայությամբ եւ անձնական հարաբերությունների ինստիտուտի միջոցով լոբբինգը կարող է շատ արդյունավետ լինել։ Փաստերը վկայում են, որ նախորդ 6-7 տարիների ընթացքում հայկական լոբբին բավականին արդյունավետ է աշխատել։ Բայց միաժամանակ պետք չէ շարունակ հույս դնել լոբբինգի վրա։
Օրինակ. «Մետաքսի ուղու ակտի» հաստատումը ԱՄՆ Սենատի հանձնաժողովում։ Սա, իհարկե, դեռեւս օրենք չէ, եւ մենք լայն հնարավորություններ ունենք կասեցնելու այդ փաստաթղթի՝ օրենքի ուժ ստանալը, բայց սա այն դեպքն է, երբ շոշափվում են ԱՄՆ ազգային շահերը։ Այս դեպքում, իմ կարծիքով, հայկական լոբբիի առջեւ խիստ դժվար խնդիր է դրված։
– Համաձա՞յն եք, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, եւ եթե այո, ապա էլի ինչքա՞ն ժամանակ կպահպանվի այդ առավելությունը։
– Ես կարծում եմ, որ մեր բանակը բավականին մարտունակ է։ Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, որ մեր բանակի մարտունակությունը միշտ ամենաբարձրը լինի, բայց դա միայն մեզանից չի կախված։ Եթե մեր հարեւանները փորձեն շատ ավելի արագ ընթանալ, մենք այդ տեղը կզիջենք։
– Ինչպիսի՞ն եք տեսնում Ղարաբաղի ապագան։
– Ես կարող եմ ասել, թե ինչպիսին չեմ տեսնում Ղարաբաղի ապագան։ Ղարաբաղը, որպես ինքնավարություն, չի լինի Ադրբեջանի կազմում։
– Ի՞նչ եք հասկանում՝ ասելով ՂարաբաղևԱդրբեջան հորիզոնական կապեր։
– Այս հարցը հաճախ է տրվում։ Երբ մենք ասում ենք, որ այսօր չենք դնում անկախության կամ վերամիավորման հարց, եւ երբ ակնկալում ենք, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղն իր կազմում որպես ինքնավարություն տեսնելու հեռանկարի հետ հույսեր կապելուց, մեզ հարցնում են. ուրիշ ի՞նչ ձեւեր կան։ Ես կարծում եմ, ձեւեր կան, որոնց մշակումը հնարավոր կլինի միայն խնդրի փաթեթային կարգավորման շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման եւ վերոնշյալ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ