Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԻ ԵՎ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԴԵՄ

Հուլիս 01,1998 23:51

«Ազատություն» կուսակցության մամուլի ծառայության 1998 թվականի հունիսի 30-ի հայտարարությունը

Վերջին ժամանակներս որոշ քաղաքական գործիչների կողմից կեղծ լուրեր են տարածվում Հրանտ Բագրատյանի հասցեին։ Ամեն ինչ սկսվեց «Իրավունք» եւ «Երկիր» թերթերում պրն Բագրատյանին ինչ-որ մտքեր վերագրելուց։

«Երկիր»-ը հղում էր կատարում «Իրավունքին», վերջինս «Armenian mirror»-ին, այս վերջինս՝ ինչ-որ հայկական թերթի եւ այլն։ Տպագրվածը, մեղմ ասած, կեղծիք էր։ Եթե «Երկիր»-ի համարձակությունը բավարարեց հերքումը տպագրելու (ինչը յուրաքանչյուր թերթ պարտավոր է անել համաձայն մամուլի մասին օրենքի), ապա «Իրավունքի» խմբագիր Հ. Բաբուխանյանը եւ հոդվածագիր Հ. Գալաճյանը հիստերիկ գալարումների մեջ ընկան, երբ նրանցից պահանջվեց հերքելու ակնհայտ կեղծիքը։ Ավելին, «Ազատություն» կուսակցության ներկայացուցչին նրանք ուղղակի խաղարկում էին՝ նշանակելով հանդիպում եւ, բնականաբար, խուսափելով կատարելու իրենց խոստացածը։ Եվ սրանք դեռ խոսում են իրավական պետության նորմերից, քաղաքացիական հասարակությունից, մաքուր ձեռքերից եւ այլն։ Վերը բերված միջադեպը փաստում է մամուլի առանձին միջոցների գնալով աճող կորպորատիզացիան. մեկը մի բան է գրում, մյուսը, ելնելով վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունից, կրկնորդում է այն, փորձ կատարում հասարակական կարծիք ձեւավորել։

Ասվածի լավագույն վկայությունն է քաղաքացի Վանիկ Սմբատի Սիրադեղյանի (1946 թ. ծնվ.) օրինակը։ Սա լայն գործունեություն է ծավալել հասարակության ուշադրությունն իրենից շեղելու, իր վերահսկողության տակ գտնվող լրատվության մարմինների միջոցով բացահայտ կեղծիքներ տարածելու, հայհոյանքներ տալու ուղղությամբ («Առավոտ», 24-ը հունիսի)։ Վանիկ Սիրադեղյանին անմիջապես ձայնակցեցին ներկայիս իշխանություններին հարող մամուլի որոշ միջոցներ («Իրավունք», 26-ը հունիսի), ոմն դաշնակցական Հրայր Կարապետյան («Առավոտ», 26-ը հունիսի)։

Եթե Վանիկ Սիրադեղյանը, փնովելով Հրանտ Բագրատյանին, պարզապես բանտից խուսափելու փորձեր է կատարում՝ նկատի ունենալով իր կողմից կազմակերպած մարդասպանությունները, փորձում է «փրկել» իր կողմից ժողովրդից փախցրած աներեւակայելի կարողությունը, խուսափել երկրի զարգացումը մի երկու տասնամյակով հետ գցած լինելու համար պատասխանատվությունից, ապա մյուսները հիանալի հասկանում են, որ քաղաքացի Վանիկ Սիրադեղյանի չկշռադատված ելույթները լավ առիթ են հասարակությանը Հրանտ Բագրատյանի դեմ գրգռելու, երկրում նկատվող քաղաքական, տնտեսական անկումը որեւէ կերպ բացատրելու համար։ Նախկին իշխանություններին թալանի մեջ մեղադրելը սրանց կողմից մեր օրերում ծավալված աննախադեպ թալանին արդարացում տալու նպատակ է հետապնդում։

Քաղաքացի Վանիկ Սիրադեղյանն այս անգամ լրիվ իրեն կորցրել էր։ Լկտի արտահայտություններից բացի նա փորձեց աղմուկ բարձրացնել Երեւանի «Արարատ» գինու կոմբինատի սեփականաշնորհման հարցով։ Զգացվում էր նրա ցայտնոտի մեջ լինելը։ Պրն Սիրադեղյանին պետք է հանգստացնենք. նրան իրոք անխուսափելի կործանում է սպասում, բայց ոչ այնքան շուտ, ինչպես իրեն թվում է։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք լավ հասկանում են, որ Վանիկ Սիրադեղյանը հիանալի միջոց է վերջնականապես կործանելու ՀՀՇ-ն։ Եթե նա հայտնվի բանտում, ապա ՀՀՇ նոր ղեկավարը, հնարավոր է, կարողանա աստիճանաբար կենդանացնել կազմակերպությունը։ Սիրադեղյանի լինելիության պարագայում կազմակերպությունը կործանված է։

Պատկերացնո՞ւմ եք, Վանիկ Սիրադեղյանը սկսել է խոսել ազնվությունից։ Գինու կոմբինատի թեմատիկան հոգեհարազատ դուրս եկավ «Իրավունք»-ին, Հ. Կարապետյանին։ Հրանտ Բագրատյանին վերագրվեց գինու կոմբինատի 25 տոկոս բաժնեմասի ստվերային սեփականատիրության իրավունքը։ Այս պարոններին ուզում ենք ասել, որ կեղծիքը պետք է չափ ու սահման ունենա։ Եթե «Իրավունքը» «հայտնաբերի» վերը նշված 25 տոկոսի բաժնեմասը (պետության կողմից վարվող բաժնետերերի ռեեստր գոյություն ունի), ապա Հրանտ Բագրատյանը դրանց 100 տոկոսն էլ նվիրում է «Իրավունքին»։ Դե, ուրեմն, շտապեք տիրանալ ձեր բաժնետոմսերին։ Բացի այդ, Հրանտ Բագրատյանը մեր երկրի հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որը մինչեւ հրաժարական տալը ու դրանից հետո օրինական ճանապարհով լուրջ փողեր է աշխատել։ Այդքանից հետո սազակա՞ն էր Հրանտ Բագրատյանին ինչ-որ մեկ գործարանում ընդամենը 25 տոկոս ունենալը։

Գինու կոմբինատի մասին արվող դատարկ հայտարարություններին ավելացնենք այն, որ ՆԳՆ-ն դրա սեփականաշնորհմանը որեւէ առարկություն չի ունեցել։ Ուրեմն ինչո՞ւ համար է Վ. Սիրադեղյանի բարձրացրած աղմուկը։ Նախ, կոմբինատի մի մասը բառի բուն իմաստով նա կերել է Ս. Սեւադայի հետ (տերերը պահանջում են վերադարձնել յուրացված գույքը)։ Ապա, նրա շրջապատը տիրում է զովացուցիչ ջրերի եւ հյութերի արտադրության շուկային։ Այժմ, առնելով գինու կոմբինատում «Պեպսի-կոլա» ընկերության կողմից ներդրումներ կատարելու լուրը, քաղաքացի Սիրադեղյանը իրար է խառնվել։ Վանիկ Սմբատի, օրենքի խախտումներ ե՞ք փնտրում, խնդրեմ։ Տասնյակ օբյեկտներ հենց այնպես նվիրել եք (եւ ոչ թե սեփականաշնորհել) ձեր հարազատներին (դուք համարում էիք, որ այդ ամենն առանց այդ էլ ձերն է, էլ ինչո՞ւ պետք է սեփականաշնորհեք)։ Միայն Երեւանում քաղաքապետների կողմից տասնյակ հին գեղեցիկ օբյեկտներ, ամբողջ այգիներ, բազմաթիվ տարածություններ ձրիաբար տրամադրվել են ձեր կողմից հովանավորվող մանկլավիկներին։ Արդար սեփականաշնորհման կողմնակից, իսկ այգիներն ինչո՞ւ էիր խլում երեխաներից։

Մոտավորապես նույն հոգսերն ունեն դաշնակցական-իրավունքային տիպի պարոնայք։ Լսեք, չէ՞ որ հիմա դուք իշխանություն եք։ Երեւանի գինու կոմբինատը սխա՞լ է սեփականաշնորհվել, ուղղեք։ Որոշում ընդունեք, նորովի սեփականաշնորհեք։ Չէ՞ որ օրենքն այդ բոլորը թույլ է տալիս։ Լավ, Բագրատյանը սխալ էր սեփականաշնորհել մոտ 550 ձեռնարկություն։ Բա դրանից հետո 850 ձեռնարկությունների սեփականաշնորհումն ինչո՞ւ եք նույնությամբ կրկնում։ Պարզվում է, որ ձեր իրական նպատակը թալանն է։ Չէ՞ որ ձեր գլխում էլ Սիրադեղյանի մտքերն են. իշխանություն լինենք ու մի բան էլ սեփականաշնորհե՞նք։

Վկան օրեցօր ավելացող դաշնակցականևտնտեսական օբյեկտների ցանկն է, մասնավոր սեփականատերերից խլվող շենքերը, երեխաների ճամբարները, տնտեսավարող սուբյեկտների դաշնակցականացումը, երկրի ղեկավարության մակարդակով սրան-նրան շենքեր ու տարածքներ հանձնելը։ Հայաստանի հայերն իզուր են կարծում, թե դաշնակցության ներկայիս ղեկավարները պատրաստվում են սփյուռքից Հայաստան ռեսուրսներ փոխադրել։ Նրանց նպատակը մեզ է՛լ ավելի կլպելն է, այստեղից մի բան դուրս տանելը։

Հրանտ Բագրատյանի դեմ բարձրացրած վայնասունը նպատակ ունի թույլ չտալու նրա վերադարձը։ Չէ՞ որ առջեւում իշխանությունների փոփոխության խնդիրն է։ Երկիրը թաղվում է սոցիալիստական կոռուպցիայի, անգրագիտության եւ դեմագոգիայի գիրկը։ Աղմուկ բարձրացնողները պետք է հասկանան, որ Բագրատյանի կամ նրա գաղափարները կիսողների վերադարձն անխուսափելի է։ Այս երկիրը պետք է առաջ շարժվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031