Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺՆ-ն կակտիվանա օրերս

Հուլիս 01,1998 23:51
agasi arshakyan

Նախագահական արտահերթ ընտրություններից ի վեր

«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը կարծես թե մնացել է ստվերում։ Այս ամիսների ընթացքում չի եղել որեւէ միջոցառում, հրապարակային նախաձեռնություն՝ կամ հայտարարություն։ Պատճառներն հասկանալն այնքան էլ դժվար չէ։ Բացատրությունների հիմքում ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանի հավաստումն է, թե իրենք չեն փոշմանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու համար։ Թեեւ դեռեւս տեղաշարժեր չկան, սակայն ՀԺՆ-ականները հույս ունեն, որ նոր նախագահի վերաբերմունքն իրենց նախաձեռնության նկատմամբ դրականորեն տարբեր է լինելու նախորդինից։ Դրանով հանդերձ, մոտ օրերս ՀԺՆ-ն իրեն դրսեւորելու առիթ կունենա՝ Հայաստան է ժամանում Ռուսաստանի Պետդումայի՝ Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու գործին զորակցող հանձնաժողովի պատվիրակությունը։ Նրանում ընդգրկված պատգամավորներ Տյագունովն ու Տիխոնովը դիտորդական առաքելությամբ Հայաստանում եղել են նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ գեներալ Սուրկովին ու Թելման Գդլյանին առանձնակիորեն ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Միով բանիվ, ՀԺՆ-ի հյուրերը հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր թեւերի ներկայացուցիչների հետ, որից հետո կճշտեն իրենց անելիքները։ Իսկ առջեւում Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանականների հերթական նստաշրջանն է, որին դիտորդի կարգավիճակով մասնակցելու են նաեւ Հայաստանի պատվիրակները։

Առաջիկայում նախատեսված նշյալ իրադարձությունների արդյունքում ՀԺՆ-ն կհստակեցնի դիրքորոշումն ապագայի իր կեցվածքի նկատմամբ։
Ի դեպ, Աղասի Արշակյանն առանձնահատուկ ընդգծեց, որ այս հարցի շուրջ իրենք շատ ավելի սերտ են համագործակցում Ռուսաստանի կոմկուսի, քան նրանց հայաստանյան կուսակիցների հետ։ Վերջիններս, ինչպես մատուցվեց, ավելի շատ խանգարել եւ շարունակում են խանգարել. «թեեւ քանիցս հայտարարեցին, թե կես միլիոն, այնուհետեւ 900 հազար ստորագրություն են հավաքել, սակայն ըստ էության նրանք 600 հազար ստորագրություն հավաքեցին ընդամենը»։

Ավելի ուշ ասվեց, որ նույնիսկ այդքան ստորագրություն չի հավաքվել։ «Նրանք 600 հազար ձայն չեն հավաքել, բարեկա՛մ։ Կոմկուսի բյուրոյի անդամներից ոմանք ստորագրություն էին հավաքում մեր գրքույկներով»։ Իսկ Հայկոմկուսը խանգարեց նրանով, որ ժողովրդյան կամարտահայտություն ձեւակերպող փաստաթուղթը դարձրեց զուտ իրավական հարցման թերթիկ։ Կար նաեւ ստորագրությունները ժողովրդական եւ ոչ թե կարմիր դրոշի ներքո հավաքելու խնդիր։

Զրույցի վերջում Աղասի Արշակյանը հավաստեց, որ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նախագահի խորհրդականներ Վահան Հովհաննիսյանի եւ Արամ Սարգսյանի հետ։ Վերջինիս մոսկովյան այցելության մասին Արշակյանը խուսափեց որեւէ մանրամասն հաղորդել։ Մինչդեռ նույն շրջանակին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արտաքին հարցերով խորհրդականի այցի ընթացքում արդյունավետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031