Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կազինոյի անթոլոգիա

Հուլիս 01,1998 21:16

Մոլախաղի առաջին հիշատակությանը հայ պատմիչների մոտ հանդիպում են Մովսես Կաղանկատուացու «Պատմութիւն Աղուանաց աշխարհի» աշխատության մեջ. արքայազնը ճան է խաղում հոր վեզիրների հետ եւ խաղի ցանկացած վախճանի դեպքում նրանց ստիպում վճարել պարտվելու գինը։ Չնայած հայ պատմիչները պնդում են, թե մենք աղվանների հետ որեւէ գենետիկ կապ չունենք, այնուամենայնիվ, Դարվինի տեսությունը եւ Երեւանի կենտրոնում հանդիպող «Բինգո»-ների եւ կազինոների բազմազանությունը հակառակն են վկայում։ Փոխարենը չկար հնդեվրոպական քաղաքակրթության մեկ այլ պարտադիր ատրիբուտ. խոսքը սթափարանների մասին է։ Այդ ճակատագրական սխալն ուղղելու համար շատ շուտով մենք հրաժեշտ կտանք «ամենաճիշտ խմող ազգի» իմիջին, եւ կբացենք «լրջացնելու պահն» ապահովող այդ հիմնարկը։
Սակայն Երեւանի կենտրոնում գործող «ղումար» խաղալու հաստատությունները, որտեղ մոլախաղի են տրվում մեր մոլորյալ հայրենակիցները, պարզվում է՝ ամենեւին էլ մեր 2000-ամյա քաղաքակրթության ապացույցները չեն։ Քաղաքակիրթ աշխարհում նման հաստատությունները չեն տեղադրվում նույնիսկ քաղաքների արվարձաններում։ Պատճառներից մեկը թերեւս այն է, որ հարուստների կողմից մեծ գումարների վատնումը «դարդից խմելու» պատճառ է դառնում անապահով քաղաքացիների համար։ Այնպես որ երկու ելք կա. կամ՝ բացել մի քանի սթափարան, կամ՝ Հայաստանում գտնել սեփական Նեւադա անապատը՝ մեզ հասանելիք Լաս Վեգասն այնտեղ տեղադրելու համար։ Այս գործի համար շատ հարմար է Սիսիանը կամ, ասենք, Տաշիրը։ Իսկ Երեւանի կենտրոնում փակված կազինոներից մեկի տեղում կարող ենք վերջապես բացել հայկական առաջին սթափարանը, որտեղ մեր հայրենակիցները մարդավարի լրջանալու հնարավորություն կստանան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել