Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական քաղցկեղը «Առագաստի» մատույցներում կամ հինգ րոպեն բավական է բողոքելու համար

Հունիս 30,1998 00:00
aragast

Հունիսի 26-ին՝ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, «Առագաստ» սրճարանի շրջակայքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այնուհետեւ, տեղի ունեցավ, ինչպես ընդունված էր ասել, բողոք-ակցիա՝ «Ես ուզում եմ ապրել» կարգախոսով։ Ասեմ, որ բողոք-ակցիան ոմանց շուրթերին հնչում էր (մինչեւ սկսվելը) իբրեւ ռոք-ակցիա, բայց, ի վերջո, մոտեցավ ջազ-ակցիայի։ Ժամը 19-ին սկսվեց համերգը։ Ներկայացնեմ առաջին հինգ րոպեն։

Սկզբի համար հնչեց մի գլուխկոտրուկ նախադասություն. «Ապրենք այնպես, որ քաղաքի ամենաուժեղ բամբասողին վաճառենք մեր թութակը»։ Երեւում է հաղորդավարը։ Ոտքերի բարձր ու ցածր դիրքով ու օրորվելով նա սկսում է երգել, ներեցեք, կարդալ «տեքստը», որից ներկայացնում եմ մի հատված՝ առանց խմբագրական միջամտության (ուշադրություն դարձրեք կետադրական նշաններին). «Ա՜յս ակցիայի նպատա՜կն է սատար կանգնել միմյա՜նց, սատար կանգնել մեր նո՜ր պետությանը, եւ պայքարել ընդդեմ թմրամոլությա՞՜ն եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությա՛ն։ Մենք չպետք է թո՜ւյլ տանք, որ թմրամոլությո՜ւնը՝ այդ սոցիալական քաղցկե՛ղը, մտնի մեր առօրյան։ Սա ուղղակի լոկ համերգ չէ՜, սա ուղղակի դասախոսությո՜ւն չէ» : 19.05 արդեն չեմ լսում։ Կարդում եմ ցուցանակներն ու կարգախոսները. «Զատիկ» մանկատան երեխաները դեմ են թմրամոլությանը» (ու նկարված է մի մեծ, կակաչանման, կարմիր զատիկ)։ Կամ. «Հրաչյա Աճառյան» համալսարանի ուսանողություն. ուսանողներին՝ կրթություն եւ ոչ մի թմրամոլություն» եւ այլն։ Ասում են՝ հասել է մինչեւ Շուշան Պետրոսյան։

Հ. Բ.

Հ.Գ. Նշենք, որ «Առագաստ» սրճարանում կազմակերպված անվճար հյուրասիրության մուտքը միայն մեր ազգի որոշ ներկայացուցիչների էր թույլատրվում, այն էլ՝ հրավիրատոմսերով: Այն մասում, որտեղ նստած էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդներին բաժանվեց գրականություն։ Դրանցից մեկն ընկավ ձեռքս. «Ապահով սեքսը առողջության երաշխիքն է»։ Գրքի կազմին ամրացված էին երեք պահպանակներ։ Իսկ տրվող խորհուրդների առաջին կետն ասում է. «Փաթեթի վրա ստուգեք պահպանակի պիտանիության ժամկետը»։ Հա՛, վերջին կետը. «հանգույց կապեք եւ նետեք աղբարկղը»։

ԱԶԳԻ ՀԱՄԱՐ

Թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան իր մեքենան էր զոհաբերել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լրատվական ծառայության օպերատոր Ստեփան Հաջյանը։ Հանուն ազգապահպան այդ գործի, թույլ էր տվել իր մեքենան գուաշով նկարազարդել ու վրան գրել՝ «Հունիսի 26. ես ապրել եմ ուզում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930