Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդվածի առիթով

Հունիս 30,1998 00:00
krakoc

«Երկիր» թերթի մայիսի 13-ի համարում տպագրված է «Զրույց հողի հետ» վերնագրով մի հոդված, որ սկսվում է Գյոթեի «Ֆաուստով», գնում դեպի ՀՀՇ եւ հասնում սպանության մի դեպքի։ Սպանության մասին պատմվող հատվածից որոշ մեջբերումներ անենք. «Վերջերս Սեւանում կատարվեց մի սպանություն։ Սեւան քաղաքի բնակիչ Հարություն Հարությունյանը ավտոմատ հրազենով սպանել էր ցամաքաբերդցի Դավոյին: 1995թ. ամռանը Դավոն կազմակերպել էր Հարությունի եւ նրա եղբոր՝ Արգամի սպանությունը։ Հարությունը հրաշքով ողջ էր մնացել։ Արգամը սպանվել էր տեղում։ Շրջդատախազության շնորհիվ գործը հենց սկզբից տապալման ուղին բռնեց։ Ասացին, թե Դավոն չի սպանել, այլ նրա եղբոր որդի Հակոբը։ ՀՀ Քր. օր.-ի 99-ի հոդվածի մի քանի կետերով որակվող արարքն այնքան անմեղացավ ՀՀ դատախազությունում, որ մի քանի ամիս նստելուց հետո Հակոբը դուրս եկավ բանտից։ Հակոբի վերադարձը, Դավոյի անպատժելիությունը։ Եվ գործեց ավտոմատը, Դավոն սպանվեց։ Ավելի ճիշտ՝ Հարությունն իր համար սպանեց մեր պետության դատաիրավական համակարգը»։

Հիշյալ հոդվածից հետո «Առավոտին» պարզաբանումներ ցանկացան տալ զոհվածի կինը՝ Վերգինե Մարգարյանը, եւ հարազատները։ Ներկայացնում ենք առանց հեղինակային միջամտությունների։ «Ամուսինս՝ Դավիթ Մարգարյանը (Դավո) «Սեւան» հյուրանոցում ընկերների ու հարազատների հետ նշում էր եղբոր տղայի ծննդյան տոնը։ Ծնունդի ժամանակ նրանց ընկերներից Արգամը (նա եւ իր եղբայրը՝ Հարությունը (Արտյոմ) մտերիմ հարաբերությունների մեջ էին տեգորս տղաների հետ) սեղանի մոտ հայհոյել է։ Իսկ ամուսինս մեծի իրավունքով ապտակել է նրան, եւ վերջինս ներողություն է խնդրել։ Դրանից մի կես ժամ հետո Արգամն ու Հարությունը վերցնում են ավտոմատներն ու Ցամաքաբերդի իրենց տնից մինչեւ հյուրանոց կրակելով անցնում։ (Ես մեր տնից լսում էի այդ ձայները)։ Հետո բարձրացել ու կրակել են հյուրանոցի մարդկանց վրա։ Բոլորը մտել են սեղանների տակ՝ զարմացած նրանց պահվածքից, որովհետեւ նրանք վախկոտ տղաներ էին։ Հարությունն սկսել է կրակել։ Մահացու փամփուշտներից մեկը կպել է նրա եղբորը։ Հակառակ կողմը ինքնապաշտպանության է դիմել։

Մի խոսքով, դատ եղավ, մեղավորները պատժվեցին։ Դա եղել է 1995 թվականին։ Անցավ երեք տարի, եւ սրանից մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Դավիթն ընկերոջ հետ գնում է ավտոսերվիս։ Նա մեքենայի մեջ նստած է լինում, երբ մոտենում է մեկը՝ Վլե մականունով։ Լպիրշ ծիծաղով նա գալիս ու թիկունքով փակում է մեքենայի հայելին՝ խոսեցնելով Դավիթին։ Հետեւից սողեսող մոտենում է Հարությունը եւ սկսում կրակել ամուսնուս մարմնի տարբեր մասերին (10 օրգան վնասվել էր)։ Հետո նրանք նստել են մի մեքենա ու փախել։ Հիմա այդ երկուսը հետախուզման մեջ են։ Մինչ այսօր նրանց բռնելու ուղղությամբ ոչինչ արված չէ։ Լսել եմ, որ Սեւանի Ծաղկունք գյուղում են։ Ասեմ, որ հիվանդանոցի ճանապարհին ամուսինս ասել է. «Գլխիս Վլեն սարքեց, Արտյոմն էլ (Հարությունը) կրակեց»։

Ինչո՞ւ ամուսնուս սպանվելուց հետո գրվեց այդ հոդվածը։ Ինչո՞ւ նրանք չդիմեցին օրենսդրական մարմիններին, եթե իրոք Դավիթը մեղավոր էր որեւէ հարցում։ Թող բողոքեին օրենքի դեմ, եթե ինչ-որ բան ճիշտ չէր որոշվել ժամանակին։ Իսկ իմ ամուսինը միշտ օգնում էր չքավորներին, որբ ու չունեւոր մարդկանց։ Ես ունեմ բոլոր ձայներիզները. Դավիթը Քյալբաջարի հայկական եկեղեցու խաչն է կախել, շատ ու շատ երեխաների կնքահայրն է դարձել։ Իսկ հիմա Սովետաշենում նրա անունով եկեղեցի են կառուցում…»։

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Տեղեկացնենք, որ Վերգինե Մարգարյանը ամուսնու սպանության ժամանակ եղել է Երեւանում եւ, բնականաբար, դեպքի մանրամասներն իմացել ու այնուհետեւ մեզ է ներկայացրել ներկա հարազատների ու ընկերների պատմածներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930