Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔՈՎ

Հունիս 30,1998 00:00
Stepan Zaqaryan

Ձոն, հորդոր արհեստավարժության

Սիրելի՛ հայրենակիցներ, ժողովուրդ, հանգիստ եղեք։ Կոնյակի գործարանի, բոլորիս ապագայի հանդեպ մեր կասկածն ու անհանգստությունը չհասկանալուց է։ Չէ որ մեր ազգընտիր նախագահը, որ ստացավ ձեր ձայների 60%-ը, ամենաիմաստունն է, շրջահայացը, լայնախոհը, հայրենասերն ու հերոսը։Ցավոք, ես այն ժամանակ նրան չընտրեցի, քանզի հայ ազգի ներկայացուցիչ եմ, մի ազգի, որի մասին մեր թշնամիներն ասում են՝ հայի վերջին խելքը իմս լիներ։ Այն ժամանակ իմ սկզբի, մեջտեղի, բայց ոչ վերջին խելքն էր, եւ չհասկացա, որ ժողովուրդը, միեւնույն է, չի սխալվի, կընտրի նրան, ով ամենահեռատեսն է, ամենաբարին, ամենաարդարը, ամենաանձնազոհը։ Ցավոք, ինչպես արդեն ասացի՝ դա հասկացա միայն վերջերս, երբ հայի միայն հետին խելք ունեցողները (նույնն է թե՝ արհեստավարժ) կոնյակի գործարանը վաճառեցին ֆրանսիացիներին, եւ մեր ամենաընտրյալ, ամենահեռատես, ամենաանձնազոհ նախագահը հայի միայն սկզբի եւ մեջտեղի խելք ունեցողներիս կշտամբեց, ասելով՝ «Մեկ տարուց հետո այս գործարքին այժմ խանգարողները, համոզված եմ, ուղղակի ամաչելու են այդ մասին խոսել, քանզի արդյունքները լրիվ այլ են լինելու»։ Եվ արդեն դժվար չէ կռահել, սիրելիներս, որ կոնյակի գործարանի վաճառքը դեռ միայն սկիզբն է։

Այդ է հուշում մանկությունից միմիայն հայի վերջին խելք ունեցող, իսկ վերջերս վերջին շնչում գտնվող հայի խելքի տեր (նույնն է թե՝ ամենաարհեստավարժ) դարձած Էդուարդ Սանդոյանի գերժամանակակից աղյուսակը, ըստ որի կոնյակի գործարանն արժե 0 դոլար։ Այլեւս դժվար չէ կռահել, որ մնացած բոլոր գործարաններն արժեն մինուս՝ մինուս 500, մինուս միլիոն, մինուս միլիարդ, այսպես՝ շարունակ։ Հիմա հասկանո՞ւմ եք, սիրելիներս, ինչու ենք նման փայլուն հարկային քաղաքականություն վարում։ Կհավաքենք այն մինուսը, որն արժե, ասենք, Մերգելյան ինստիտուտը եւ միջազգային մրցույթով (տենդեր) կվաճառենք ոչ ավել, ոչ պակաս Բիլ Գեյթսին՝ աշխարհի ամենահարուստ մարդուն, որը նույնիսկ Սանդոյանից ավելի արհեստավարժ է, այն է թե՝ ամենաարհեստավարժ։ Ձեզնից ոմանք, սիրելինե՛րս, գուցե կասկածեն՝ Գեյթսը կվերցնի՞ Մերգելյանը ընդամենը վրադիր մի քանի միլիոնով։

Իհարկե, մի քանի միլիոնը նրա համար ի՞նչ փող է, բայց դուք չգիտեք, սիրելինե՛րս, շահերի ինչ կիզակետ կդառնա Հայաստանը, երբ «Երազը» մինուս միլիարդով վաճառվի «Մերսեդեսին», կարի բոլոր ֆաբրիկաները մինուսով՝ «Պիեռ Գարդենին», «Հրազդան» ստադիոնը տոնավաճառով (որ մինուս դուրս գա) բրազիլացիներին, Մատենադարանը (Զորի Բալայանին հանգստացնելու համար)՝ միմիայն «Լուվրին» կամ «Էրմիտաժին», Բյուրականը՝ Պոլկովոյին, Խաչատրյանը՝ Բեթհովենին, Թումանյանը՝ Շեքսպիրին, Սարյանը՝ Պիկասոյին: Եվ մի տարի հետո, սիրելինե՛րս, մենք հաստատ կամաչենք, որ ֆրանսիացի չենք, գերմանացի չենք, անգլիացի չենք, ճապոնացի չենք, կորեացի չենք, արաբ չենք, ուզբեկ չենք։ Եվ կհասկանանք, որ, եթե հայ ենք, ընդամենը մի ելք ունենք՝ լինել արհեստավարժ։ Հետո․․․

Հետո, սիրելինե՛րս, երբ մի կես տարուց բոլորս արհեստավարժ դառնանք, եւ նույնիսկ մինուսով վաճառելու ոչինչ չմնա, սխալվում եք, թե կանգ կառնենք ու կպրծնենք մի թեթեւ ամոթով։ Հետո, սիրելիներս, մրցութային կարգով աճուրդի կհանվեն հիմնական պաշտոնները՝ Հայաստանում, Ղարաբաղում։ Չէ որ աշխարհում անգործ մնացած շատ նախարարներ, վարչապետներ, նախագահներ կան, որ մեր պաշտոնյաներից (չհաշված պաշտպանության նախարարներին) շատ ավելի արհեստավարժ են, ու Հայաստանը նրանց ղեկավարությամբ մեկեն դուրս կգա համաշխարհային քաղաքական շուկա։ Սիրելիներս, չեմ ուզում թվարկել կապի, տրանսպորտի, արդյունաբերության, գիտության եւ կրթության ու հատկապես արտաքին գործերի նախարարի աթոռի բազում արժանավորագույն գնորդներին։ Նրանք այնքան շատ են, որ խորհրդարանում կարելի է բաց քննարկումներ կազմակերպել։

Խիստ դժվար կլինի վարչապետի աթոռի ճիշտ եւ ձեռնտու վաճառքը։ Այն, ըստ Սանդոյանի 0 սանդղակի, սիրելիներս, կարող է հասնել մինուս աստղաբաշխական թվի։ Չէ որ այնպիսի աշխարհահռչակ թեկնածուներ կան, ինչպիսիք են Մարգրետ Թետչերը, Թանսու Չիլլերն ու Վիկտոր Չեռնոմիրդինը։ Ղարաբաղի նախագահի աթոռը, սիրելիներս, ցավոք՝ դարձյալ մինուսով հարկ կլինի վաճառել աննկուն Յասեր Արաֆաթին։ Նրա հսկայական փորձն ու հմտությունը Ղարաբաղի հարցը լուծելու ճանապարհին կարող են անփոխարինելի լինել։ Եվ վերջում, սիրելիներս, ամենավերջում կգա ամենապատասխանատու պահը։ Մեր ամենաիմաստուն, ամենահերոս նախագահը հանուն ժողովրդի բարօրության մեծ անձնազոհություն ցուցաբերելով՝ վաճառքի կհանի սեփական աթոռը։

Ըստ Սանդոյանի սանդղակի՝ գինը եւ թեկնածուին որոշելու համար հարկ կլինի կազմակերպել համաժողովրդական քննարկում։ Առաջ ընկնելով, սիրելիներս, ուզում եմ ասել, որ հանուն Ղարաբաղի ես կտրականապես դեմ եմ Միխայիլ Գորբաչովի, ու կարծեմ արդեն վախճանված, Պոլ Պոտի թեկնածությանը եւ կողմ եմ միմիայն Ռոնալդ Ռեյգանին։ Եվ երբ այս ամենը մեկ տարուց իրականություն դառնա, սիրելիներս, բոլորս հայի շատ վերջին խելք կունենանք եւ կհասկանանք՝ ինչ նկատի ուներ մեր երկայնամիտ, արդարադատ, անձնազոհ նախագահը, ասելով. «Հանգիստ եմ նայում այս ամենին։ Կարեւորն այն է, որ մեկ տարուց հետո այս գործարքին այժմ խանգարողները, համոզված եմ, ուղղակի ամաչելու են այդ մասին խոսել, քանզի արդյունքները լրիվ այլ են լինելու»։

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930