Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք» ստացած բժիշկներ եւ «ծաղկող» առողջապահություն

Հունիս 30,1998 00:00
bjishk

Հունիսի 21-ին կիրակնօրյա «Լրաբերը» գերհագեցած քաղաքական հաղորդման վերջում հիշեցրեց, որ հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է, իսկ բժիշկների լիցենզավորման կենտրոնում տեղեկացա, որ միայն 1998 թ. լիցենզիա է տվել մոտավորապես 2000 (երկու հազար) մարդու։ «Մոտավորապես»-ը պայմանավորված է նրանով, որ լիցենզավորման կենտրոնի տնօրեն Մ. Կիրակոսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունում գտնվող բժիշկների լիցենզավորման կենտրոնում համակարգիչ չկա եւ հաշվառումը թղթային է՝ ստույգ թիվ հայտնել հնարավոր չէ։ Տրամաբանորեն, թղթով եւս կարելի է ստույգ թիվ ունենալ, սակայն «տրամաբանություն» տերմինը հիշյալ կենտրոնում չողջունեցին։

Կենտրոնի տնօրեն Մ. Կիրակոսյանին դիմեցի լիցենզավորման հետեւյալ կարգի անտրամաբանությունը պարզաբանելու խնդրանքով։ Ինտերնատուրան ավարտող ապագա բժիշկների լիցենզավորման քննության ժամանակ ստացած թվանշանից է կախված, թե քանի տարվա լիցենզիա կստանա ապագա բժիշկը։ Ասենք, եթե քննության ժամանակ քննվողը ստանում է «երեք»՝ կարող է բժիշկ աշխատել երեք տարի, «չորս» թվանշանի դեպքում՝ չորս տարի, «հինգի» դեպքում՝ հինգ։ Ես առաջարկեցի Մ. Կիրակոսյանին տրամաբանել, եթե քննվողը ստանում է «երեք», նշանակում է, որ նա չի պատասխանել որեւէ ենթաբաժին, այսինքն՝ չգիտի, եւ նրան հնարավորություն է տրվում երեք տարի հիվանդ բուժել։ Մ. Կիրակոսյանը ըմբոստացավ տրամաբանելու իմ առաջարկի դեմ՝ պատասխանելով, որ ինքը «այստեղ նստած է ոչ թե տրամաբանելու, այլ հրամաններ կատարելու համար, եւ, որ ինքը ենթակա մարդ է»։

Լիցենզավորման կենտրոնի տնօրենը համոզեց, որ լիցենզիաների հանձնման կարգի հարցում ինքը կոմպետենտ չէ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում «կոմպետենտ» չեմ արտահայտությունը լսել եմ բազմաթիվ չինովնիկներից։ Հավանաբար սա նոր գործելաոճ է, որովհետեւ առաջ անգամ ոչ կոմպետենտ չլինելու դեպքում մարդիկ ուզում էին կոմպետենտ թվալ։ Թեեւ առողջապահության նախարարության շենքի ողջ պարունակությունը հուշում է թղթարարության մենիշխանության մասին։ Այն, որ ինտերնատուրան «3»- ով ամփոփած մարդը բժիշկ լինելու հնարավորություն է ստանում, որեւէ մեկին այս շենքում հուզող խնդիր չէ, այն, որ հիվանդանոցում հիվանդին առաջարկում են գործիքները տանել տուն՝ ախտահանման՝ եւս հետաքրքրության չարժանացող փաստ է, այն որ մանկաբարձն ու մանկական քույրը ծննդատանը շրջում են երկար եւ ներկած եղունգներով՝ առողջապահության այս հսկա շենքի ներսում որեւէ մեկի խնդիրը չէ։ Ինտերնատուրան ավարտողների քննությունները սկսված են, եւ շուտով կունենանք քննությունից «երեք» ստացած հարյուրավոր նոր մասնագետներ։ Կատակը մոտենում է իրողության, թե սրսկվելու համար գնալու ենք արտասահման։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930