Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, անցած շաբաթ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդակցություն, որի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատանքից: Ըստ այդ լուրերի, նախագահն իբր կշտամբել էր պրն Հովհաննիսյանին շրջագայությունների համար չափից դուրս մեծ գումարներ ծախսելու համար, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված հայեցակարգում հաստիքացուցակների ուռճացումից /նախատեսվում էր, օրինակ, հիմնադրամում ստեղծել արդյունաբերության բաժին/, սպասվելիք բարձր աշխատավարձերից եւ գործուղման ծախսերից:
Ըստ լուրերի, այլ դժգոհությունների շարքում խորհրդակցության մասնակիցների տարակուսանքն են առաջացրել պրն Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթում «հատվածայնացում», «շարքայնացում» եւ «վերահայկականացում» տերմինները: Սակայն նախագահի մամուլի գրասենյակի տեղեկատվության համաձայն, խորհրդակցությունն այդչափ դրամատիկ չէր ընթանում: Իսկապես նախատեսվում էր հոգաբարձուների նիստ անցկացնել, որի ընթացքում պետք է քննարկվեր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հայեցակարգը: Սակայն քանի որ փաստաթուղթը հոգաբարձուներին հասավ նիստից ընդամենը կես ժամ առաջ, որոշվեց անցկացնել խորհրդակցություն:
Մտքերի փոխանակման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրեց երկու հիմնական խնդիր. կանոնադրորեն տարանջատել հոգաբարձուների խորհրդի եւ գործադիր տնօրինության պարտականությունները եւ հստակեցնել գործադիր տնօրինության ֆունկցիաները, որից հետո էլ պարզ կդառնան հաստիքացուցակի, աշխատավարձի եւ այլ խնդիրներ: Այդ կանոնադրական աշխատանքում պետք է ներգրավվեն նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ հունիսի 26-ին հիմնադրամի հանրային կապերի բաժնի պետ Ներսես Մկրտչյանը մեկնել է եվրոպական երեք երկրներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը նախապատրաստելու նպատակով: