Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՀՇ-Ի ՀԱՄԱՐ

Հունիս 30,1998 00:00
HHsh

ՀՀՇ վարչության հերթական նիստը մի կերպ հանդուրժեց, որ օտար մամուլի ներկայացուցիչը ներկա լինի։

Նախ նախկին նախարար Լեւիկ կամ Լյովիկ Խաչատրյանն ընդվզեց, թե «կգնա կպնողական բաներ կգրի» կարծելով, թե ինքը «Առավոտի» ուշադրությունը վաստակել է, հետո էլ նախկինում Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը բարձրաձայն մտածեց, թե լրագրողի ներկայության մեջ անկանխատեսելի հեռանկար կա ու երեւի իր այդ կանխատեսմամբ էլ պայմանավորեց սեփական ավելի քան մեկ ժամ տեւած լռությունը։ Ինչեւիցե՝ հանդուրժեցին եւ հնարավոր եղավ արձանագրել իրողություններ, որոնք բավականին հետաքրքիր են։

Դրանցից առաջինը թերեւս այն է, որ ՀՀՇ վարչության նախագահը նիստը վարում էր բավականին հարմարավետ մի զանգ ծլնգացնելով։ Այդպես խաթարված լռությունը վերականգնվում էր Վանո Սիրադեղյանի իշխանության ու ազդեցության հետ միասին։ Երկրորդ դիտարկումը՝ վարչության նիստին 40 անդամներից 22-ն էր ներկա։ Եվ երրորդը՝ այն դահլիճում, որտեղ ՀՀՇ-ն վարչության եւ խորհրդի նիստեր է անցկացնում, առաստաղի կենտրոնական հատվածից դեռեւս հանված չէ Նոր տարվա հանդերձանքը։ Կամ այդ բարձունքին որեւէ հհշական ձեռք չի հասել, կամ էլ թողել են իբրեւ հիշողություն՝ սեփական իշխանության վերջին ամանորից:

Իսկ ՀՀՇ վարչության այս նիստը հստակորեն կարելի է 2 մասի բաժանել։

Մեկ՝ որ խոսակցությունը մասնակիորեն անիմաստ-արարողակարգային հարցերի շուրջ ընթացավ եւ երկրորդ՝ հնչեց քաղաքական բովանդակության առնվազն 3 ելույթ։ Առաջինը Շահեն Պետրոսյանի խոսքին անդրադառնանք, որն ասաց, թե մամուլի ներկայությամբ կաշկանդված է խոսում։ Այդուհանդերձ, նա մի քանի խիզախ եզրակացություն արեց։ Ասենք, երբ հայտարարեց, թե ՀՀՇ-ն մի քիչ առեղծվածային պիտի լինի, արձագանք եղավ, թե այդպես է եղել միշտ։ Շահենը համաձայն չէր՝ միշտ բացահայտ իշություն է եղել։ Հետո, երբ խոսք եղավ ՀՀՇ-ի անունը փոխել-չփոխելու մասին, պրն Պետրոսյանը տեսակետ հայտնեց, թե դա պետք է արվի հաշվենկատորեն։ Այլապես՝ երբ դրական չէ հասարակական կարծիքը քո մասին, երբ ուզում ես փոխել անունդ՝ էլի պիտի ասեն՝ նույն զիբիլն ես։

ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը խոսակցությանը միայն 2 անգամ լրջորեն միջամտեց։

Առաջին դեպքում նա փորձեց փաստարկել՝ չկա ՀՀՇ համագումարը հնարավորինս շուտ կազմակերպելու կարիք։ Գուցե նոր անվան ու նոր ծրագրի կարիք էլ չլինի, «քանի որ այս նոր իշխանությունն աշխատում է մեզ համար։ Հետո գուցե հնարավոր լինի ասել՝ տեսեք՝ մենք հրեշտակ ենք եւ դա ոչ թե մեր պայծառության պատճառով, այլ մեր հետնորդների արածների։ Ուրիշ կարող էր լինել իրադրությունը, եթե մի քիչ նորմալ մարդկանց տված լինեինք իշխանությունը, ասենք, կոմունիստներին»։ ՀՀՇ վարչության նախագահը մեկ անգամ էլ մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանի ելույթից հետո միջամտեց։ Իսկ Արամ Մանուկյանը, չգիտես ինչ հաշվարկով, բավականին բորբոքված խոսեց, ասելով, թե ՀՀՇ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում՝ այնինչ դրանց պատասխանող չկա։

Պետք է այդ ամենը հերքել, ասել, որ ՀՀՇ-ն խաղաղասեր կուսակցություն է։

Վանո Սիրադեղյանն այստեղ նորից արձագանքեց, ասելով, թե նման մեղադրանքները հիմնականում մի նպատակ են հետապնդում՝ եթե հանկարծ ներկա իշխանությունը Ղարաբաղի հարցում անհաջողություն ունենա՝ ամեն ինչ բերեն-ջարդեն այս խեղճ կազմակերպության գլխին։ Տարբեր գաղտնի ծառայություններ եւ տարբեր կուսակցություններ հենց դրան են սպասում։ Սակայն, քանի դեռ, ինչպես Վանո Սիրադեղյանն ասաց, ինքն է ՀՀՇ վարչության նախագահը, կազմակերպությանն ավելի մեծ հարվածի տակ չի դնի։ Իսկ որ որեւէ քաղաքական կազմակերպություն «Հայքի» պես թերթ չունի, ակնհայտ է առավել քան։ Այդ ամենը, Վանոյի խոսքերով, իր պատասխանատվությամբ է արվում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930