Հունիսի 26-ին՝ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, «Առագաստ» սրճարանի շրջակայքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Այնուհետեւ, տեղի ունեցավ, ինչպես ընդունված էր ասել, բողոք-ակցիա՝ «Ես ուզում եմ ապրել» կարգախոսով։ Ասեմ, որ բողոք-ակցիան ոմանց շուրթերին հնչում էր (մինչեւ սկսվելը) իբրեւ ռոք-ակցիա, բայց, ի վերջո, մոտեցավ ջազ-ակցիայի։ Ժամը 19-ին սկսվեց համերգը։ Ներկայացնեմ առաջին հինգ րոպեն։
Սկզբի համար հնչեց մի գլուխկոտրուկ նախադասություն. «Ապրենք այնպես, որ քաղաքի ամենաուժեղ բամբասողին վաճառենք մեր թութակը»։ Երեւում է հաղորդավարը։ Ոտքերի բարձր ու ցածր դիրքով ու օրորվելով նա սկսում է երգել, ներեցեք, կարդալ «տեքստը», որից ներկայացնում եմ մի հատված՝ առանց խմբագրական միջամտության (ուշադրություն դարձրեք կետադրական նշաններին). «Ա՜յս ակցիայի նպատա՜կն է սատար կանգնել միմյա՜նց, սատար կանգնել մեր նո՜ր պետությանը, եւ պայքարել ընդդեմ թմրամոլությա՞՜ն եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությա՛ն։ Մենք չպետք է թո՜ւյլ տանք, որ թմրամոլությո՜ւնը՝ այդ սոցիալական քաղցկե՛ղը, մտնի մեր առօրյան։ Սա ուղղակի լոկ համերգ չէ՜, սա ուղղակի դասախոսությո՜ւն չէ»:
19.05 արդեն չեմ լսում։ Կարդում եմ ցուցանակներն ու կարգախոսները. «Զատիկ» մանկատան երեխաները դեմ են թմրամոլությանը» (ու նկարված է մի մեծ, կակաչանման, կարմիր զատիկ)։ Կամ. «Հրաչյա Աճառյան» համալսարանի ուսանողություն. ուսանողներին՝ կրթություն եւ ոչ մի թմրամոլություն» եւ այլն։ Ասում են՝ հասել է մինչեւ Շուշան Պետրոսյան։
Հ. Բ.
Կարդացեք նաև
Հ.Գ. Նշենք, որ «Առագաստ» սրճարանում կազմակերպված անվճար հյուրասիրության մուտքը միայն մեր ազգի որոշ ներկայացուցիչների էր թույլատրվում, այն էլ՝ հրավիրատոմսերով: Այն մասում, որտեղ նստած էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդներին բաժանվեց գրականություն։ Դրանցից մեկն ընկավ ձեռքս. «Ապահով սեքսը առողջության երաշխիքն է»։ Գրքի կազմին ամրացված էին երեք պահպանակներ։ Իսկ տրվող խորհուրդների առաջին կետն ասում է. «Փաթեթի վրա ստուգեք պահպանակի պիտանիության ժամկետը»։ Հա՛, վերջին կետը. «հանգույց կապեք եւ նետեք աղբարկղը»։
ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
Թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան իր մեքենան էր զոհաբերել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լրատվական ծառայության օպերատոր Ստեփան Հաջյանը։ Հանուն ազգապահպան այդ գործի, թույլ էր տվել իր մեքենան գուաշով նկարազարդել ու վրան գրել՝ «Հունիսի 26. ես ապրել եմ ուզում»։