Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՔ ՃԳՆԱԺԱՄ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հունիս 30,1998 22:51

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն օրերս թույլատրել է, որպեսզի Երեւանի քաղաքային կոմիտեն հուլիսի 11-ին հանրահավաք անցկացնի։ Դա, կոմունիստների հաշվարկով, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նախագահության 100-րդ օրվա սահմանագլխին։

Նշենք, որ մեր համայնավարները, տվյալ դեպքում, թվարկումը ոչ թե նախագահի երդման, այլ ընտրության օրվանից են սկսել։ Այս հանգամանքը, սակայն, որեւէ դեր չի խաղում, մանավանդ որ, ինչպես ձեր թղթակցին Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն ասաց, վերջին 4 ամիսներին իրենք որեւէ զանգվածային միջոցառումներ չեն անցկացրել։ Իսկ հանրապետության նախագահին ու նրա կառավարությանը կոմունիստները, համենայնդեպս, ասելիք ունեն, մանավանդ որ, «նախագահի ինոգուրացիայի ճառը գրեթե սոցիալիստամետ էր, որի բովանդակությունը շատ մոտ էր Հայկոմկուսի պատկերացումներին։ Այն դրականորեն տարբերվում էր Ռ. Քոչարյանի նախընտրական ծրագրից։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ իշխանության քայլերը շատ տարբերվում են թե՛ ծրագրից, եւ թե՛ մանավանդ՝ ինոգուրացիայի ճառից։ Գրեթե ամբողջ ժողովրդին զայրացնում է մեր վերջին մասունքների, ասենք՝ կոնյակի գործարանի վաճառքը։ Ժողովրդին զայրացնում է, այսպես կասեմ, նոր վարչապետի զարմանալի ապազգային կեցվածքը, որը կոնյակի գործարանի գործարքին ընդդիմանալ փորձող կուսակցությունների մոտեցումը համարել է տնտեսական նացիոնալիզմ, եթե ոչ ֆաշիզմ»։

Սերգեյ Բադալյանի գնահատմամբ, Արմեն Դարբինյանի այդ արտահայտությունը մեղադրանք է ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Այդպես միայն օտարը կարող է արտահայտվել. «Այս կառավարությունը շարունակում է նույն ապազգային քաղաքականությունը»։ Այն, ինչպես մատուցեց ընկեր Բադալյանը, գոռումևգոչում է, թե ձգտում է Հայաստանը դարձնել համաշխարհային տնտեսական համակարգի մի մասը, սակայն, իրականում, իր աշխատանքով ոչնչացնում է մեր արդյունաբերությունը. «Հիմա էլ խոսում են մոլիբդենի եւ մյուս արտադրությունների վաճառքի մասին։ Նույն ալանևթալանն է շարունակվում»։ Այս ամենի կողքին կան նաեւ կոմունիստներին ոգեշնչող իշխանություններ։ Ընկեր Բադալյանն արձանագրեց, որ ցիրուցան եղած աշխատավորական կոլեկտիվներում ինքնակազմակերպման տենդենցներ են նկատելի. «կոմունիստներիս խոսքերով ասած՝ դասակարգային պայքարի առաջին նշույլները։ Օրինակներ արդեն կան՝ ավտոդողերի գործարանի, էլեկտրալամպերի, «Նաիրիտի», «Հայէլեկտրոյի» կոլեկտիվների մի շարք ակցիաներ»։

Բնական է, որ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները տեսադաշտից դուրս չեն մնա։ Կոմունիստներին մտահոգում է մանավանդ Արցախի հարցում առկա անորոշությունը։ Այս իշխանությունը նախորդին գրեթե դավաճանության մեղադրանք էր ներկայացնում, մինչդեռ. «այսօր մի կողմից լսում ենք, որ Հայաստանը չի պաշտպանելու ԼՂ անկախությունը եւ մտադիր չէ միացնել Հայաստանին, հետո ասում են՝ էդպիսի բան չենք ասել՝ միացնելու ենք Հայաստանին, հետո՝ հակառակը։ Ինչևոր խաղ է գնում, որը մեզ հասկանալի չէ, այդ միայն տաքգլուխներին էր թվում, թե Ռոբերտ Քոչարյանին ընտրելով, հարցերը միանգամից կլուծվեն»։
Արտաքին քաղաքականության շրջանակի համայնավարական մտահոգության մյուս առանցքը օդից կախ մնացած մոտ մեկ միլիոն ստորագրությունների հարցն է։ Դրանք հավաքվել են կոմունիստների ձեռամբ եւ, վերջիններիս մատուցմամբ, ՌուսաստանևԲելառուս դաշինքին Հայաստանը միացնելու ժողովրդյան կամքն են արտահայտում։ Ընկեր Բադալյանը համարում է, որ այդ հանգամանքը որեւէ մեկը հաշվի չառնելու իրավունք չունի, որովհետեւ համայնավարները կանխատեսում են. «Հայաստանում հասունանում է առնվազն երեք ճգնաժամ, որոնք կդրսեւորվեն աշնանը»։

Ճգնաժամային դրսեւորումները առաջին հերթին կարձանագրվեն սոցիալևտնտեսական ոլորտում։ Ընկեր Բադալյանը կարծում է, թե ժողովրդին անընդհատ ահաբեկում են գների բարձրացման եւ աշխատատեղերի կորստի հեռանկարով։ Ճգնաժամային երկրորդ դրսեւորման հիմքը, ըստ Հայաստանի համայնավարների առաջնորդի, հետեւյալն է. «Այսօրվա իշխանությունը՝ սկսած նախագահից, այնքան էլ կայուն չէ, կայունացված չէ։ Վերահաս այն վտանգները, տագնապները, որոնք սպասվում են արտաքին աշխարհից, եւ ներքին պրոբլեմները, որոնք եւս մենք տեսնում ենք, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, ճգնաժամային դրսեւորումների հիմքեր են»։

Իսկ երրորդ ճգնաժամը, ընկեր Բադալյանի կարծիքով, կառարկայանա Արցախի խնդրի առանցքի շուրջ։ Աշնանն ավելի են ուժեղանալու աշխարհի տերերի ճնշումները։ Այս երեք վերահաս ճգնաժամերը պարտադրում են, որպեսզի իրավիճակն այսօր իրատեսորեն գնահատվի եւ Հայաստանն ունենա ուժեղ պատասխանատու իշխանություն. «Աշնանը զուտ հայկական ճգնաժամերը զարգանալու են մեր ամենամտերիմ դաշնակցի՝ Ռուսաստանում զարգացող հսկա ճգնաժամերի ֆոնի վրա»։

Ռուսաստանին, ընկեր Բադալյանի ներկայացմամբ, ծանր ֆինանսական ճգնաժամ է սպասվում։ Վիճակը չի փրկելու նաեւ Չուբայսի հաջողացնելիք 10-15 միլիարդանոց վարկը։ Ֆինանսական պայթյուն, այսպես թե այնպես, տեղի ունենալու է, մանավանդ որ, փողը ոչ թե հարցերը լուծելու, այլ Ռուսաստանը տնտեսական հողի վրա քայքայելու եւ այն մանր պետությունների վերածելու նպատակով է տրվում։ Կա նաեւ այլ հանգամանք՝ վարկ տրամադրելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ մասնատվեն բնական մոնոպոլիստները՝ գազայրումը, համապետական էլեկտրահամակարգը եւ այլն, որոնք Սերգեյ Բադալյանը համարում է Ռուսաստանի հսկա տարածքը միավորող վերջին հիմքերը։ Ուստի, «Հունիսի 28-ին ՌԴ կոմկուսի պլենումում մեկ անգամ եւս նշվեց, որ խոսքը ազգային-ազատագրական պայքարի մասին է՝ ընդդեմ երկիրը գազատիրացնելու միտումներին»։

Այս մոտեցումը ներկայացվեց իբրեւ բնական հակազդեցություն առ մթին ու հեռահար նպատակները։ Դրանով հանդերձ, ընկեր Բադալյանի կարծիքով, մեր կողմնորոշումը չպետք է որեւէ փոփոխություն կրի։ «Հայկական ժամացույցը միշտ պիտի ճշտենք ռուսական ժամացույցի հետ՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930