Խոսքը համապատասխան խաղային ավտոմատների մասին է, որոնց համար հաստատագրված վճարը կառավարությունն առաջարկում է կրկնակի բարձրացնել։ Իհարկե, «բանդիտների» հանդեպ ավելի մեղմ են գտնվել, քան խաղատների մեկ այլ բաղկացուցչի՝ խաղասեղանների, որոնց համար վճարը 16-ապատկվելու է։ Նման շեշտակի բարձրացում «Հաստատագրված վճարների մասին» օրենքի նախագծով միայն 3 տեսակ գործունեության համար է նախատեսված՝ բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի, Երեւանի կենտրոնում գտնվող առեւտրի եւ սննդի օբյեկտների ու նաեւ խաղատների համար։
Վերջիններիս վերաբերյալ լիովին արդարացված այդ մոտեցումը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանի կարծիքով, միջազգային նորմերի համաձայն՝ խաղային բիզնեսը քաղաքից դուրս հանելու ոչ շատ կոպիտ առաջին քայլերից մեկն է, քանզի նախատեսված գոտիականության սկզբունքի համաձայն՝ քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներն ավելի բարձր գին կվճարեն (շուրջ 2500 դոլարի համարժեք դրամ), քան ծայրամասերի նույն հաստատությունները (կարծեմ, մոտ 1000 դոլարով պակաս)։
Ընդհանրապես, հաստատագրված վճարներով հարկվելու են շուրջ 16 ոլորտներ, որոնցից շատերը նոր են մտցվել այդ ցանկի մեջ՝ վարսավիրանոցները, լուսանկարչական լաբորատորիաները, ավտոտեխսպասարկման կայանները, ավտոկանգառների գործունեությունը, արդյունագործական ձկնորսությունը։ Կառավարության ներկայացուցիչը պնդում էր, թե վճարներն ավելացրել են՝ հաշվի առնելով միայն սղաճի գործոնը։ Ասենք, եթե տոնավաճառներում առաջ 1 քառ. մ-ի համար նախատեսված վճարն առաջ օրական 100 դրամ էր, այժմ 125 է դառնալու, շուկաների 32 դրամը՝ 40 եւ այլն։ «Առեւտրի եւ սննդի օբյեկտներն ամսվա դիմաց իրենց 1 օրվա շահույթն են այժմ վճարում՝ մենք առաջարկում ենք 1,5 օրվա շահույթը վճարել»,- ասաց պրն Սանդոյանը։
Շուրջ 25 տոկոսով վճարների ավելացումը բյուջեին 708 մլն դրամի լրացուցիչ եկամուտ կբերի միայն այս տարի։Իսկապես, բառի բուն իմաստով՝ խիստ շահագրգիռ քննարկում ընթացավ այս օրինագծի շուրջ։ Իհարկե, ելույթները միայն այսօր են լինելու, քանզի երեկ շուրջ 2 տասնյակ պատգամավորներ հարցեր ուղղեցին պրն Սանդոյանին։ «Մալաթիա» շուկայի եւ տոնավաճառի հետ ինչևինչ փոխառնչություններ ունեցող Վահան Զատիկյանին, ասենք, մասնավորապես հենց այս առեւտրական գործունեությանը վերաբերող հաստատագրված վճարների հետեւանքներն էին հետաքրքրում։ Այլ պատգամավորների հարցերից կարելի էր ենթադրել, թե ինչն է իրենց համար առավել «սրտամոտ»՝ կրպակնե՞րը, արտարժույթի փոխանակման կետե՞րը, թե՞ որեւէ այլ բան։ Ի դեպ, համակարգչային խաղերի կազմակերպման կամ տեսաժապավենների ու տեսամագնիտոֆոնների վարձույթի համար նախատեսված վճարներով ոչ ոք չհետաքրքրվեց, ուստի կարելի է հետեւություն անել, թե դրանք «արքայական» գործեր չեն, եւ մեր պատգամավորները չեն սիրում մանրանալ։
Կարդացեք նաև
Բնականաբար, սովորականի համեմատ անսովոր կիսալեցուն դահլիճում այս ամենը մատուցվում էր «խեղճ ժողովրդի» մասին, անկասկած, անկեղծ մտահոգությունների «սոուսի» ներքո. «մոնիտորինգ արե՞լ եք, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնց վերջին հույսն այդ կրպակն է», «ինչքան հարկերը բարձրացնեք՝ տոնավաճառի տնօրենն էլ վաճառողների «հարկերը» կբարձրացնի եւ տուժողը միայն բնակիչները կլինեն», «մարդկանց վիճակն այս օրինագծով կբարելավվի՞, թե՞ ավելի կվատանա», «ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե գները բարձրանան» եւ այլն։
Ի դեպ, Էդուարդ Սանդոյանն ու Արմեն Եղիազարյանը համոզված էին, որ գների զգալի աճ չի լինի (ամենաշատը՝ 0,6 տոկոսի կարգի), քանզի փոքր օբյեկտները գնագոյացման վրա որոշակի ազդեցություն չունեն։ Այլ քննարկման նյութ է պատգամավոր Սիմոն Գրիգորյանի դիտողությունը. «Կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե աջակցելու է մանր բիզնեսին, բայց հակառակի ապացույցն է նրա հարկային քաղաքականությունը»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, հաստատագրված վճարներից ազատվելու են միայն հսկիչ- դրամարկղային մեքենաներ օգտագործող որոշ հարկ վճարողներ ու նաեւ թերթերի եւ ամսագրերի կրպակները։ Այս առումով կառավարությունը գուցե նաեւ միջոցնե՞ր ձեռնարկի, որ դրանք իրենց բուն նպատակին ծառայեն, այլ ոչ թե մանրավաճառանոցների վերածվեն։