Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դու VIP չես

Հունիս 30,1998 23:00

Հունիսի 26-ին Մոսկվայից Երեւան ժամանած 909 չվերթի ուղեւորները Հայաստանի մայրաքաղաք հասան 18.30-ին, սակայն իրենց ճամպրուկները ուղեւորների մի մասը ստացավ 21.00-ին: Երկուսուկես ժամանոց հոգեմաշ ստորացումը մեր ժողովրդի համբերատար զավակները, ինչպես միշտ, տարան զուսպ, անտրտունջ եւ, բնականաբար, ըմբռնումով:

«Հայկական ավիաուղիների» ղեկավարները շատ են սիրում գլուխ գովել ինչ-որ անհասկանալի նպատակների համար կառուցած տերմինալներով կամ էլ բարձրաստիճան անձանց համար նախատեսված ճոխ VIP-երով: Իհարկե, չափազանց հեշտ է թոզ փչել նրանց աչքերին, ովքեր օգտվում են VIP մուտքից եւ սպասասրահից, որոնք, ինչպես հայտնի է, գտնվում են այլ մասնաշենքում: Ա՛յ, եթե որեւէ նախարար երկուսուկես ժամ սպասեր իր ճամպրուկին, ապա հաստատապես կորոշեր վճռական միջոցներ ձեռնարկել: Ի տարբերություն նախարարների, շարքային (ոչ VIP) քաղաքացիների հարմարությունների վրա կարելի է խորապես թքած ունենալ, նրանց ստորացնելու համար պատիժ կամ տուգանք չի հասնում, իսկ նրանց վճարած, ասենք, 150 դոլարի դիմաց պարտադիր ծառայությունների ոչ մի ցանկ չկա: Ավանդական արդարացումներին (օբյեկտիվ պատճառներ. բեռնակիր չկա, բեռնաթափող չկա, տեխնիկան հնացել է) ի պատասխան՝ կարելի է խնդրել. «Տոմս վաճառելիս դուք էլ մեզ հարցրեք, գուցե մենք էլ օբյեկտիվ պատճառներ ունենք՝ ձեզ 150 դոլար չտալու»:

Իրավիճակը միանգամայն համապատասխանում է վերջին տարիներին մեր որդեգրած ռազմավարությանը. ձեռնարկությունը քարուքանդ անել մեր անշնորհքությամբ եւ անբանությամբ (առնվազն այդքանը՝ մնացածը թող դատախազությունն ասի), իսկ հետո հայտարարել, թե, ճար չկա, պետք է վաճառել՝ պետական սեփականությունն անարդյունավետ է: Իսկ ինչո՞ւ է տվյալ դեպքում անարդյունավետ՝ տոմսե՞րն են էժան, թե՞ «Ավիաուղիների» ղեկավարների եկամուտներն են փոքր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել