Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ՉԷ՝ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ

Հունիս 27,1998 00:00
hark

ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն ու հարկային վարչության պետը երեկ հանդիպեցին հայ գործարարներին՝ ասելու, որ այսուհետեւ հատկապես պիտի պայքարեն տնտեսության ստվերային կողմի դեմ։

Վարչապետը բացառեց տհաճ «սյուրպրիզները»

Արմեն Դարբինյանը համարեց, որ այս կառավարության (նկատի ուներ նաեւ Ռ. Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ) աշխատանքը իրավունք է տալիս խոսելու հարկային «պարզ, թափանցիկ» քաղաքականության մասին։ Ըստ նրա՝ 1997 թ. հիմք դրված հարկային դաշտն իր դրական ազդեցությունն ունեցավ հարկային եկամուտների հավաքագրման առումով։

Կառավարությանը հաջողվեց նաեւ ապացուցել, որ բիզնես կարող են ծավալել ոչ միայն ամառային կամ աշնանային ամիսներին, «այլեւ ձմռան ամիսներին»։ Բյուջեի կատարման տեսակետից էլ նշվեց 1998 թ. եկամուտների շեշտակի աճ (37 տոկոսով)։ Հավաքված գործարարները հետաքրքրությամբ (ու մի քիչ էլ զարմացած) լսեցին այն միտքը, որ ստեղծվել է վստահության դաշտ, որը թույլ է տալիս իրենց աշխատել՝ համոզված լինելով, որ բացառված են տհաճ «սյուրպրիզները» հարկային ոլորտում։ Բիզնեսմեններն էլ իրենց հերթին պետք է լինեն կառավարության սոցիալ-տնտեսական ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման հիմքը։ Կառավարության անունից էլ վարչապետը խոստացավ գործարարներին «լիարժեք դրսեւորվելու» պայմաններ ստեղծել։

«Բայց այս հարաբերություններն ունեն լուրջ յուրահատկություն՝ պետք է անկեղծ լինեն, պետք է պարզ լինեն, շիտակ»։

Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ մեր տնտեսության մի լուրջ հատված ձախ շրջանառության մեջ է։ Իսկ եթե այդ շրջանառության մի մասը ձախ է, ուրեմն ձախ է նաեւ ողջ ցիկլը։ Չկա մի գործարար, որ կարողանա ապացուցել, որ ինչ-որ պայմաններից ելնելով ու ինչ-որ սկզբունքներ հետապնդելով՝ պարտադրված է եղել թաքցնել իր եկամուտները։

«Իսկ պետության համար կործանարար է այդ չհարկվող շրջանառությունը»։

Հարկատուի եւ հարկահավաքի հարաբերությունների մակարդակը չի կարելի բավարար համարել։ Բայց եթե մեծածախ առեւտրով զբաղվողները հիմնականում խուսափում են ամրագրել գործարքները, հարկային մարմինների համար ամենահեշտ ճանապարհը՝ իրականացնելու հարկային տուրքերը, միջին եւ փոքր բիզնեսով զբաղվող գործարարների դռները թակելն է։

«Իսկ սա կործանարար է երկրի ապագայի տեսանկյունից»։

Վարչապետը նշեց, որ բիզնեսմեններին առաջադրված խաղի կանոնները չեն փոխվելու, իսկ միմյանց հանդեպ անկեղծ լինելը թերեւս հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Իսկ «Հարկային օրենսդրության 22-րդ կետը թույլ է տալիս հարկային մարմիններին՝ հենվելով այս կամ այն ձեռնարկության փաստացի կատարած ծախսերի վրա՝ հաշվարկել համապատասխան եկամուտները, դրանց շրջանառությունը եւ հարկել»։ Վարչապետը խնդրեց գործարարներին իրենց այդ իրավունքը չօգտագործելը ոչ թե անճարակության վերագրել, այլ ջենթլմենության։ Անկեղծության եւս մեկ կոչ անելով՝ վարչապետը ձայնը փոխանցեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանին, որը «կանգ առավ» «Հարկի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների վրա, որի 22-րդ հոդվածի «գործելակերպը» շուտով պիտի ուժեղացվի։

Ներկայումս չհարկվող բնագավառների հանդեպ պետք է կիրառվի հաստատագրված վճարների կարգը։ Խուսափելով «ստվերային» բառից՝ պրն Սանդոյանը նշեց, որ չհարկվող շրջանառությունն արդեն խոր արմատներ է գցել։ Նա ներկայացրեց ֆինանսական դաշտի անկառավարելիության պատճառները։ Նրանից հետո ամբիոնին մոտեցավ հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։ 97 թ. հարկային քաղաքականության արդյունքները նա էլ «ներշնչող» համարեց։ Իսկ 98 թ. կառավարությունը փորձել էր հրաժարվել։ «Վստահորեն կարող եմ հայտարարել, որ 97-98 թթ. հաշվանցումները հավասար են 0-ի։ Այսինքն՝ պետական բյուջեն գործ ունի միայն կանխիկ դրամի հետ»։

98 թ. առաջին 5 ամիսներին մաքսային եւ հարկային մուծումները հասնում են 50 տոկոսի (սա պլանային ցուցանիշներից անցնող թիվ է)։ Մեկ անգամ եւս հայտարարելով օրվա հավաքի նպատակը՝ պրն Թումանյանն ընդունեց, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարը առանց իրենց՝ գործարարների օժանդակության, կդատապարտվի անհաջողության։ Պրն Թումանյանը «պարզ խոսել» ցանկանալով՝ հաստատեց, որ ստվերային չհարկվող շրջանառության մասին խոսելով պետք է հասկանալ, որ այն անպայման արվում է հզոր պաշտպանների օժանդակությամբ։

«Ստվերային տնտեսությունը կարելի է երկար պահել, եթե բոլոր մակարդակներով (ներքեւից՝ վերեւ) համաձայնություն ունեն»։

Ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին միջոցը պրն Թումանյանը համարեց փաստաթղթերի հետ աշխատանքը։ Ձախ շրջանառության համար հաճախ հիմք է դառնում այն, որ ներքին արտադրողներից եւ խոշոր ներմուծողներից ոմանք արտոնյալ վիճակում են։ Թեեւ հռետորը խոստացավ խոսել կոնկրետ օրինակների մասին, սակայն միայն «իքս» եւ «իգրեք» էր անվանում իրավախախտներին։ 8 ձեռնարկություններում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ առնվազն 40 տոկոսն այս կամ այն կերպ փորձում են չձեւակերպել։ Պրն Թումանյանի՝ «պատկերացնո՞ւմ եք, հացի բնագավառում ստուգումներ անցկացնենք՝ առանց ձեզ հետ պայմանավորվելու» խոսքերը որպես չարագուշակ սպառնալիք հնչեցին, թեեւ բոլորս էլ այդ օրվան անհամբեր ենք սպասում։ Վարչապետը կրկին զրույցի բռնվեց՝ ասելով, որ «արդեն բացահայտվել են դեպքեր, ուր, իսկապես, ոնց որ ձեռքը մտցնեն բյուջեի մեջ եւ ուղղակիորեն բյուջեից փող հափշտակեն։ Սա սարսափելի բան է, որ տեղի է ունեցել։ Ես, իսկապես, զարմացած եմ այն ծավալների վրա, որոնք բացահայտվել են՝ կեղծ փաստաթղթերով բյուջեից ուղղակիորեն հափշտակված գումարներ»։

Իսկ այդ ժամանակ…

Հավաքի ողջ ընթացքում գործարար, Երեւանի ձեթ-օճառ կոմբինատի տնօրեն Գեւորգ Ազիզյանը՝ աչքը չկտրելով հարկային տեսչության լրատվական ծառայության պետուհու կարճ փեշից, պարբերաբար ռեպլիկներ էր անում։ «Խելոք տեղդ նստի, պարտադիր չէ ռեպլիկ անելը»,- նրան սաստեց պրն Թումանյանը։ Ինչեւէ։ Թեեւ գործարարները հնարավորություն չունեցան մի երկու խոսք էլ իրենք ասելու, այնուամենայնիվ, հավաստիացան, որ, ինչպես Արտաշես Թումանյանը նկատեց՝ ոչ մի ընտանիք, ոչ մի գործարար, (ոչ մի պաշտոնյա- Արմեն Դարբինյան) չի ունենալու այս առումով որեւէ առավելություն։ «Հարկային օրենքի առաջ բոլորը պիտի որ հավասար լինեն»։ Պիտի՛ որ…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930