Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ

Հունիս 27,1998 00:00
evraxorhurd

Եվրախորհրդի պատգամավորները երեկ հանդիպելով նախագահին, ԱԺ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ ԱԺ շենքում հանդիպեցին նաեւ հայ լրագրողների հետ։ ԱԺ աշխատակիցներն ինձ հանդիմանեցին հայերեն գրել եւ կարդալ չիմանալու մեջ, որպես դրա կարկառուն օրինակ ներկայացնելով մեր թերթի նախորդ համարում տեղ գտած վրիպակը, երբ տիկին Յոնսի անունը տպագրվել էր՝ Կոնս։ Սակայն հայ եւ եվրոպացի խորհրդարանականների համատեղ ասուլիսը բացահայտեց հայերենի նկատմամբ ԱԺ աշխատակազմի ողջ գուրգուրանքը։ Առաքելության ղեկավար Ալավանոսը լրագրողների հետ շփվում էր երեք թարգմանչի օգնությամբ։ Նրա հունարեն խոսքը հայերեն էր վերծանում մի սփյուռքահայ թարգմանիչ, որը ԵԱՀԿ-ն թարգմանում էր յախկ, ողբերգականը՝ մանթրաջիկ, իսկ շատ բառեր եւ նախադասություններ այդպես էլ հնարավոր չէր լինում հասկանալ։

Լրագրողների հայերեն հարցերը նախ թարգմանվում էին ֆրանսերեն, իսկ ապա՝ հունարեն։ Սակայն առավել կարեւորն ընդունված հայտարարությունն էր, որտեղ նշված էր Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերած ֆինանսական, տեխնիկական եւ մարդասիրական օժանդակության մասին։ Պատվիրակությունը բավականությամբ նշում էր, որ Եվրամիության հանձնաժողովի պատվիրակությունը Երեւանում հիմնել է տեղեկատվական գրասենյակ։ Արձանագրված են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզներում առկա առաջընթացը, եւ ողջունում են հայկական պատվիրակության հավաստիացումներն առ այն, որ նախատեսվում է վերացնել մահապատիժը եւ բարեփոխել քրեական օրենսգիրքը։ Այդ դեպքում, հավանաբար, 1999 թվին երկու պատվիրակությունները կհանդիպեն Բրյուսելում կամ Ստրասբուրգում։ Առավել հետաքրքրական էր հայտարարության մեջ եղած հետեւյալ ձեւակերպումը. «Պատվիրակությունը շեշտում է, որ հարկ է նկատի առնել ԵԱՀԿ-ի 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովի եզրակացություններում նշված սկզբունքները»։

Թեեւ պրն Ալավանոսն ասուլիսի ընթացքում եւս շեշտեց Լիսաբոնի սկզբունքների հիմնարարությունը, սակայն վերջում հայտարարեց, որ հայտարարությունը կփոխվի։ Իրոք, երկու ժամ անց, մեջբերված հատվածը ստացավ հետեւյալ ձեւակերպումը. «Պատվիրակությունն ընդգծում է, որ պետք է գտնել պրոբլեմի արդար եւ իրատեսական լուծում, որը հիմնված կլինի ԵԱՀԿ-ի սկզբունքների վրա։ Պատվիրակությունը ցավով նշում է, որ ԵԱՀԿ-ի 1996 թվականի Լիսաբոնի վեհաժողովում առաջխաղացում տեղի չունեցավ»։ Պրն Ալավանոսն այդպես էլ չկարողացավ բացատրել հայտարարության՝ «Հիշյալ հակամարտությունը վերջնականապես մի կողմ դնելով, Հայաստանը հնարավորություն կստանա եւս մեկ քայլով մոտենալ եվրոպական կառույցներին» հատվածում հակամարտությունը մի կողմ դնելու ձեւը եւ իմաստը։

Երեկ Եվրախորհրդի պատգամավորները հանդիպեցին նաեւ հայ իրավապաշտպանների հետ։ Տիկին Յոնսի հարցին, թե ինչո՞ւ են հայ կանայք ավելի պասիվ մասնակցում հասարակական-քաղաքական կյանքին, Նորա Հակոբյանը պատասխանեց. «Հայ տղամարդիկ նման են այն մարզիչներին, որոնք արգելում են սեփական սաներին ունենալ սեփական խաղի հնարավորություն»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930