«Առավոտի» հունիսի 25-ի համարում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ վկայակոչելով «Հայոց աշխարհում» ներկայիս արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության (ըստ որի՝ նախկին իշխանությունները համաձայն էին, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում) մասին, իր հերթին հայտարարել էր, թե «… կարելի է ասել, որ դա ստախոսություն է, իսկ արտգործնախարարին սուտ խոսելը վայել չէ»։ Այս կապակցությամբ պարոն Օսկանյանը չցանկացավ կարծիք հայտնել կամ բացատրություն տալ։
Ասեմ, որ ԱԳՆ խոսնակ Արսեն Գասպարյանն էլ ինձ նախապես հայտնել էր, որ նախարարը, թերեւս, այդ հարցին չի պատասխանի։ Բայց խորհուրդ տվեց ամեն դեպքում հարցը տալ։ «Ես չեմ ուզում որեւէ ձեւով արձագանքել դրան, դուք ինքներդ կարդացել եք»,- ասաց պրն Օսկանյանը։ Ա. Արզումանյանը նաեւ նշել էր, թե ներկայիս արտգործնախարարը չի ապահովում իր գործունեության թափանցիկությունը։ Եվ իբրեւ օրինակ բերվել էր Եվգենի Պրիմակովի հետ մի քանի ժամ տեւած զրույցը, որի մասին մամուլում ոչինչ չգրվեց։
Սրան Վ. Օսկանյանը պատասխանեց հետեւյալը. «Մեր գործունեությունը հնարավորության սահմաններում թափանցիկ է, հատկապես՝ Ղարաբաղյան հարցում։ Առ այսօր հիմնական պրոբլեմը, թափանցիկության հետ կապված, Ղարաբաղի հարցին է վերաբերել»։ Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարարը հաստատել է նաեւ այն փաստը, որ պրն Օսկանյանը, փոխնախարար եղած տարիներին, միշտ համաձայնել է երկրի ղեկավարության, նախագահի կամ արտգործնախարարի արտահայտած մտքերին։ «Դա շատ ավելի, այսպես, մեկնաբանման կարիք ունեցող խնդիր է, ոտքի վրա պատասխանելու հարց չէ (ասեմ, որ հարցերս ուղղել էի այն ժամանակ, երբ նախարարը պատրաստվում էր մեքենա նստել – Հ. Բ.)։ Այնպես որ, դրա ժամանակը կգա, հետո կխոսենք»,- եզրափակեց արտգործնախարարը։
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ