Երեկ խմբագրություն զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը եւ ցավ հայտնեց այն մասին, որ իր «չորսի բանդա» արտահայտությունը ուղղակի է հասկացվել, այլ ոչ որպես քաղաքական իրոնիա: Պրն Սիրադեղյանը հիշեցրեց, որ Մաո Ցզեդունի օրոք եւ հետո իր սերնդի համար հումորի անսպառ աղբյուր էին «խունվեյբիններ», «կուլտուրական հեղափոխություն», «չորսի բանդա» եւ այլ արտահայտությունները: ՀՀՇ նախագահը խնդրեց «Առավոտի» ընթերցողներին հայտնել իր ափսոսանքը անհաջող կատակի համար:
ԳԵՎՈՐԳՅԱՆ 4 ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
«Առավոտի» հունիսի 25-ի համարում տպագրված «Գուցե սրա՞նց մասին են ասում՝ «խորհրդարանական ճահիճ» հրապարակման առնչությամբ խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ անդամ Գեւորգ Գեւորգյանը եւ հայտնեց, որ նախ Հովիկ Աբրահամյանին Արարատի մարզպետ նշանակելուց հետո ինքը հրաժարվել է փոխմարզպետի պաշտոնից։ Այժմ աշխատում է քաղաքապետարանում՝ իբրեւ վերահսկողության վարչության պետ։ Պրն Գեւորգյանը նաեւ համաձայնելով, որ իրեն ակտիվ պատգամավոր չէիր անվանի՝ այնուամենայնիվ նշեց, որ ԱԺ 6-րդ նստաշրջանի ընթացքում նա մի անգամ հանդես է եկել իբրեւ հարակից զեկուցող, մի երկու անգամ էլ առաջարկներ է ներկայացրել։
ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄ
Կարդացեք նաև
«Առավոտը» հաղորդել էր, որ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության ներկայացուցիչները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ հանդիպելու եւ դրանից հետո Արցախ մեկնելու մտադրություն ունեն։ ԱՄՀ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, թե այդ հարցերը լուծվելու են Արցախի վերաբերյալ կոնցեպտուալ վերաբերմունք մշակելու շրջանակներում։
ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ 4 ԶՈՀ
«Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհվել են գեղեցիկ սեռի չորս ներկայացուցիչ՝ վարորդը եւ բոլոր երեք ուղեւորները։ Վթարը տեղի է ունեցել հունիսի 25-ին, օրվա երկրորդ կեսին, մոտավորապես ժամը 18-ին, «Սեւան» պանսիոնատի մերձակայքում։ Ըստ մեր տեղեկությունների՝ մեքենան մեծ արագությամբ սլանալիս է եղել դեպի թերակղզի։ Ինչ-որ պահի այն կորցրել է ղեկավարումը։