Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎ ԵՎ ԱԺ ԼՈՒԾԱՐՈՒՄ

Հունիս 27,1998 21:13

Հուլիսի 10-ին աշխատանքը կսկսի ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովը, ինչի առիթով «Առավոտը» հարցազրույց անցկացրեց ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։

-Պարոն Կարապետյան, որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե մոտ ժամանակներս ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն մարմինը հանդես է գալու ներկայիս իշխանության գործելակերպի նկատմամբ վերապահություն արտահայտող հայտարարությամբ։

-Պետք է ասեմ, որ նման որեւէ բան չի պատրաստվում՝ նամանավանդ, քաղաքական այնպիսի հայտարարություն, որն անսպասելի է լինելու։ Մյուս կողմից ասեմ, որ նախագահի նույնիսկ 100 օրը չլրացած, արդեն իսկ առիթներ գտել ենք արտահայտելու մեր դիրքորոշումները քաղաքական իրավիճակի մասին։ Հնչեցրել ենք նաեւ մեր գնահատականները թե՛ Արցախի խնդրի, թե՛ արտաքին քաղաքականության, եւ թե՛ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգային ասպարեզում մեր դիվանագիտության կատարած աշխատանքի, ինչպես նաեւ ներքին քաղաքական հարցերի, սոցիալևտնտեսական դժվարությունների վերաբերյալ։ Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

-Այն աղբյուրները, որոնք, ասում են, թե հայտարարություն է լինելու, տեղեկացնում են նաեւ, որ բացասական վերաբերմունք է արտահայտվելու Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության նկատմամբ։ ՀՅԴ-ն հստակեցրե՞լ է սեփական տեսակետը այդ ոլորտի վերաբերյալ։

-Նման հարցերը, բնականաբար, քննարկվում են պարբերաբար։ Մեր գնահատականներն այս հարցի վերաբերյալ եւս արտահայտվել են։ Նույնիսկ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության նիստերում է խնդիրը քննարկվել եւ ստացել փաստաթղթային արձանագրում։ Մեր տեսակետները նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել ենք։ Նշվել է, որ նրա թեկնածությունը պաշտպանած կուսակցությունները ժողովրդի առջեւ նախագահի ծրագրերի իրականացման համար պատասխանատվություն են կրում, ուստի, որդեգրված կադրային քաղաքականությունն ինչ-որ իմաստով (ոչ բացարձակ իմաստով), պետք է համաձայնեցվի այն կուսակցությունների հետ, որոնք, այսպես թե այնպես, պատասխանատվություն կրում են։ Իսկ ծրագրերը, բնականաբար, կարող են իրականացնել այն ուժերը, որոնք պաշտպանել են այն, եւ ոչ թե դեմ են գործել ծրագիրը ներկայացնող թեկնածուին։

-Ստացվում է, որ եթե մարդը չի հավանում Քոչարյանին, չպե՞տք է տեղ ունենա պետական կառույցներում։ Սա, կարծես, Տեր-Պետրոսյանի ժամանակներն է հիշեցնում։

-Ես այն կարծիքին չեմ, թե ընդդիմությունը չպետք է ներգրավվի երկրի կառավարման մեջ։ Սակայն, մյուս կողմից էլ պետք է արձանագրենք՝ եթե մարդն արհեստավարժ է, բայց միաժամանակ կաշառակեր՝ դա ավելի վտանգավոր է։ Մեզ համար ամենակարեւորն էությամբ ազնիվ մարդկանց լծակներ վստահելն է։ Իմ կարծիքով՝ ոչ միայն Քոչարյանին պաշտպանած կուսակցություների մեջ, այլեւ նրանցից դուրս նման մարդիկ կան։ Բայց, այնուամենայնիվ, չպետք է թողնել, որպեսզի հիմնական լծակները մնան նախկին իշխանության ձեռքին։ Իշխանությունը, տնտեսական լծակների տիրապետելու իմաստով, հատկապես մարզերում, քաղաքներում, գյուղերում, այսօր նորից նույն մարդիկ են տնօրինում։ Նույն վարկաբեկված անձինք։ Կաշառակերության, հովանավորչության դրվագներ էլի կան եւ ժողովուրդն այս ամենը տեսնելով, վերջին հաշվով, ամբողջ իշխանությունից է հիասթափվում։

-Կուսակցության տեսակետներն, իհարկե, արտահայտվել են, սակայն, կարծես թե, դաշնակցական շարքերում առկա դժգոհությունն ավելի թանձր է։ Տպավորություն կա, թե ավելի կտրուկ քայլերի դիմելու պահանջ է առկա։

-Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող քաղաքական կտրուկ շրջադարձային փոփոխություններին, ապա, կարծում եմ, դրանք վերապահված են բացառապես ՀՅԴ հայաստանյան կառույցի՝ մոտ ժամանակներս տեղի ունենալիք բարձրագույն ժողովին։ Այնտեղ խնդիրները կքննարկվեն նոր լույսի տակ՝ նոր իրավիճակներին համապատասխան։ Բնական է, որ քննարկվելիք հարցերի շրջանակը բավականին մեծ կլինի՝ ներքին քաղաքական խնդիրներ եւ այլն։ Կմշակվի ՀՅԴ հայաստանյան գործունեության պլատֆորմը։ Մեկ բան է, երբ քո քաղաքական ուղեգիծը ճշտում ես ընդդիմադիր կարգավիճակով, եւ այլ բան, երբ պաշտպանածդ թեկնածուն դառնում է նախագահ, ու ինքդ էլ մասնակից ես դառնում իշխանությանը, պետական կյանքին։ Այս վիճակը քայլերը նորովի ձեռնարկելու պահանջ է դնում։ Պետք է վերանայվեն որոշակի դիրքորոշումներ, կառույցը, կազմակերպական իմաստով, պետք է հարմարեցվի նոր քաղաքական իրավիճակին։ Այն հանգամանքը, որ պետական քաղաքականության մեջ արդեն իսկ առկա են ազգային քաղաքականության որոշակի մոտեցումներ՝ պետք է վերափոխումներ մտցնի մեր համահայկական կառույցի գործունեության մեջ նույնպես։ Այս ամենը պետք է քննարկվի մեր ժողովներում, մշակվի հնչելիք առաջարկների համադրմամբ եւ դառնա գործելակերպ։

-Որքան հասկանում եմ, ըստ էության, դուք ներկայացնում եք դաշնակցական շարքերի դժգոհությունը։ Գիտեմ, որ ՀՅԴ ժողովները, սովորաբար, թեժ ընթացք են ունենում։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենն ինչպես կարտահայտվի առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն ժողովում։

-Դիտարկումը ճիշտ է։ ՀՅԴ ժողովներն ինչ իրավիճակում էլ անցկացվեն, կուսակցությունը կասեցված լինի, թե ազատ գործելիս, երբեք սիմվոլիկ դեր չեն ունենում։ Դրանք մեկևերկու օրով անցկացվող արձանագրային միջոցառումներ չեն։ Մենք ապակենտրոն կազմակերպություն ենք։ Յուրաքանչյուր մարզային կառույց ժողովրդավարության մթնոլորտում ընտրում է իր պատգամավորներին, ճշտում նրանց կողմից Գերագույն ժողովում ներկայացվելիք բանաձեւերը, ինչին, բնականաբար, տարբեր տեսակետների բախումներ են հետեւում մեր ժողովներում։ Հաճախ դրանք դաժան բնույթի են լինում, սակայն վերջում ընդունվում է գործունեության ուղեգիծ, բանաձեւ, որոնց կատարումը պարտադիր է ոչ միայն նրանց համար, ովքեր կողմ են քվեարկել, այլեւ նրանց համար, ովքեր դեմ են արտահայտվել այդ բանաձեւերին։ Որոշումների հետապնդման իմաստով, մենք բավականին խստապահանջ ենք։ Կարծում եմ՝ այս ժողովն էլ բացառություն չի լինի, որովհետեւ իրավիճակը կտրուկ փոխվել է, իսկ Դաշնակցությունն առավել քան պատասխանատվություն է կրում հիմա, երբ ինքը եւս, այլ կուսակցությունների հետ միասին, պատասխանատվություն է կրում քաղաքական զարգացումների հաջողության համար։

-Պարոն Կարապետյան, ինձ հետաքրքրում է նաեւ ՀՅԴ տեսակետը վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Նկատի ունեմ մանավանդ խորհրդարանի վրա տարբեր կողմերից կատարվող հարձակումները։

-Մենք վաղուց ենք սեփական տեսակետն արտահայտել այս խորհրդարանի վերաբերյալ։ Այն լեգիտիմ բնույթ չունի։ Այն չի արտացոլում քաղաքական ուժերի իրական դասավորությունը Հայաստանում։ Հիշենք նաեւ, թե ինչպիսին էին ընտրությունները 1995-ին։ Այս ամենի արդյունքն այն է, որ ներկա խորհրդարանը չի կարող հարցերը լուծել այնպես, ինչպես որ դրանք պետք է լուծվեն։ Գործող ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, ինչը արտացոլվում է քվեարկությունների ժամանակ։ Հետեւաբար՝ չեմ կարծում, թե նախագահը պետք է այս խորհրդարանի պատանդը դառնա։ Պետք է շատ համարձակ քայլերի գնալ, օր առաջ է պետք ազատվել այս խորհրդարանից։ ԱԺ-ում հիմնականում գործադիր իշխանությանը մաս կազմող անձինքն են, իսկ նրանք, բնական է, չեն կարող սեփական գործունեությունը վերահսկել։

Մինչդեռ խորհրդարանը նաեւ վերահսկիչ գործառույթ ունի։ Խորհրդարանի լուծարման հրատապության անհրաժեշտությունը ցույց տվեց նաեւ Նվեր Չախոյանի վերաբերյալ կայացած քվեարկությունը։ Խնդիրն ամենեւին էլ Նվեր Չախոյանի անձը չէ։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ, արձանագրենք, որ դրանով, համենայնդեպս, խորհրդարանն իր էությունը բացահայտեց։ Իրենց էությունը բացահայտեցին նաեւ այն անձինք, ովքեր վաղը-մյուսօր իրենց տեսնում են նրա փոխարեն։ Այսպիսի խորհրդարան պահելը, որն, ըստ էության, հանցագործության մեջ մեղադրվողներին պատսպարողի դեր է կատարում, կարծում եմ՝ հակասում է ժողովրդի շահերին։

-Սակայն, երբ ընդունված չէ ընտրական օրենսգիրքը, ինչպե՞ս պետք է լուծվի նոր ընտրություն անցկացվելու հարցը։

-Ռուսաստանում նման նախադեպ արձանագրվել է, երբ լուծարվել է խորհրդարանը եւ ընտրությունն անցկացվել է նախագահի հրամանագրով։ Աստված չանի, որ այստեղ էլ այդպես լինի։ Լավ կլիներ, որ այս ԱԺևն մեկ լավ հուշ գոնե թողներ ժողովրդին՝ մինչ լուծարվելը ընդուներ ընտրական օրենսգիրքը՝ գոնե փոխզիջումային մի տարբերակ։ Ծայրահեղ դեպքում՝ կա Ռուսաստանի տարբերակը, եւ պետք է չէ երբեք քաղաքական կյանքը պատանդ դարձնել խորհրդարանի քմահաճույքներին։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930