Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԳԻՏԵԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Հունիս 27,1998 21:13

Պայքար՝ նաեւ ԶԼՄ-ների միջոցով

Երեկ «Թմրամիջոցների չարաշահման ու ապօրինի շրջանառության» միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում-ասուլիս։ Ինչպես նշված էր հրավերում, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կատիցա Չեկալովիչի եւ համապատասխան այլ մարմինների ներկայացուցիչների կողքին պետք է լիներ նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Սակայն վերջինիս փոխարինելու էր եկել փոխնախարար Հ. Հունանյանը։

Ասուլիսի սկզբում տիկին Կ. Չեկալովիչը հայտնեց, որ բացի վերոնշյալից, հունիսի 26-ը նաեւ «Խոշտանգման զոհերի պաշտպանության» միջազգային օրն է։ Եվ ընթերցվեց ՄԱԿևի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կողմից հղված ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Մենք պետք է երիտասարդներին օգնենք հասկանալ, որ ոչ մի գրավչություն չկա թմրամիջոցների օգտագործման մեջ… թմրամիջոցները դեպի ավելի լավ կյանք փախուստ չեն ստեղծում։ Այս ամսվա սկզբին քաղաքական առաջնորդները հանդիպեցին Նյու Յորքում, գլխավոր ասամբլեայի՝ թմրամիջոցների համաշխարհային խնդրին նվիրված հատուկ նստաշրջանում եւ հանձն առան մինչեւ 2008 թվականը նշանակալիորեն վերացնելու կամ նվազեցնելու թմրամիջոցների թե՛ ապօրինի մատակարարումը, թե՛ կիրառումը։ Այսօր ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կառավարություններին՝ ամեն տարի գործողություններ ձեռնարկել՝ ամենուր հաղթելու խոշտանգումները եւ խոշտանգողներին»։

Իր ելույթի սկզբում պրն Օսկանյանը կարեւորեց կազմակերպված միջոցառման նշանակությունը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի գրասենյակին, տիկին Կատիցա Չեկալովիչին եւ հյուրերին։ Վ. Օսկանյանը խոսեց Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանի մասին՝ նվիրված թմրադեղերի դեմ պայքարին, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ որի ժամանակ ելույթով հանդես է եկել նաեւ ինքը։ Պրն Օսկանյանի կարծիքով, հիշյալ խնդիրը բոլորիս օրակարգում պետք է լինի, «որովհետեւ թմրադեղն այսօր մեր հասարակության մեծագույն թշնամին է»։ Ինչպես նշեց արտգործնախարարը՝ թմրադեղերի դեմ պայքարն ունի երկու հիմնական ուղղություն։ «Մեկը առաջարկի կողմից է, մյուսը՝ պահանջարկի։

Մեր երկրի համար առաջարկի մասը վերաբերում է մեր երկիր մուտք գործած թմրադեղերին։ Իսկ մեր սահմանները պետք է լինեն նվազ թափանցիկ եւ ներքին գործերն ու ազգային անվտանգությունը երեւի ավելի լուրջ աշխատանք տանեն այնտեղ, որպեսզի նվազագույնի հասցնեն թմրադեղերի մուտքը Հայաստան»։ Այնուամենայնիվ, Վ. Օսկանյանն անհրաժեշտ է համարում ավելի մեծ ուշադրություն դարձնել պահանջարկի դեմ պայքարին, որը ՄԱԿևի հատուկ նստաշրջանի հիմնական կոչն է եղել։ Պահանջարկի դեմ պայքարի ամենակարեւոր օղակներից մեկը Վ. Օսկանյանը համարեց լրատվամիջոցները։

Հետաքրքիր էին ՆԳ փոխնախարար Հ. Հունանյանի տեսակետներն ու բերած փաստերը։ Նրա հավաստմամբ, թմրամոլությունը չարիքի մի եզակի տեսակ է, որի դեմ հնարավոր չէ պայքարել միայն ոստիկանների միջոցով։ Ուրախալի փաստ. տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, Հայաստանն այս առումով բարվոք վիճակում է, բայց «աճելու միտում կա»։ Եթե 70-ականներին թմրամոլները 30-40 հոգի էին, եւ ՆԳ-ում նրանց գիտեին անուն առ անուն, ապա այսօր նրանց թիվը հասնում է 20 հազարի։ Մեծացել է նաեւ ներթափանցման աշխարհագրությունը։ Փոխնախարարն ավելացրեց, որ մեզ մոտ կա նաեւ բուժման պրոբլեմը։ Եթե արեւմուտքում այն իրականացնելը խիստ հեշտ է, ապա մեզ մոտ դրա համար պետք է 700-800 դոլար։ Մեկտեղ պետք է փաստել, որ մեզ մոտ թմրանյութերն ունեն ամենաբարձր գներն աշխարհում (1գր-200-300 դոլար)։ Ի հավելումն փոխնախարարի խոսքի, պետք է նշել, որ Հայաստանում թմրամոլությունը ոչ թե հիվանդություն է, այլ հանցագործություն (ի  տարբերություն, ասենք, Հոլանդիայի, որտեղ թմրամոլի նկատմամբ չեն կիրառվում քրեաիրավական պատիժներ)։

Նոր քրեական օրենսգիրքն իր հերթին, ինչպես նշեց ԱԺ ներկայացուցիչը, խստացրել է թմրամոլության համար նախատեսված պատիժները։ Թեեւ պատժի խստությամբ չես կարող ազդել հանցագործությունների աճի վրա, բայց՝ «սա սպեցիֆիկ բնագավառ է. եթե մենք նախատեսենք ավելի մեղմ պատժատեսակներ, ապա վտանգ կա, որ Հայաստանը կդառնա թմրամիջոցների համար տարանցիկ գոտի»։
Այս պատճառով նախատեսվել են շատ խիստ սանկցիաներ՝ հաշվի առնելով, իհարկե, նաեւ ՄԱԿ-ի կողմից առաջարկած շատ դիտողություններ։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930