Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 27,1998 20:56

Թե՛ անցյալում եւ թե՛ մանավանդ այսօր շատերն են պնդել եւ պնդում, որ քաղաքականությունն ու անբարոյականությունն իրարից գրեթե անբաժան բաներ են։ Այդուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ թե՛ անցյալում եւ թե՛ հատկապես այսօր փորձել եւ փորձում են հակառակն ապացուցել։ Հակառակը պնդողներ, բնականաբար, կան, եւ բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին մեզանում քաղաքականությանը բարոյականություն խառնելու գրեթե բոլոր հաջող եւ անհաջող փորձերը հիմնականում կապված են նախ «Ղարաբաղ» կոմիտեի եւ ապա՝ ԱԺՄ-ի հետ։ Բայց նույն կոմիտեի եւ նույն ԱԺՄ-ի հետ է կապված նաեւ «չկան հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ, կան շահեր» քաղաքական իմաստասիրության վերահրատարակության հեղինակային իրավունքը, չնայած քաղաքականապես անվիճելի ու ճշմարիտ այս թեւավոր խոսքը, հասկանում եք, բարոյականություն հասկացողության հետ որեւէ աղերս չի կարող ունենալ։

Ստեպ-ստեպ քաղաքականություն ասվածը բարոյականության հետ է շփոթում նաեւ ինքը՝ նորին մեծություն ժողովուրդը, որը մերթ ընդ մերթ հանգում է այն պարզունակ տեսակետին, թե՝ իշխանությունները պարտավոր են ծառայել ժողովրդին։ Ահա այս կետում էր, որ մի քանի տարի «Ղարաբաղ» կոմիտեի եւ ժողովրդի, իսկ այնուհետեւ, եւս մի քանի տարի, ԱԺՄ-ի ու ժողովրդի տեսակետները համընկան իրար։ Արդյունքում՝ Թատերական հրապարակը վերաճեց Ազատության հրապարակի, ուր շարունակաբար կոփվեց վերջին տասնամյակի մեր քաղաքական միտքը։ Դժվար թե սույն հրապարակը գեթ մեկ անգամ մարդկանցով լեցուն լիներ, եթե չլիներ քաղաքականությունը որեւէ կերպ բարոյական չափանիշներին առնչելու մարդուս բուռն ու նվիրական ցանկությունը։ Եվ այս բնական ցանկությունը երբեմն այնպիսի սպառնալից ու պաթոլոգիկ աստիճանի էր հասնում, որ շատ հաճախ իրմով վարակում եւ իր հորձանքի մեջ էր առնում հարթակի վրա բոլորիս աչքի առաջ օրը ցերեկով քաղաքական գործիչ դարձողներին։ Ահա այդ կետից էր սկսվում միտինգավարների ու միտինգավորների բարեկամությունը, որը, ինչպես մեզ նախապես էին զգուշացրել, հավերժական լինել չէր կարող։

Յոթանասուն երկար ու ձիգ տարիներ քաղաքական գործիչներից որեւէ բարոյական լիցք չակնկալած ժողովուրդը (հայ ժողովուրդը) 1988-ին հանկարծ խստագույնս հայտնագործեց, որ քաղաքականությունը կոչվածը սերտորեն կապված է բարոյականության եւ, ասենք, սոցիալական արդարության հետ։ Եվ նմանապես յոթանասուն երկար ու ձիգ տարիներ իր բոլոր իրավունքները մոռացած ժողովուրդը (հայ ժողովուրդը) մեծադղորդ ու լայնամասշտաբ աղաղակով, դարձյալ նույն 88-ին, մեկից որոշեց տեր կանգնել իր անխտիր բոլոր իրավունքներին։
Ի՞նչն էր պատճառը։ Որ դա հիմնականում ու հատկապես կապված էր Գորբաչովի հանկարծակի հայտնության երեւույթի հետ՝ բոլորին է հայտնի։ Բայց առայժմ այնքան էլ հայտնի չէ, թե Գորբաչով երեւույթի արձագանքն ինչո՞ւ հենց հայոց մեջ տասնապատիկ լսելի եղավ, քան՝ ԽՍՀՄ մեկ այլ հանրապետությունում։ Այս հարցում, իհարկե, Արցախի ազատագրության գործոնը նույնպես հսկայական նշանակություն ուներ, բայց, այսուամենայնիվ, այլ որոշակի եւ որոշիչ գործոններ էլ կային։ Հենց թեկուզ բարոյականության ու հավատի գործոնը։
Հայերն առաջիններից էին, որ քրիստոնեությունը հռչակեցին պետական կրոն, քանզի քրիստոնեությունը լիուլի բարոյախոսություն ու բարոյականություն է ընդգրկում։ Եվ ճիշտ արեցին, որ հռչակեցին, քանզի քրիստոնեությունն էր ամենաառաջադիմականը, եւ հայոց ոսկե դարերը հենց այդ առաջադիմության նշաններն էին։

Երբ 20-րդ դարասկզբին կոմունիզմի ուրվականը շառաչուն քայլերով մոտեցավ Հայաստանին, մերոնց մեջ սույնին հավատացողներ ու ողջունողներ եղան, քանզի ուրվականն իր շուրթերին գեղեցիկ ու հեռահար խոստումներ ուներ։ Եվ շատ ճիշտ արեցին, որ հավատացին ու ողջունեցին, որովհետեւ այլ ելք եւ այլ հույս չունեին։ Եվ ամենակարեւորն այն էր, որ յոթանասուն տարի անց հայերն ուրվականի ուրվագծած ուղուց ուղեգորգի վրայով ուղղվեցին դեպի անկախություն։ Եվ դարձյալ առաջիններից էին, որ տեղ հասան, քանզի պերեստրոյկա կոչվածին առաջինն էին հավատացել։ Եվ ճիշտ էին արել, որ հավատացել էին, այլապես դժվար թե այսօր Արցախն ազատագրված լիներ։
Մի խոսքով, ինչ սխալ անում ենք՝ ճիշտ է ստացվում։ Կնշանակի՝ սխալ չի եղել։ Ավարտելով պաթետիկ ոճը՝ ուրախությամբ հիշենք, որ մենք ոչ միայն օտարներին ենք հավատում, այլեւ՝ մերոնց։ Հատկապես վերջերս. մեր ընտրածները՝ նախագահներ եւ պատգամավորներ, բացառապես հայեր են եղել։ Ավելին՝ բոլորս էլ ուզում ենք, որ հատկապես հայերը ղեկավարեն մեզ։ Եվ նրանց նույնպես խիստ ենք հավատում։

Համենայնդեպս, վերջին տարիներին ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցողներից քչերին է հաջողվել չարժանանալ մեր վստահությանը։ Ի սկզբանե հավատացել ենք նրանց բոլորի բարոյականությանը, քանզի նրանցից եւ ոչ մեկը մեզ չի զգուշացրել, որ պաշտոն ստանձնելուց հետո թալանով է զբաղվելու։ Եվ կամ՝ պատգամավոր դառնալուց հետո կողմ է քվեարկելու կոնյակի գործարանի վաճառքին։ Ի դեպ՝ այս վաճառքի մասին։ Սոս Սարգսյանը, Սարգիս Մուրադյանը, Ռուբեն Հովսեփյանն ու Զորի Բալայանը, նախընտրական փուլում սատարած լինելով Քոչարյանին, այդուամենայնիվ, միանշանակ դեմ են կոնյակի գործարքին. դրանով նրանք ոչ թե փրկում են ժողովրդին կամ գործարանը (քանզի գործարանն արդեն ծախված է), այլ՝ մտավորականի իրենց պատիվն ու կոչումը, ինչպես նաեւ՝ արժանապատվությունը։

Մտավորականների, գործիչների ու պաշտոնյաների մի այլ խումբ սույն գործարքը համարում է մեզ համար խիստ շահավետ՝ դրանում անխոնջ համոզելով ոչ միայն իրենք իրենց, այլեւ՝ մեզ։ Երրորդ խումբը նրանք են, ովքեր ժամանակին ոչ պակաս էժան գներով առել կամ ծախել են այլ գործարաններ, բայց կտրականապես դեմ են, որ նոր իշխանավորներն էլ այդ գործով զբաղվեն։ Չորրորդ խումբն, այնուամենայնիվ, մտածում է շատ ավելի հայերեն. «Լեւոնի վախտով որ թալանում էին, ինչի՞ ձեն չէիք հանում. դե ուրեմն՝ հիմի էլ սուս մնացեք»։ Կան նաեւ հինգերորդ, վեցերորդ եւ այլ խմբեր ու մտածելակերպեր։ Ամենակարեւորն այն է, որ նրանք բոլորն էլ խոսում են ազգի անունից, ազգի շահերից եւ հանդես են գալիս՝ որպես բարոյականության անխոնջ կրողներ։ Խոսում են, քանզի դեռեւս լսողներ ու հավատացողներ կան, եւ ամենակարեւորը՝ առջեւում նոր ընտրություններն են։

Երբ անցյալ տարի ոմանք, այդ թվում նաեւ Սոս Սարգսյանը, Մաշտոցի ու Խորենացու մեդալներ ստացան, որոշ մարդիկ աղաղակեցին թե՝ ինչպե՞ս կարելի է ոչ լեգիտիմ մի մարդուց մրցանակ ստանալ եւ այն էլ՝ այս օրերին, երբ ժողովուրդը թշվառ վիճակում է։ Այս տարի այդ աղաղակողներից ոմանք սուսուփուս գնացին ու իրենց փայ մեդալներն ստացան՝ հավանաբար համոզված, որ ժողովուրդն արդեն հիմնավորապես դուրս է եկել թշվառ վիճակից։Տպավորություն կա, որ մենք, լինելով քրիստոնյա, հիմնովին սերտել ենք բոլոր պատվիրաններն ու հորդորները, բացի «մի՛ դատիր, որ չդատվես»-ից։

Շտապեմ դադարեցնել իմ այս ելույթը, այլապես կլինեն մարդիկ, որ ինձ էլ կմեղադրեն «դատելու» առումով, չնայածես  դեռեւս չեմ ասել, թե որեւէ մեկից լավն եմ, եւ չեմ ասել, թե յուրաքանչյուր քայլս ազգի շահերից մղվելով եմ գցում, եւ, նամանավանդ, երբեւէ չեմ ասել՝ եթե ինձ Խորենացու մեդալ տան՝ կհրաժարվեմ։ Թող տան՝ այդ ժամանակ կերեւա։ Թե չէ՝ չեղած բանից ո՞նց կարող ես հրաժարվել։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930