«Մենք Չուկոտկայում գործարաններ կկառուցենք, որպեսզի Չուկոտկայում լինի սեփական պրոլետարիատ» – («Չուկոտկայի պետը» ֆիլմից)։
Պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Մոսկվայում բնակվող հայերի թիվը մոտավորապես կազմում է 1 մլն եւ ավելի։ Թվերը մեջ են բերվում տարբեր առիթներով, տարբեր տրամադրվածությամբ եւ ենթատեքստով, ինչն էլ, թերեւս, թվային տվյալների այսքան մեծ տարբերության պատճառն է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե գոնե մոտավորապես քանի հայ կամ Հայաստանի քաղաքացի է բնակվում Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հարուստ եւ առատ քաղաքի տեմպն ինքնին հրապուրող է, գրավիչ, ինչն էլ ապրուստի միջոց հայթայթել ցանկացող Ռուսաստան մեկնած հայերի ճնշող մեծամասնության այս մեգապոլիսում կենտրոնանալու պատճառն է։ Թե ինչպես են վերաբերվում տեղաբնակները «եկածներին», դժվար է ասել. մի խոսքով՝ տարբեր կերպ։ Հոդվածի նպատակը ավելի շատ մեր նկատմամբ ունեցած մեր իսկ վերաբերմունքն է։ Բոլորից շատ հայկական շրջապատում կարելի է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «հայերի հետ գործ բռնել չի կարելի», «հայերը խաբող են», «հայերը գցող են», վատն են, շատ վատն են… Համարենք, որ այս ամենը մենք էլ ասացինք, իսկ հիմա փորձենք գտնել հայկական ներկայացուցչությունների եւ կազմակերպությունների, տարբեր խմբերի արածի եւ էության դրական կողմերը, փորձելով միաժամանակ բացատրել այն պատճառները, որոնք վերը նշված արտահայտությունների տեղիք են տալիս։ Ինչպես Մարքսը կասեր՝ կփորձենք իրավիճակի մեջ տեսնել «ռացիոնալ հատիկը»։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև
Քանի որ ՀՀ դեսպանությունը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունն է եւ, բնականաբար, առավելագույն հայհոյանքների թիրախը, սկսենք այնտեղից։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության աշխատանքային կյանքը փաստորեն սկսվեց անցյալ տարվա օգոստոսից։ Ազգագրագետ եւ արվեստաբան շատ հարգարժան Յուրի Մկրտումյանին ՀՀ դեսպանի պաշտոնում փոխարինելու եկավ տնտեսական ակտիվ կենսագրությամբ նախկին պետնախարար Գագիկ Շահբազյանը, որին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց պասիվ եւ կիսամեռ կառույցը վերափոխել ակտիվ եւ պրակտիկ աշխատող ներկայացուցչության։ Տողերիս հեղինակը անձամբ է ներկա եղել եւ կողքից դիտողի դերում հրճվել դեսպանության ներսում ստեղծված օգոստոսյան խուճապից։
«Առողջարանային» հանգստի եկած հայ դիվանագետների մի զգալի մասն անմիջապես հասկացավ, որ այժմ պետք է աշխատել եւ աշխատել արագ. վերջ հանգստին։ Զուտ ներկայացուցչական գործառույթներին, որոնցով մինչ այդ զբաղվում էր դեսպանատունը, ավելացան տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ ուղղություններում աշխատանքները, որոնց տեմպն ինքնին սկսեց տարբերվել նախկինից։ Այլեւս դժվար էր տեսնել ժամը 17-ին «վաստակած» հանգստի գնացող հայ դիվանագետներին։ Աշխատել սկսեցին այնքան, ինչքան պետք է՝ նույնիսկ մինչեւ կեսգիշեր։ Բնական է, նախկին տեմպին սովոր շատ աշխատակիցներ պարզապես հրաժեշտ տվեցին իրենց այդքան նախասիրած զբաղմունքին. առանձնասենյակում նստած թերթ կարդալուն եւ շատ «խորիմաստ» եզրակացություններ անելուն։
Դժգոհները, իհարկե, շատ են։ Սրանց մեծամասնությունն այն մարդիկ են, որոնք կամ արդեն դուրս են հրավիրվել դեսպանությունում աշխատելուց, կամ երբեք այնտեղ չեն աշխատել, բայց դրա մասին երազել են ողջ կյանքում եւ իրենց չեն պատկերացնում Լազարյանների տան պատերից դուրս, կամ էլ այն մարդիկ, որոնք, չգիտես թե ինչու, համոզված են, որ դեսպանությունը պարտավոր է լուծել իրենց առջեւ ծառացած անձնական խնդիրները։
Հայկական ավիաուղիների մոսկովյան ներկայացուցչություն
Սա հայաստանյան ամենակարեւոր կառույցներից մեկն է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նախկինում իրավիճակը մոտավորապես հետեւյալն էր. տոմս վաճառելու գործակալ լինելու իրավունք միահեծան կերպով ստացել էին միայն նախկին ներկայացուցիչ Մարության Վալտերի բարեկամների ստեղծած ֆիրմաները։ Միահեծանությունը բերել էր տոմսերի սպեկուլյացիայով զբաղվող մի ամբողջ կաստայի ստեղծման։ Սրանք վխտում էին վերոնշյալ ֆիրմաների գանձարկղերի մոտ եւ օդանավակայանում։ Վերջիններիս համար բավական ծանր հարված էր Հայկական ավիաուղիների ներկայիս գործադիր տնօրենի տեղակալ Արտուշ Սիմոնյանի նշանակումը որպես Մոսկվայում ավիաընկերության ներկայացուցիչ։
Վերջինս, հաշված ամիսների ընթացքում ստեղծեց Հայկական ավիաուղիների գործակալների լայն եւ մրցունակ ցանց, խիստ բարձրացրեց հայկական նշանը կրող ավիաընկերության վարկը, արմատախիլ արեց սպեկուլյանտներին։ Նրա օրոք Հայկական ավիաուղիները սկսեց մեծ հաջողությամբ մրցել այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են «Աերոֆլոտն» ու «Վնուկովյան ավիաուղիները»։ Էստաֆետը ներկայումս հանձնված է Նորայր Բելույանին, որն իր նախորդի նման ամենակոշտ ձեւով թույլ չի տալիս, որպեսզի վերավաճառողներն անցնեն իրենց շատ սիրելի զբաղմունքին։
Իհարկե, այս առումով դժգոհություններ կարելի է լսել, բայց դժգոհողներից դեռ ոչ ոք չի նշել իր անունը՝ նույնիսկ ավիաընկերության ներկայացուցչության կողմից ավել գնով տոմս վաճառողին քրեական պատասխանատվության ենթարկելու պատրաստակամություն հայտնելու դեպքում։ Հայկական բնավորության գծերից մեկն էլ այս առումով դրսեւորվում է ռուս մաքսավորի հետ լեզու չգտնելու դեպքում Հայկական ավիաուղիներին հայհոյելու մեջ։ Ինչ վերաբերում է զուտ ներկայացուցչությանը, տողերի հեղինակը, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում է, որ այնքան լավ, որքան այսօր աշխատում են Հայկական ավիաուղիները Մոսկվայում, լավ կլիներ, որ աշխատեին նաեւ հայկական մյուս կառույցների ներկայացուցչությունները։
Հայկական լոբբինգ
Հայկական լոբբիստական կառույցները Մոսկվայում բավական ակտիվ գործունեություն են ծավալել։ Այս առումով, առաջին հերթին պետք է նշել ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Սեյրան Բաղդասարյանի ղեկավարած Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամը։ Հիմնադրամն ահռելի աշխատանք է կատարում Ռուսաստանի քաղաքական շրջանակներին հայկական տեսակետները ներկայացնելու, բացատրելու, եւ ըստ այդմ, այդ շրջանակների հայանպաստ դիրքորոշումը ապահովելու գործում։ Դրանից բացի, Սեյրան Բաղդասարյանն իր ակտիվ գործունեության շնորհիվ մեծ հարգանք է վայելում Ռուսաստանի ամենահեռանկարային երիտասարդ քաղաքական գործիչների շրջանակում, ինչը, թերեւս, կարող է առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ հարաբերություններում Բաղդասարյանին դարձնել կարեւորագույն քաղաքական գործիչներից մեկը, եթե ոչ միակը։
Հարկ է նշել նաեւ Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կատարած աշխատանքը տեղի հայ համայնքի կազմակերպման գործում։ Օրինակի համար նշենք՝ վերջերս Մոսկվայում ստեղծվեց մոսկվահայ մտավորականների խորհուրդը, որի կազմակերպիչներն են նույն Սեյրան Բաղդասարյանը եւ Մոսկվայի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանը։
Մյուս կարեւորագույն եւ ակտիվ գործող լոբբիստական կառույցը Արկադի Վարդանյանի ղեկավարած Ռուս-հայկական նախաձեռնությունների հիմնադրամն էր, որը, ցավոք, վերջին շրջանում դադարեցրեց իր գործունեությունը։ Չնայած այդ փաստին, հարկ է նշել, որ այս կառույցը իր շուրջն էր հավաքել ռուս մտավորականների բավական մեծ խումբ, որոնք հայանպաստ հասարակական կարծիք ստեղծելու գործում բավական մեծ ավանդ ունեցան։ Այս հիմնադրամի շուրջ քիչ չէին նաեւ բավական հայտնի քաղաքական գործիչներ, որոնք նույնպես իրենց հնարավորության սահմաններում նպաստեցին Հայաստանին՝ ստեղծված գերբարդ իրավիճակներում։ Նորից եմ նշում, Արկադի Վարդանյանի ղեկավարած հիմնադրամի դերն այստեղ չի կարելի երկրորդական համարել։
Բիզնեսմեններ
Հայ բիզնեսմենները Մոսկվայում շատ են։ Սրանք հիմնականում աշխատում են կամ առանձինևառանձին, կամ փոքր խմբերով։ Նրանց անկազմակերպվածության մասին տեղի հայերի մեջ լեգենդներ են պտտվում։ Հիմնականում սրանք ոչ այնքան ամուր ոտքի կանգնած, ոչ այնքան հարուստ անհատներ են, որոնք, ինչպես իրենք են ասում՝ «Մի տուն Մոսկվայում են պահում, հինգը՝ Հայաստանում»։ Կան նաեւ իսկապես հզոր գործարարներ։ Սրանց մի մասն ամենեւին չի ուզում առնչություն ունենալ Հայաստանի եւ տեղի հայության հետ, իսկ մի շատ փոքրաթիվ մասը՝ ընդհակառակը՝ փորձում է հնարավորության սահմաններում օգտակար լինել Հայաստանին, օգնել տեղի հայությանը։ Այս առումով, թերեւս ամենաբնորոշ գործարարը «Սրետենկա» ասոցիացիայի նախագահ Լեւոն Հովհաննիսյանն է։
Զբաղվելով բազմաճյուղ գործարարությամբ, Մոսկվայի քաղաքային իշխանությունների եւ խոշոր ձեռներեցների շրջանակում մեծ հարգանք վայելելով, նա ահռելի թվով հայերի ոտքի կանգնելու հնարավորություն է տալիս։ Չեմ ճանաչում նրա հետ երբեւէ շփված մի հայի, որն այս կամ այն կերպ նրանից օգնություն ստացած չլինի։ Թերեւս Լեւոն Հովհաննիսյանը միակ հայն է, որի հասցեին հայկական շրջանակներում ոչ մի բացասական խոսք չի հնչում։
Մոսկվայի հայկական համայնք
Ինքնին համայնքային կառույց Մոսկվայում կարելի է ասել գոյություն չունի։ Տեղի հայության միակ հավաքի կետը հայկական եկեղեցին է։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անում է եկեղեցին պատշաճ վիճակի բերելու եւ նրա շուրջը հայ համայնքին ինչևոր չափով խմբավորելու համար։ Սրբազանը չի զլանում այս կամ այն խնդրով իրեն դիմող հայերին ուժերի ներածին չափ օգնելու համար։ Եվ թերեւս սա է պատճառը, որ նա Մոսկվայում գտվող միակ հայն է, որն անվերապահ հեղինակություն ունի բոլոր հայերի մոտ։ Թեպետ, իհարկե, նրանից բամբասողներ էլ են գտնվում։
Մայիսի 21-ին հայ համայնքի կյանքում տեղի ունեցավ մի արտառոց երեւույթ, որի մասին, ցավոք, չգրվեց հայկական մամուլում (տողերիս հեղինակի ուղարկած լուրը, տեխնիկական պատճառներով, չհասավ հասցեատիրոջը)։ Խոսքը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցելության մասին է։ Ռուսաստանի մի շարք քաղաքական գործիչների հետ հանդիպումների ընթացքում նա ժամանակ գտավ տեղի հայ մտավորականությանը եւ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու համար։
Առաջին անգամ ռուսաստանյան գրեթե միլիոնանոց սփյուռքի ներկայացուցիչները լսեցին խոսքեր, որոնց ընդհանուր հայտարարը հետեւյալն էր. «Մենք միասին ենք, Դուք հայրենիքին պետք եք»։ Պետք է տեսնել Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչների սեփական պետության կողմից մշտական արհամարհվածությունը, որպեսզի հնարավոր լինի գնահատել այս խոսքերի իրական արժեքը։ Թերեւս Մոսկվայի հայության ամենաբազմազան զանգվածը կազմում է 60-ականների երիտասարդ մտավորականների սերունդը։ Սրանցից շատ քչերին է հաջողվում ըստ մասնագիտության աշխատել Մոսկվայում։ Նրանց զգալի մեծամասնությունը բռնում է մոսկովյան հայերի համար ստանդարտ ճանապարհը. որեւէ առեւտրի կետ, ոստիկանների հետ հավերժական «պախկվոցի», մշտական եւ բազում պրոբլեմներ, եւ ոչ մի ապագա։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մոսկվա-Երեւան