Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՉ ԹԵ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ ԳՐԵՆՔ, ԱՅԼ ԿՈԿՏԵՅԼՆԵՐԻ

Հունիս 27,1998 19:28

Շաբաթ է, շոգ։ Հանգստյան հնարավորություններ առաջարկող ֆիրմաների գովազդներից բացի, ուրիշ ոչինչ հաճույքով չես ընթերցում։ Կտրուկ բարձրացել է բացօթյա սրճարանների վարկանիշը։ Դրանցից մեկն էլ նախկին «Ֆլորա» կամ «Ակվարիում» սրճարանն է, որի առաջին հարկը ժամանակի շնչով մե՛կ բարեգործական սրճարան դարձավ, մե՛կ տոնավաճառ, այժմ էլ «Բինգո» է։ Իսկ երկրորդ հարկում «Հայնեկեն» գարեջրատունն է, որտեղ արտառոց անունով կոկտեյլներ հայտնաբերեցինք։
cocktail 911Առաջինը «911» կոկտեյլն էր, որի անվանումը հետեւյալ զվարճապատումը հիշեցրեց. Նոր ռուսը բարմենին պատվիրում է կոկտեյլ «911», խմում է եւ գոռում՝ «Ա՜-ա՜»։ Մեկ այլ նոր ռուս հետ չընկնելու համար ինքն էլ է պատվիրում, բայց երբ համոզվում է, որ խմածը մի առանձնահատուկ բան չէ՝ մյուսից հետաքրքրվում է, թե ինչու է այդ կոկտեյլը «911» կոչվում։ «Իսկ դա գինն է»,- պատասխանում է առաջինը, որից հետո այս մեկն էլ է գոռում. «Ա՜-ա՜»։

Բնականաբար, այստեղ խոսքը դոլարային գնի մասին էր, իսկ մեր «911»-ի դիմաց գնացուցակում 1500 դրամ արժեքն էր նշված, ուստիեւ սկսեցինք այլ տարբերակներ մտմտալ, թե միգուցե կոկտեյլն այսպես են անվանել, քանզի խմելուց հետո պետք կլինի փրկության հեռախոս «911»-ի օգնությո՞ւնը։

Առավել դառը խորհրդածությունների տեղիք տվեց «Մահ անապատում» անունով նույնարժեք կոկտեյլը։ Վերհիշեցինք «Փոթորիկ անապատում» գործողությունն ամենայն մանրամասնությամբ, բայց կոկտեյլը չպատվիրեցինք, քանզի՝ ճիշտ է, այս շոգից դատելով՝ Երեւանն անապատ դառնալու դանդաղ, բայց հաստատուն ճանապարհին է, այնուամենայնիվ, ոչ ոք չէր ցանկանում մեռնել։ Այստեղ ընդամենը 1000 դրամով կարող էիր «Մուլատկային» եւ «Նաոմի Քեմփբելին» տիրանալ։ Վերջինիս պոդիումի վրա անցկացրած մեկ րոպեն աստղաբաշխական գումարներով է գնահատվում, իսկ այս սրճարանում ահա ինչ-որ «Ջուլիա» նրանից 500 դրամով ավելի թանկ է։ Այստեղ նույնչափ էժան են գնահատվում նաեւ «Երկնագույն աչիկները»։ Փոխարենը կրկնակի թանկ է «Պրեզիդենտ» կոկտեյլը, ընդամենը 2000 դրամ վճարելով՝ կարող եք ըմբոշխնել այդ պաշտոնի ողջ քաղցրությունը՝ ցմրուր։

Այնուամենայնիվ, մենք ռուսամետ ժողովուրդ ենք։ Ապացույցը նաեւ այն է, որ այստեղ «Ամերիկանո» կոկտեյլն ընդամենը 1000 դրամ արժեր, իսկ, ասենք, «Սեւ ռուս» անվանյալ ըմպելիքը 1200 դրամ էր։ Թե ինչո՞ւ էր այն «Սեւ ռուս» կոչվում, մատուցողից այդպես էլ չկարողացանք պարզել։ Պարտիզանի պես նա լռեց նաեւ այն մասին, թե հատկապես ինչո՞ւ էին մի կոկտեյլի «Բ-52» անունը կպցրել, եւ այդ ինչպե՞ս էր ստացվել, որ այդ «Բ»-ն ընդամենը 2000 դրամ արժեր։
black-russian-1Առավել հետաքրքրասեր ընթերցողների մոտ գուցե հարց առաջանա, թե, ի վերջո, ինչ էինք պատվիրել այդ սրճարանում։ «Նաոմի Քեմփբելին» եւ «Սեւ ռուսը» ճաշակելուց հետո համոզվեցինք, որ այդ կոկտեյլների առանձնահատկությունները միայն դրանց անվանումներն ու գույներն էին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ.Գ. Մինչ պատրաստվում էր հրապարակումը՝ պարզվեց, որ «Midnight beast» (Կեսգիշերային գազան) սրճարանում հետեւյալ կոկտեյլացանկն է. «Նեգր», «Սպիտակ լեդի», «Սավանների մեջ», «Սեքսը ծովափին» եւ «Կրկնակի հեշտանք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930